18:19  ,  12 սեպտեմբերի, 2014

Արսեն Ջուլֆալակյան. Միակ ցանկությունս մնում է օլիմպիական ոսկե մեդալը

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի Առաջին ալիքի ուղիղ եթերում Տաշքենդից շնորհակալություն է հայտնել բոլոր հայ մարզասերներին եւ հայ ժողովրդին աջակցության համար:

«Աննկարագրելի զգացողություն է: Ինչքան էի սպասել այս հաղթանակին: Ամեն անգամ երկրորդն էի. զգում ես, որ ուժեղ ես, բայց չի ստացվում, ինչ-որ բան խանգարում է: Այս անգամ 100 տոկոս կենտրոնացում էր: Առաջինը՝ շնորհակալություն Աստծուն, հետո՝ մորս եւ կնոջս, ընտանիքիս, հորս, սպորտի նախարարությանը, ՀԱՕԿ-ին, ընկերներիս: Հոգով սրտով բոլորդ ինձ հետ եք, ես ձեզ հետ եմ:

Սպորտը հասցնում է քեզ մինչեւ հոգեկան հիվանդի աստիճանի, երբ ամեն անգամ մի բան խանգարում է հաղթանակին: Եթե չհաղթեի, չգիտեմ, թե ինչ կկատարվեր ինձ հետ: Կյանքիս նպատակն էր սա: Այս անգամ չեք պատկերացնի, թե ինչքան կենտրոնացած էի:

Շնորհակալություն եմ հայտնում հայ ժողովրդին, որը յուրահատուկ է ուրախանում եւ ոգեւորում: Միակ ցանկությունը մնում է օլիմպիական ոսկե մեդալը»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն եւ փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում պայքարեց խորվաթ Նեւեն Զուգայի հետ: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում խորվաթ ըմբիշը դիմեց կոշտ պայքարի, գլխով հարվածների, սակայն Արսեն Ջուլֆալակյանը վստահորեն դիմադրեց եւ պահպանեց առավելությունը՝ առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 

Առաջին գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի նկատմամբ, 1/8 եզրափակիչում 12։1 հաշվով պարտության մատնել ավստրիացի Ֆլորիան Մարխլին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվել մեքսիկացի Խուան Էսկոբարից։ Եզրափակիչի ուղեգրի համար Ջուլֆալակյանըպարտության էր մատնել վրացի Զուրաբի Դատունաշվիլին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում