23:35  ,  7 սեպտեմբերի, 2014

Մորտեն Օլսեն. Հենրիխ Մխիթարյանի փոխարինումն օգնեց մեզ

Հայաստանի հավաքականը խաղում էր հինգ պաշտպանով, իսկ այդպիսի թիմի դեմ խաղալը դժվար է:

Այս մասին Եվրո-2016-ի ընտրական փուլի առաջին տուրում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո ասաց դանիացիների գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը:

«Հայաստանը մեզ համար միշտ էլ դժվար մրցակից է: Նրանք շատ կոմպակտ էին հանդես գալիս, ինչը դժվարացնում էր մեր խաղը: Կարելի է ասել, որ Հենրիխ Մխիթարյանի փոխարինումը մեզ օգնեց կառուցել մեր խաղն այնպես, ինչպես ցանկացանք: Երբ թիմում կա այդպիսի կարեւոր ֆուտբոլիստ եւ նրա փոխարինումը ամեն բան փոխում է, դա պետք է օգներ մեզ: Հայաստանի հավաքականն այս մեկ տարում փոխել էր իր խաղաոճը: Նրանք արդեն խաղում են հինգ պաշտպանով: Այդպիսի թիմի դեմ խաղալը դժվար է: Մենք առաջին խաղակեսում վերահսկում էինք գնդակը, իսկ երբ նրանք հենց առաջին հնարավարությունը վերածեցին գոլի, դա մեծ անակնկալ էր մեզ համար:

Այս խաղում հայերը ներդրեցին ամեն բան: Այնպես չէ, որ մեր թիմի խաղից շատ գոհ եմ, բայց ինձ գոհացրեց մեր թիմի ոգին, քաջությունը: Ես տեսա, որ հոգեբանորեն մենք վերականգնվում ենք: Բենդտները, իսկապես, արդարացրեց իրեն: Կային ֆուտբոլիստներ, ովքեր չարդարացրին սպասելիքները: Եթե անուններ եք ցանկանում, ապա նրանցից մեկը Կրիստիան Էրիկսենն էր»,- ասաց Մորտեն Օլսենը:

Հիշեցնենք, որ Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ երկրորդ խաղակեսում բացեց հաշիվը, սակայն այնուհետեւ բաց թողեց 2 գոլ: Դա շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդի առաջին պաշտոնական խաղն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Վերա Մարտիրոսյան՝ Կոպենհագենից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով