21:49  ,  7 սեպտեմբերի, 2014

Եվրո-2016. Դանիացիները կամային հաղթանակ տարան Հայաստանի հավաքականի նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլում: Առաջին տուրում Հայաստանի թիմն արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց դանիացիներին, ովքեր տարան կամային հաղթանակ:

Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Մեկնարկային 45 րոպեներին դանիացիների ֆուտբոլն ավելի լավն էր: Դաշտի տերերն ունեին տարածքային ու խաղային նկատելի առավելություն, սակայն չէին կարողանում ստեղծել իրական գոլային պահեր: 5 պաշտպաններով հանդես եկող Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում հազվադեպ էր մոտենում մրցակցի դարպասին, որի ուղղությամբ չկատարեց ոչ մի հարված: Դանիացիներն անցկացրին մի քանի վտանգավոր գրոհներ, բայց միայն մեկ անգամ անհանգստացրին Ռոման Բերեզովսկուն, երբ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահը հետ մղեց Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի կատարած հարվածը: Հյուրերի կենտրոնական հարձակվողի դիրքում խաղում է Հենրիխ Մխիթարյանը, ով միայնակ էր առջեւի գծում եւ չէր կարողանում սրություն ստեղծել:

Ընդմիջումից հետո պատկերը փոխվեց: Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց երկրորդ խաղակեսը եւ 50-րդ րոպեին բացեց հաշիվը: Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ ապացուցեց իր բարձր կարգը՝ առաջ մղելով հյուրերին: Խփած գոլից հետո Հայաստանի թիմն ավելի վստահ էր գործում, իսկ դանիացիները սկսում էին սխալվել: 65-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը: Դանիայի պատասխան գոլը ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում խփեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգը: 71-րդ րոպեին Բեռնար Շալանդն անսպասելիորեն փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին՝ խաղադաշտ դուրս բերելով Մարկոս Պիզելիին: Մի պահ թվաց, թե դանիացիները բաց են թողել առավելությունը, սակայն նրանք վերջնամասում դարձյալ մեծացրին ճնշումը՝ առաջ անցնելով հաշվի մեջ: Ռոման Բերեզովսկու դարպասը երկրորդ գնդակն ուղարկեց փոխարինման դուրս եկած Տոմաս Կալենբերգը, ով աչքի ընկավ 80-րդ րոպեին: Մնացած ժամանակահատվածում Մորտեն Օլսենի թիմը, չցանկանալով ռիսկի դիմել, ոչ մեծ դժվարությամբ պահպանեց հաղթական հաշիվը, քանի որ Հայաստանի թիմը չէր փորձում մեծ ուժերով նետվել խաղը փրկելու:

Սա Բեռնար Շալանդի առաջին պաշտոնական խաղն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Եվրո-2016-ի հաջորդ խաղում Հայաստանի թիմը հոկտեմբերի 11-ին Երեւանում կընդունի սերբերին: Սեպտեմբերի 3-ին Շալանդի թիմը Ռիգայում ընկերական խաղում 0:2 հաշվով պարտվել էր լատվիացիներին:

Եվրո-2016, ընտրական մրցաշար, առաջին տուր

I խումբ

Դանիա – Հայաստան՝ 2:1

Պյեր-Էմիլ Հոյբերգ, 65, Տոմաս Կալենբերգ, 80 – Հենրիխ Մխիթարյան, 50

Դանիա. Կասպեր Շմեյխել («Լեյսթեր»), Պետեր Անկերսեն («Զալցբուրգ»), Անդրեաս Բյելանդ («Տվենտե»), Սիմոն Կյաեր («Լիլ», Յորես Օկորե, 57), Նիկոլայ Բոյլեսեն («Այաքս»), Պյեր-Էմիլ Հոյբերգ («Բավարիա»), Ուիլյամ Կվիստ («Շտուտգարտ», Տոմաս Կալենբերգ, 74), Լասե Շյոնե («Այաքս», Լասե Վիբե, 57), Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»), Միկայել Կրոն Դելի («Սելտա»), Նիկլաս Բենդտներ («Վոլֆսբուրգ»): 

Հայաստան. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Տարոն Ոսկանյան, 66), Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան, Ռումյան Հովսեփյան, Գեւորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան (Արտակ Դաշյան, 85), Հենրիխ Մխիթարյան (Մարկոս Պիցելի, 71): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս