15:04  ,  27 օգոստոսի, 2014

Սյուզի Կենտիկյան. Նպատակ ունեմ 2015-ին Հայաստանում բացել բռնցքամարտի կանանց մարզադպրոց

Եթե մի օր որոշեմ թողնել բռնցքամարտը եւ լքել ռինգը, ապա դա կլինի միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսով: Բայց դեռ չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին, դեռ երկու տարի ցանկանում եմ ռինգ դուրս գալ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, ով այս օրերին Երեւանում է:

Սյուզի Կենտիկյանը Հայաստան է ժամանել ընտանիքի անդամների հետ հանգստանալու նպատակով: Օգոստոսի 27-ին աշխարհի չեմպիոնին ընդունել է Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, իսկ հետո բռնցքամարտիկը հանդիպեց լրագրողների հետ:

«Արդեն մի քանի օր է հայրենիքում եմ: Շատ կարոտել էի Երեւանը: Վերջին անգամ Հայաստան եկել էի չորս տարի առաջ: Այս տարի որոշեցի, որ անպայման պետք է գամ հայրենիք, կարոտս առնեմ իմ հարազատներից, Հայաստանից: Բայց շատ ծանր օրացույցով եմ անցկացնում հանգստյանս օրերը՝ հանդիպումներ, հարցազրույցներ: Շատ լավ ու հաճելի հանդիպումներ եմ ունեցել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Շատ զգացված եմ բոլոր այդ հանդիպումներից, քանի որ արժանացել եմ ջերմ ընդունելության: Գագիկ Ծառուկյանն ինձ նվիրեց 130 տարվա կոնյակ, որը ես կբացեմ իմ ամուսնության օրը: ՀԱՕԿ նախագահը եւ Հրանուշ Հակոբյանը խոստացան հնարավորության դեպքում նոյեմբերին ներկա գտնվել իմ հաջորդ մենամարտին: Ես շատ ուրախ կլինեմ, քանի որ դա շատ կարեւոր մենամարտ է լինելու ինձ համար: Ես պաշտպանելու եմ տիտղոսս: Եվ եթե Աստված տա հաղթանակն իմը լինի, ես այն նվիրելու եմ Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Գերմանիա վերադառնալուն պես մեծ ուժով սկսելու եմ մարզումներս՝ արդեն հանգստացած, ուժերս հավաքած: Գերմանիայում ունեմ շատ կարեւոր մի գործ եւս: Իմ մասին նկարահանվելու է ֆիլմ գերմանական ինտերնետային առաջատար կայքերից մեկի նախաձեռնությամբ: Այդ ֆիլմը պատմելու է իմ՝ Հայաստան այցելության, իմ հանդիպումների մասին, ներկայացվելու է, թե ինչպես են ինձ ընդունում սիրում եւ հայրենիքում: 20 օրից այդ ֆիլմը կցուցադրվի համացանցում: Ինձ համար դա մեծ պատիվ է, որ ամբողջ Գերմանիան նորից լսելու է իմ ու հայկական արմատներիս մասին, ամբողջ Գերմանիայում հնչելու է իմ անունը եւ հայկական ազգանունը»,- ասաց Սյուզի Կենտիկյանը:

Հայաստան վերադառնալու եւ վերահաստատվելու, ինչպես նաեւ մենամարտ անցկացնելու մասին աշխարհի չեմպիոնը նշեց.

«Մեծ սիրով կցանկանայի տեղափոխվել Հայաստան, եթե այն ամենն ինչ անում եմ Գերմանիայում, հնարավորություն ունենայի իրականացնել հայրենիքում: Այնտեղ ես ունեմ աշխատանք, պայմանագրեր, անձնական պրոմոուտերը, ով զբաղվում է իմ մենամարտերի հարցով: Հայաստանի հետ կապված ծրագրեր շատ ունեմ: Մեծ ցանկություն ունեմ այստեղ անցկացնել իմ մենամարտերից մեկը, բայց դա մի փոքր բարդ է, քանի որ դեռ հայկական կողմից չկա առաջարկ: Գերմանիան պատրաստ է իմ մենամարտը հեռարձակել: Դեռ հայկական կողմի հետ համաձայնություն չունենք: Նման մենամարտ անցկացնելը կապված է մեծ ֆինանսների հետ, եթե հովանավորներ գտնվեն, հնարավոր կլինի կազմակերպել մեկ մենամարտ: Ինձ թվում է, դա կլինի մեծ սենսացիա, քանի որ գերմանական բոլոր հեռուստաընկերությունները ցանկություն են հայտնել գալ Հայաստան եւ այստեղից ուղիղ եթերում լուսաբանել իմ մենամարտը: Ցավոք, այդ մենամարտում ես հայկական դրոշի ներքո չեմ կարող հանդես գալ, քանի որ ունեմ պայմանագիր գերմանական ընկներության հետ: Եթե Հայաստանում մենամարտեմ ոչ գերմանական կողմի նախաձեռնությամբ, ես հանդես կգամ Հայաստանի դրոշի ներքո:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ կապված ծրագրերիս, ապա նպատակ ունեմ 2015-ին Հայաստանում բացել բռնցքամարտի կանանց մարզադպրոց:

Հնարավոր է, որ մի օր ես մարզիչ աշխատեմ Հայաստանում, նույն այդ դպրոցում, որը կբացեմ: Այժմ Գերմանիայում երբեմն մարզում եմ աղջիկների եւ կանանց, բայց դա մշտական բնույթ չի կրում, քանի որ ես տարվա մեջ երեք անգամ մենամարտում եմ: Ինձ երկարատեւ հանգիստ է պետք լինում: Օրինակ՝ վերջին մենամարտիցս հետո երկար ժամանակ չեմ մարզվել, հանգստանում եմ, նույնիսկ մի քիչ գիրացել եմ: Արդեն հաջորդ շաբաթ կսկսեմ մարզումները նոր թափով ու եռանդով: Շատերը տարին 12 ամիս խելագարի պես մարզվում են, բայց ես դա չեմ ընդունում. մարզիկին դադարները պետք են»,- նշեց Սյուզի Կենտիկյանը:

Հարցին, թե ինչպես է ընդունում պարտությունները, մարզիկն ասաց.

«Դժվարությամբ եմ համակերպվում պարտությունների հետ, բայց մարզիկին պարտություններ էլ են պետք: Երբ առաջին պարտությունս կրեցի, շոկի մեջ էի: Բայց պարտությունս ինձ հուսախաբ չարեց, քանի որ ավելի մեծ ուժ գտա իմ մեջ՝ հետագայում միայն հաղթանակով վերջացնել մենամարտերս: Շատ դժվար էր, շատ ծանր էր, շաբաթներով չէի կարողանում քնել: Ես ուրախ եմ, որ մինչեւ հիմա աշխարհի չեմպիոն եմ: Ամեն ինչ կանեմ, որ աշխարհի չեմպիոն էլ մնամ: Եվ երբ թողնեմ բռնցքամարտը, աշխարհի չեմպիոնի տիտղոսով կավարտեմ: Շատերը պարտությամբ են ավարտում կարիերան՝ թողնելով բռնցքամարտը, իսկ ես դա չեմ ընդունում: Ես պետք է հաղթած թողնեմ բռնցքամարտը, որ մարդիկ իմանան ես հաղթած եմ ավարտում իմ կարիերան, այլ ոչ թե պարտված»:

Գերմանիայում կանանց բռնցքամարտի հանդեպ վերաբերմունքի մասին Սյուզի Կենտիկյանն ասաց.

«Գերմանիայում բռնցքամարտը այլ կերպ է ընդունվում, մասնավորապես, տղամարդկանց բնռցքամարտը: Բայց կանանց հանդեպ էլ վատ վերաբերմունք չունեն: Ինձ՝ որպես աղջիկ բռնցքամարտիկի, չեն ընդունում գերմանացիները, այլ ընդունում են որպես Սյուզի Կենտիկյանի: Իմ անունն այնտեղ բրենդ է: Հայ մարզիկների հետ այդքան էլ կապ չունեմ: Հարգում եմ բոլոր հայ բռնցքամարտիկներին, այդ թվում՝ Արթուր Աբրահամին, ով մեկ անգամ ասել է, որ չի սիրում կանանց բռնցքամարտը: Ես ոչ ոքի կարծիքին ականջ չեմ դնում, չեմ լսում: Դա մարդու անձնական կարծիքն է, ես կշարունակեմ զբաղվել բռնցքամարտով»,- մեկնաբանեց աշխարհի չեմպիոնը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում