16:46  ,  31 հուլիսի, 2014

Երեւանի բացօթյա լողավազանները. մաս 2-րդ (ֆոտոշարք)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Երեւանի բացօթյա լողավազանների, գների, պայմանների մասին պատմող շարքը: Այս լողավազանները նախատեսված չեն մարզումների եւ մրցումների համար:

Cross sport complex

Cross sport complex  բացօթյա լողավազանը գտնվում է Կարմի խաչի ընկերության վերականգնողական կենտրոնի հարեւանությամբ, բացվել է 2012 թվականին: Նախատեսված է թե ամառային հանգիստը անցկացնելու, թե կենտրոնում վերականգնողական փուլ անցնող հիվանդների համար: Մուտքը միայն զույգերով է:

Լողավազանի պատասխանատու Կարեն Սիմոնյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մուտքը միայն զույգերով լինելու նպատակը լողավազանի այցելուներին, ինչպես նաեւ հարեւանությամբ գտնվող վերականգողական կենտրոնի հիվանդներին լիարժեք հանգիստ մթնոլորտ ապահովելն է:

«Մուտքը միայն զույգերով պայմանը ազդում է տղամարդկանց վրա. երկու-երեք ընկեր չեն կարող գալ այստեղ իրենց հանգիստն անցկացնել: Այստեղ կարող են լողալ եւ ամառային հանգիստը վայելել ամուսիններ, սիրահար զույգեր, երեխաներ` ընտանիքներ եւ ընկերուհիներ: Չենք թույլատրում նույնիսկ երկու տղաների մուտքը: Դա մեր պայմանն է, եւ մեր հաճախորդները գիտեն այդ պայմանի մասին: Այստեղ մեր հաճախորդների համար ապահովում ենք կատարյալ հանգստություն, ստեղծել ենք բոլոր պայմանները: Նույն պայմաններից օգտվում են նաեւ Կարմիր Խաչի անդամները: Շաբաթը երկու օր լողավազանը ծառայում է նրանց` մարզիչներով: Եթե նույնիսկ մեզ դիմում են տղաները, նրանց տրամադրում ենք փակ լողավազանը: Մեր լողավազանում չեն անցկացվում խնջույքներ, փարթիներ, ծնունդ - կնունք - հարսանիքներ: Այս վայրը պասիվ հանգստի սիրահարների համար է: Լողավազանը բաց է ամեն օր` առավոտյան 7:00-ից մինչեւ 22։00-ն: Մուտքի արժեքը՝ սկսած 15 հազար դրամից: Սա ընտանեկան հանգստի իդեալական վայր է»,- ասաց Կարեն Սիմոնյանը:

Hrazdan Hotel

Hrazdan հյուրանոցին պատկանող այս լողավազանը գտնվում է Հրազդանի խճուղում: Քաղաքի աժիոտաժից կտրված այս լողավազանում իր հանգիստը կարող է գտնել յուրաքանչյուրը` անկախ սեռից ու տարիքից: 10:00-20:00-ն աշխատող ոչ այնքան մեծ այս լողավազանն ունի երկու հատված` մեծահասակների եւ երեխաների համար։ Մուտքի սահմանափակումներ չկան:

Լողավազանի տնօրեն Նարեկ Ամիրյանի փոխանցմամբ, «Հրազդան» հյուրանոցի լողավազանում կարելի է ոչ միայն օգտվել լողավազանից, լողալ, այլ այցելել միայն սրճարան եւ օգտվել սրճարանի ծառայություններից:

«Մենք աշխատում ենք լիարժեք հանգստի պայմաններով: Մեկ օրվա արժեքը շաբաթվա աշխատանքային օրերին 5000 դրամ է, իսկ հանգստյան օրերին` 6000: Հաճախորդների կողմից արդեն հասցրել ենք սիրվել, ունենք հիմնական հաճախորդներ, ովքեր աբոնեմենտով են հաճախում: Աբոնեմենտների գները տատանվում են 35.000-55.000 սահմաններում:

Բայց ինչպես մյուս լողավազանները, մենք էլ ունենք պայմաններ, սկզբունքներ: Այստեղ երեկույթներ չեն անցկացվում, այդ  թվում եւ ծնունդներ: Այստեղ բարձր երաժշտություն չի հնչում, քանի որ դա կխանգարի մեր հյուրանոցի հյուրերի անդորրը: Մեր հաճախորդները մեզ հասկանում են եւ որեւէ պահանջ չեն ներկայացնում: Կա եւս մի պայման, դա երեխաների մուտքն է: Ունենք լողավազան հատուկ երեխաների համար։ Սկսած 3 տարեկանից այդ լողավազանում կարող են փոքրիկները լողալ: Մուտքը միայն ծնողների հետ է: Ամեն երեխայի հետ մեկ ծնող: Տհաճ իրավիճակներից, դժբախտ պատահարներից խուսափելու համար, չենք թույլատրում մայրերին մեկից ավելի երեխաների հետ մտնի լողավազան: Այլ սահմանափակումներ չկան: Ապահովում ենք լիարժեք հանգիստ եւ հաճելի միջավայր մեր հաճախորդների համար»,- ասաց Նարեկ Ամիրյանը:

«Սպիտակ» մարզահամալիր

Երեւանի Հալաբյան փողոցում գտնվող այս լողավազանը NEWS.am Sport-ի այս շարքում ներկայացվածներից միակն է, որը սպորտային կառույց է՝ կահավորված ջրացատկի աշտարակով եւ ոստնակներով: Համալիրում գործում է 6 բացօթյա լողավազան տարբեր տարիքային խմբերի համար: Երկու լողավազան պատանիների եւ երիտասարդների համար, երկու փոքր լողավազան փոքրերի համար, մեկ լողավազան միայն աղջիկների համար, որը սակայն այս տարի չի գործում վերանորոգվելու պատճառով եւ մեկ ընդհանուր օգտագործման լողավազան: Պատանիների եւ երիտասարդների համար նախատեսված լողավազանը ոչ միայն ամռան տապից փրկվելու համար է, այլեւ լիովին համապատասխանում է սպորտային լողավազաններին: Ունի երկհարկանի աշտարակ, ոստնակներ, խորությունը 4 մետր է: Այս լողավազանն ունի նաեւ նստարաններ` հանդիսատեսի համար: Մյուս լողավազանները երեխաների եւ ընտանեկան հանգստի համար են: Լողավազանի մուտքի արժեքը  2 ժամի համար արժե 1500 դրամ` առանց տարիքային սահմանափակման:


Երեւանում կան եւս մի քանի բացօթյա լողավազաններ՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Աշտարակի խճուղում գտնվող Ararat Valley Country Club-ում եւ Ջրաշխարհը:

Լուսինե Շահբազյան

Երեւանի բացօթյա լողավազանները. մաս 1-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում