09:16  ,  3 հուլիսի, 2014

Երեւանի բացօթյա լողավազանները (ֆոտոշարք)

NEWS.am Sport-ը ներկայացնում է Երեւանի բացօթյա լողավազանների, գների, պայմանների մասին պատմող շարք: Այս լողավազանները նախատեսված չեն մարզումների եւ մրցումների համար:

«Լաթար»

«Լաթար» լողավազանը գտնվում է Երեւանի Սիլիկյան թաղամասում: Այստեղ կարող է ամառային օրը միաժամանակ վայլելել ավելի քան 300 մարդ: Այս լողավազանը ակտիվ հանգստի սիրահարների համար է: Այստեղ շուրջօրյա հնչում է բարձր երաժշտություն: Մեկ անձի մուտքի արժեքը շաբաթվա բոլոր օրերին 6000 դրամ է՝ ամբողջ օրվա համար: Տարիքային սահմանափակում չկա:

Լողավազանի մենեջերի խոսքով «Լաթարն» ունի բազմաթիվ մշտական այցելուներ, կազմակերպում են տարբեր միջոցառումներ լողավազանի շուրջ: Սննդի հարցն այստեղ լուծված է` անմիջապես լողավազանի մոտ գործում է սրճարան-բար: Լողավազանը բաց է 10:00-ից 20:00-ը:

Prolife

Prolife լողավազանը եւս գտնվում է Սիլիկյան թաղամասում՝ Royal Armenia Palace հյուրանոցի բակում: Այս բացօթյա լողավազանը նախատեսված է պասիվ հանգստի սիրահարների համար: Լողավազանի հարեւանությամբ գործում է նաեւ ֆիթնես ակումբ, մերսում, յոգա: Լողավազանը գործում է 11:00-19:00-ը: Քանի որ նորաբաց է այս բացօթյա լողավազանը, նախնական շրջանում լողավազանի մեկ անձի այցելությունը կարժենա 6000 դրամ: Իսկ հետագայում լողավազանի մուտքավճարը կդառնա 8000 դրամ: Իսկ մինչեւ 14 տարեկան երեխաների համար մուտքն արժե 3000 դրամ:

Լողավազանի մենեջեր Էլեն Պողոսյանի փոխանցմամբ, Prolife-ը լողի սիրահարներին գրավում է իր վայրով, հանգիստ միջավայրով, ֆիթնես ակումբի առկայությամբ: «Մենք ունենք երկրորդ հարկ, որտեղ կարող ես կտրվել քաղաքի անցուդարձից եւ վայելել ամառային հանգիստը»,- Էլեն Պողոսյանը:

Best Western Congress Hotel

Congress հյուրանոցի բակում գտնվող բացօթյա լողավազանն ու միջավյարը հիշեցնում է ռոմանտիկ Իտալիան, շուրջ բոլորդ գեղեցկադեմ իտալացիներ են եւ գեղեցկուհի իտալուհիներ: Այստեղ կա երկու լողավազան՝ մեծահասակների եւ երեխաների համար, նաեւ ջակուզի: Փոքրիկ հյուրերի համար անմիջապես լողավազանի հարեւանությամբ գործում է նաեւ մանկական խաղահրապարակ: Աշխատանքային օրերին լողավազանում մեկ օր անցկացնելն արժե 7500 դրամ, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ 8400 դրամ:

Լողավազանի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը նշում է, որ իրենց մոտ հիմնականում լողի սիրահարները լողավազանից օգտվում են աբոնեմենտով՝ մեկ ամսվա արժեքը 55 հազար դրամ է:

«Մեզ մոտ ամեն ինչ արված է իտալական ոճով, այստեղ ամեն պայման ստեղծված է ընտանեկան հանգստի համար: Մենք շեշտը դնում ենք մաքրության, հանգիստ միջավայրի վրա: Այստեղ միշտ մարդաշատ է: Օրինակ, նախորդ հանգստյան օրերին 100 այցելու ունեինք, իսկ ամենաշատ այցելուները գրանցվել են անցած ամռանը՝ 200 մարդ»,- ասաց Մարիամ Մեսրոպյանը:

Royal Tulip Grand Hotel Yerevan

Երեւանի ամենահայտնի հյուրանոցի տանիքում գտնվող այս բացօթյա լողավազանի շուրջ  ռոմանտիկ միջավայր է, քաղաքի աժիոտաժից հեռու, «վերեւում» փոքրիկ, հարմարավետ լողավազան, երկնքի տակ հանգիստը վայելու հրաշալի վայր:

NEWS.am Sport-ի թղթակցի այցելության ժամանակ այս լողավազանում միայն աղջիկներ, կանայք, հղիներ եւ երեխաներ էին:

Մեկ այցելության արժեքը մեկ օրվա համար 10 հազար դրամ է, հանգստյան օրերին` 13 հազար դրամ: Լողավազանն աշխատում է ամեն օր` 9:00-ից մինեւ 22:00-ը:

Շարքը շարունակելի է: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում