13:06  ,  31 մարտի, 2014

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը զիջում է միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակը:

Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կորցրել է 18 միավոր։ Հայաստանի ուժեղագույն շախմատիստի վարկանիշը կազմում է 2812 միավոր։ Նախորդ ամիս ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարի վարկանիշը 2830 միավոր էր։ 

Արոնյանը շարունակում է զիջել միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նորվեգացու ցուցանիշը 2881 է:

Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը առաջադիմել 14.8 կետով՝ բարձրանալով երրորդ տեղ։ Հնդիկ գրոսմայստերի վարկանիշն է 2785 միավոր։

Ուժեղագույն շախմատիստների տասնյակում են նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը եւ Սերգեյ Կարյակինը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը։

Հայաստանի հավաքականի շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 63-րդն է (2684), Վլադիմիր Հակոբյանը՝ 72-րդը (2674), իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 76-րդը (2670): 

Հիշեցնենք, որ Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում անցկացված աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է նախավերջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով