18:04  ,  26 փետրվարի, 2014

Գենադի Օրլով. Կարծում եմ` Համլետ Մխիթարյանը երկնքից նայում է որդուն եւ հիանում

1984-ին «Զենիթը» խաղում էր «Արարատի» հետ եւ հաղթեց 6:4 հաշվով: Համլետ Մխիթարյանն այն ժամանակ դարձավ գոլի հեղինակ, երեկ էլ Հենրիխը գրավեց «Զենիթի» դարպասը: Այդպիսի ավանդույթ է ստացում: Կարծում եմ` Համլետը երկնքից նայում է որդուն եւ հիանում:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չեմպինոների լիգայի 1/8 եզրափակիչի «Զենիթ» - «Բուրուսիա» խաղը մեկնաբանած ռուս հայտնի մեկնաբան Գենադի Օրլովը:

Պարոն Օրլով, Դուք երեկ մեկնաբանում էիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Զենիթ» -  «Բորուսիա» խաղը: Ի՞նչ գնահատական կտաք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղին:

Գերմանացի լրագրողներ կան, ովքեր գրում են, թե Մխիթարյանը դեռ ամբողջովին չի հարմարվել Կլոպի խաղային համակարգին: Բայց երեկ ես տեսա, որ նա շատ լավ է հարմարվել: Պատահական չէ, որ նա երեկ դարձավ գոլի հեղինակ, մասնակցեց գոլային գրոհներին: Հենրիխը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Ունի անհատական վարպետություն, լավ աշխատում է գնդակով, գլուխը միշտ վերեւ է պահում, տեսնում է դաշտը, շատ արագ է տեղաշարժվում: Հենրիխը գտնվում է հիանալի մարզավիճակում: Շատ լավ համագործակցում է թիմակիցների հետ: Հինգ բալանոց սանդղակով, նրան կտայի հինգ գնահատականը: «Զենիթում» այս կարգի ֆուտբոլիստներ չկան: Կլոպն ունի Օբամեյանգի պես փայլուն ֆուտբոլիստ, բայց նա առաջին րոպեից վստահում է Մխիթարյանին:

Երեկ մեկնաբանելիս ես հիշեցի Համլետ Մխիթարյանին: Շատ ցավալի է, որ նա այդքան երիտասարդ մահացավ: 1984-ին «Զենիթը» խաղում էր «Արարատի» հետ եւ հաղթեց 6:4 հաշվով: Համլետն այն ժամանակ դարձավ գոլի հեղինակ, երեկ էլ Հենրիխը գրավեց «Զենիթի» դարպասը: Այդպիսի ավանդույթ է ստացում: Կարծում եմ` Համլետը երկնքից նայում է որդուն եւ հիանում:

«Բորուսիան» ընթացի մրցաշրջանում այդքան էլ կայուն խաղ չի ցուցադրում: Դուք կիսո՞ւմ եք շատերի կարծիքը, որ «Բորուսիայի» մոտ ժամանակավոր անկում է, թե՞ թիմը դեռ հարմարվում է նոր փոփոխություններին:

«Բորուսիայի»  համար դժվար է երկու խաղաշրջան խաղալ բարձր մակարդակի վրա: Ես դիտել եմ «Համբուրգի» հետ խաղը` 0:3: Այնտեղ դարպասապահը հիանալի խաղաց, «Բորուսիան» կարող էր հավասարեցնել հաշիվը: Վերջին գոլը գրանցվեց ամենավերջում: Լեւանդովսկու խաղն այդքան էլ չստացվեց: Կարծես` նա մրսածություն ուներ: Սա Գերմանիայի առաջնությունն է: Այնտեղ այնպիսի թիմեր են, որոնք կարող են լավ դիմադրություն ցույց տալ:

«Բորուսիան» ի վիճակի է պայքարել Չեմպիոնների լիգայում: Բունդեսլիգայում նա երրորդ տեղում է, այնտեղ թուլացած վիճակ է: Այլ հարց է Չեմպիոննների լիգան: Մանավանդ, որ նրանք արդեն համտեսել են եզրափակիչի համը: Իմ կարծիքով, «Բորուսիան» այսօր հավասարազոր է «Ռեալի», «Բարսելոնայի» եւ «Չելսիի» հետ: «Արսենալն» արդեն նրանցից լավը չէ: «Բորուսիան»  ունի հիանալի մարզիչ: Նա հիանալի ղեկավարում է թիմը: Այդտեղ միասնական ֆուտբոլային կոլեկտիվ է: Դա հիանալի է:

Համամի՞տ եք, որ այս տարի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի բացարձակ ֆավորիտն է:

Իհարկե: Գերմանիայի առաջնությունում նրանք արդեն բավականին առաջ են անցել եւ խնդիրներ չունեն: Բայց կարծում եմ, եթե Չեմպիոնների լիգայում «Բավարիան» եւ «Բորուսիան»  կրկին հանդիպեն, դժվար թե, անցյալ տարվա պատկերը կրկնվի: Ես այդ խաղում թիմերի հնարավորությունները հավասար կգնահատեմ:

Մարտի 5-ին կկայանա Ռուսաստան - Հայաստան ընկերական հանդիպումը: Ի՞նչ կարելի է սպասել այդ խաղից: Երեւի  գիտեք, որ Հայաստանը դեռ մարզիչ չունի:

Ցավալի է կողքից դիտել: Ես «Արարատում» շատ ընկերներ ունեմ, մինչեւ հիմա շփվում ենք: Ցավալի է, որ հավաքականի մարզիչը հեռացավ: Չգիտեմ, թե ինչ պատճառներով: Հայաստանը շատ արագաշարժ ֆուտբոլ էր ցուցադրում: Եթե հայերը կարողանային նաեւ սանձել գնդակն այդ արագությամբ, ապա նրանք մի գլուխ բարձր կլինեին Ռուսաստանի հավաքականից: Հայաստանի հավաքականը շատ լավ հանդիպումներ անցկացրեց: Հայաստանում շատ լավ ֆուտբոլիստներ կան: Ոչ բոլորն են Մխիթարյանի ու Մովսիսյանի կարգի ֆուտբոլիստներ: Ռուսաստանի հավաքականը նույնպես չի փայլում: Նա այդ խաղում ֆավորիտ չի կարող համարվել: Բացի այդ խաղն ընկերական է: Կապելոն գուցե նոր ֆուտբոլիստների փորձարկի:

Կարդացե՞լ եք այն կատակը, թե Ռուսաստանի հավաքականը արտագնա հանդիպում է անցկացնելու, քանի որ Կրասնոդարի մարզում բազմաթիվ հայեր են ապրում:

Ես դա լսել եմ: Կարեւորը, որ այնտեղ Օլեգ Մկրտչյանն է: Կարծեմ՝ Ռուսաստանը մարզվելու է այլ խաղադաշտում, իսկ հայերը` Մկրտչյանի մոտ: Սոչիում նույնպես շատ հայեր կան: Այժմ կատակում են, թե այս Օլիմպիադայից հետո հայերը կկանգնեն դահուկներին եւ չմուշկներին, չէ որ մարզադաշտներն արդեն կան:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով