18:28  ,  22 փետրվարի, 2012

Nike-ը նոր տեխնոլոգիաներ է ներկայացրել

Փետրվարի 21-ին Nike ընկերությունը Նյու Յորքում ներկայացրել է ամենաժամանակակից նախագծերը, որոնցով աշխարհի լավագույն մարզիկները հնարավորություն կունենան բարելավել իրենց արդյունքները։

Ներկայացված նորամուծությունների շնորհիվ աթլետիկայի, բասկետբոլի եւ այլ մարզաձեւերի մարզահագուստները կդառնան ավել թեթեւ ու հարմարավետ։

Շնորհանդեսին ներկա են եղել Nike ընկերության տնօրեն Մարկ Պարկերը, բոլոր ժամանակների ամենահռչակավոր աթլետներից մեկը՝ Կարլ Լյուիսը, բասկետբոլիստ Դերոն Ուիլյամսը, 100 մետր վազքի աշխարհի չեմպիոն Կարմելիտա Ջեթերը, աթլետիկայի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուոլտեր Դիկսը, աթլետիկայի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Անաստասիա Կապանչիսկան եւ արգելավազքի Եվրոպայի չեմպիոն Սերգեյ Շուբենկովը։

«Այսօր ներկայացվեց նոր տեխնոլոգիա, որը կարող է լիովին փոխել սպորտի մասին պատկերացումը։ Ընկերությունը միշտ փորձում է նոր տեխնոլոգիաներ մշակել պրոֆեսիոնալ մարզիկների եւ սպորտը սիրողների համար։ Nike Flyknit-ը նորամուծություն է վազքի մարզակոշիկների արտադրությունում։ Նրանք շատ թեթեւ են եւ գրեթե առանց կարերի։ Աներեւակայելի թեթեւությունն ավելորդ նյութերի բացակայության արդյունքն է։ Դա ամբողջությամբ փոխում է մարզակոշիկի դիզայնը»,- նշել է Մարկ Պարկերը, գրում է gazeta.ru

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում