Օլիմպիական խաղերին մասնակցելը եւ Հայաստանը ներկայացնելը կյանքիս կարեւոր քայլն է, որը պարտավոր եմ անել ու լավ անել: Փորձելու եմ մասնակցել շատ լավ, այնքան, որքան հնարավորություններս, ունակություններ, կարողություններս, սովորածս, մարզվածս ու ամենակարեւորը մարզավիճակս թույլ կտան: Բնական է, որ չեմ կարող առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար պայքարել, դեռ դրա համար շատ անելիքներ կան: Բայց կփորձեմ լավագույն արդյունքս ցույց տալ
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկող 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում դահուկավազքի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, դահուկավազքի Հայաստանի առաջնության 10 կմ ազատ ոճի չեմպիոն Կատյա Գալստյանը:
Կատյա Գալստյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 1-ին, Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Մարտաշեն գյուղում: Դահուկավազորդի մարզական կարիերան սկսել է 16 տարեկանից եւ մարզվում է արդեն 6 տարի:
Կատյա, շնորհավորում եմ Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ձեռք բերելու կապակցությամբ, դու Հայաստանի միակ կին օլիմպիականն ես:
Շնորհակալ եմ: Ուրախ եմ, բայց միեւնույն ժամանակ նաեւ ոչ, քանի որ հավաքականում մյուս մեր դահուկավազորդուհիներն էլ կարող էին ինձ հետ հավասար դուրս գալ պայքարի: Այդ պահին բնականաբար շատ ուրախացա, որ իմացա՝ ես եմ ներկայացնելու Հայաստանը կանանց մրցաշարում, ֆեդերացիան ինձ է վստահում այդ մի ուղեգիրը: Անսպասելի էր, սակայն հոգուս խորքում մտածում էի, որ գուցե այս տարի ինձ վստահեն եւ հավատան մեր մարզիչներն ու ֆեդերացիայի անդամները: Ու այդպես էլ եղավ: Սա մեծ պատասխանատվություն է, քանի որ սպիտակ քարտով ուղեգիրը ենթադրում է , որ քեզանից սպասելիքներն ու հույսերը մեծ են եւ պետք է հնարավորինս արդարացնես այդ սպասելիքները:
16 տարեկանից ես սկսել զբաղվել այս մարզաձեւով: Ինչպե՞ս, ո՞ւմ խորհրդով ես ընտրել այս մարզաձեւը, եւ դեռ այդ ժամանակ ծրագրո՞ւմ էիր, որ մի օր պետք է մասնակցես Օլիմպիական խաղերին:
Ինձ այս մարզաձեւին ուղորդել է իմ մարզիչը եւ դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը: Նա այդ ժամանակ եկել էր մեր գյուղ, իր մարզիչի հանդիպելու, ով մեր գյուղից էր: Պատահական հանդիպեցի պարոն Սարգսյանին, այսինքն` նա ինձ տեսավ եւ ասաց` որ խորհուրդ կտար ինձ զբաղվեի դահուկավազքով: Չգիտեմ ինչու այդպես հանկարծակի, ինչից ելնելով: Ես էլ որոշեցի փորձեմ: Ու այդպես սիրահարվեցի այս մարզաձեւին: Երբեք չէի մտածի, որ այնքան կտարվեմ այս մարզաձեւով, որ այն կդառնա ինձ համար մասնագիտություն, կարիերա, ես մի օր կմասնակցեմ Օլիմպիական խաղերին ու կմրցեմ աշխարհի ուժեղագույնների հետ: Դահուկավազքը դարձել է իմ կյանքը, առօրյան, օրվա հիմնական մասի զբաղմունքը: Հետագայում էլ ծրագրերս կապված են այս մարզաձեւի հետ, երբ արդեն ավարտեմ մարզիկի կարիերան, ինքս երեխաներ կհավաքեմ մեր գյուղից, շրջանից եւ կմարզեմ:
Ի՞նչ արդյունքներ ես գրանցել դահուկավազքում:
Մասնակցել եմ տարբեր վարկանիշային մրցաշարերի, մասնակցել եմ աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, պարբերաբար մասնակցում եմ ուսումնամարզական հավաքների: Արդյունքներս եղել են այն, որ լավ մասնակցություններ եմ ունեցել, վարկանիշային մրցումներից վարկանիշներ եմ հավաքել, ինչի շնորհիվ էլ միջազգային ֆեդերացիայի տրամադրած սպիտակ քարտով ուղեգիր մեր ֆեդերացիան վստահեց ինձ:
Ի՞նչ է քեզ համար Օլիմպիական խաղերին մասնակցելը: Ի՞նչ ակնկալիք ունես ինքդ քեզանից:
Դեռեւս չեմ պատկերացնում, սա իմ առաջին մասնակցությունն է եւ առաջին նման կարգի մեծ միջոցառման մասնակցությունը: Սա կյանքի կարեւոր քայլ է, որը պարտավոր եմ անել ու լավ անել: Փորձելու եմ մասնակցել շատ լավ, այնքան, որքան հնարավորություններս, ունակություններ, կարողություններս, սովորածս, մարզվածս ու ամենակարեւորը մարզավիճակս թույլ կտան: Բնական է, որ չեմ կարող առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար պայքարել, դեռ դրա համար շատ անելիքներ կան: Բայց կփորձեմ լավագույն արդյունքս ցույց տալ, որ մեր ժողովուրդն էլ մի փոքր ուրախանա, համոզված լինի, որ մենք էլ կարող ենք ինչ-որ արդյունք ցույց տալ ձմեռային Օլիմպիական խաղերում: Կարծում եմ լավ արդյունք ցույց տալը կուրախացնի բոլորին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում