16:48  ,  23 հունվարի, 2014

Արտակ Եդիգարյան. Կային առաջարկներ Ղազախստանից, բայց ես գերադասեցի Լիտվան

Հունվարի 22-ին Երեւանի «Բանանցի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը երկու տարվա վարձակալության պայմանագիր է կքնել Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» հետ: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց ֆուտբոլիստի հետ։

Արտակ, ե՞րբ լիտվական «Ժալգիրիսը» սկսեց հետաքրքրվել քեզանով։

Ասացին, որ շուտվանից հետեւում են։ Երեկ եմ եկել։ Մարզվեցի եւ պայմանագիր ստորագրեցի։

Որքանո՞վ ես ծանոթ Լիտվայի առաջնությանը եւ քո նոր թիմին։

Որ ասեմ շատ լավ ծանոթ եմ, սուտ կլինի։ «Ժալգիրիսը» իր առջեւ նպատակ է դրել եկող տարի հանդես գալ Եվրոպայի լիգայի խմբային մրցափուլում ։ Պետք է ամեն ինչ անել դրա համար։ Ցանկությունը մեծ է։

Շատերը կարծում էին, որ դու կտեղափոխվես Ղազախստան, բայց դու անսպասելիորեն հայտնվեցիր Լիտվայում։

Այո, Ղազախստանից կային առաջարկներ, բայց ես գերադասեցի Լիտվան։ Այստեղ ավելի լավ կկարողանամ ինձ ցուցաբերել։

Ո՞վ իրականացրեց քո տրանսֆերը։

Ես ունեմ գործակալներ, բայց նրանք չիրականացրին այս տրանսֆերը։ «Ժալգիրիսը» դիմեց անձամբ իմ թիմին եւ ակումբս համաձայնեց։

Արտակ, ձախ պաշտպանի՞ դիրքում ես հանդես գալու։

Մարզիչս ասաց, որ այո, այդ դիրքում եմ հանդես գալու։ Չնայած ամեն բան էլ կարող է լինել։

Իսկ կցանկանայի՞ր փոխել դիրքդ։ Ժամանակին հանդես էիր գալիս կիսապաշտպանությունում։

Ինձ համար խնդիր չկա։ Ինչպես կասի մարզիչը, այնպես էլ կլինի։

Ինչո՞ւ ընտրեցիր 21 համարը։

Դե քանի որ արդեն խաղացել էի այդ համարով, այդ համարը պահել էին ինձ համար։ Իսկ 17 համարն արդեն զբաղված էր։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով