08:50  ,  30 ապրիլի, 2012

Արմլիֆթինգ եւ մաս-ռեսթլինգ. նոր մարզաձեւեր Հայաստանում

Չնայած Հայաստանում արմլիֆթինգը եւ մաս-ռեսթլինգը նոր մարզաձեւեր են, բայց հունիսի 10-ին Մոսկվայում կայանալիք մաս-ռեսթլինգի առաջնությանը մասնակից կունենա նաեւ Հայաստանը` կներկայացնի Ոստան Գեւորգյանը: NEWS.am Sport-ին այդ մասին հայտնեց Հայաստանի հսկաների ֆեդերացիայի, արմլիֆթինգի եւ մաս-ռեսթլինգի ֆեդերացիաների նախագահ Արման Մովսիսյանը:

Երեւանի կուլտուրիզմի «Մալի» ակումբում կայացավ Հայաստանում նոր մարզաձեւեր համարվող արմլիֆթինգի եւ մաս-ռեսթլինգի հերթական` ամենամսյա մրցումը մինչեւ 70կգ, 90 կգ եւ գերծանր քաշային կարգերում:

«Սրանք նոր մարզաձեւեր են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Ընդամենը մի քանի տարվա պատմություն ունեն, բայց արդեն աշխարհի առաջնություններ, գավաթի խաղարկություններ են անցկացվում: Մենք որպես Հայաստանի հսկաների ֆեդերացիա, առաջին անգամ արմլիֆթինգին եւ մաս-ռեսթլինգին ծանոթացանք Բելառուսում` հերթական Եվրոպայի առաջնության ժամանակ: Վերադառնալով Հայաստան` որոշեցինք օրինականացնել այս երկու մարզաձեւերը մեր հանրապետության տարածքում: Ստեղծեցինք երկու մարզաձեւերի համար առանձին ֆեդերացիաներ եւ սկսեցինք վերջիններիս մասսայականացումը: Որոշեցինք ամեն ամիս անցկացնել արմլիֆթինգի եւ մաս-ռեսթլինգի մրցումներ, որպեսզի մարզիկների մոտ ավելի շուտ տարածվի: Տարեկան մրցաշարերի վրա չհիմնվեցինք, որովհետեւ դրանք անցկացնում են այն մարզաձեւերը, որոնք ավելի հանրաճանաչ են: Քանի որ սա նորություն է հայ մարզիկների համար, ՀԱՕԿ նախագահի հովանավորությամբ փորձեցինք մեր մրցումներին տալ ամենամյսա բնույթ: Սա իր արդյունքը տվեք, քանի որ ամեն ամիս մասնակիցների թիվը ավելանում է. եթե նախկինում մենք էին զանգում հայտարարում, առաջարկում` գան մասնակցեն, այսօր արդեն նրանք են դիմում, խնդրում, որ ընդգրկենք մրցումներում»,- ասաց Ա. Մովսիսյանն ու շարունակեց:

Այս անգամ մրցաշարին մասնակցում են Երեւանի եւ մարզերի տարբեր տարիքային խմբերի ուժային մարզաձեւերի մարզիկներ:

Արման Մովսիսյանը հայտնեց, որ վարժություններն իրենց բնույթով բարդ չեն, բայց նախատեսված են ձեռքերի ուժերի ստուգման համար: Օրինակ` արմլիֆտինգում հիմնականում աշխատում են ձեռքի մատները: Այստեղ` հատուկ նախատեսված անհարմար բռնակ է, որից կախվում են տարբեր քաշային կարգի ծանրագնդեր: Մարզիկը պարտավոր է մատների օգնությամբ բարձրացնել ծանրաձողը մեկ ձեռքով` առանձ մյուս ձեռքի օգնության:

Մաս-ռեսթլինգը կրկին ձեռքերի աշխատանքի վրա է: Այստեղ երկու մարզիկ նստում են դեմ առ դեմ, ոտքերը հենում մեջտեղում գտնվող փայտե տախտակին, բռնելով մեկ այլ փայտի երկու ծայրերը, փորձում են մեկը մյուսիս խլել փայտը:

Ա. Մովսիսյանի փոխանցմամբ, արմլիֆթինգով եւ մաս-ռեսթլինգով հայ մարզիկները սկսել են մարզվել այս տարվա սկզբից.

«Ամենասկզբում դեռեւս խորթ էր այս մարզաձեւը տղաների համար, ինչից ելնելով հասկանալի էր մեր մարզիկների թուլությունը, ցածր արդյունքները: Եթե սկզբում սիրողական մարզիկներ էին` այսօր արդեն լուրջ մարզաձեւերով զբաղվող մարզիկներ են մասնակցում մեր մրցումներին` ըմբիշներ, բազկամարտիկներ»:

Հետաքրքրվեցինք, թե ինչ մրցանակներով են պարգեւատրվում ամենամսյա մրցումների հաղթողները:

«Մեդալներով, պատվոգրերով, սննդային եւ սպորտային հավելումներով: Այս մրցումների միակ նպատակը առողջ ապրելակերպն է եւ երկու նոր մարզաձեւերի մասսայականացումը Երեւանում եւ մարզերում: Այսօր «Մալի» ակումբում ենք անցկացնում մրցումը, հաջորդը կլինի մեկ այլ ակումբում, որպեսզի բոլորին ընդգրկենք այս մարզաձեւերում: Այժմ մեր մարզիկներին նախապատրաստում ենք Հայաստանի սահմաններից դուրս մրցաշարերի: Արդեն ունենք հրավեր Մոսկվայից, որտեց հունիսի 10-ին կկայանա մաս-ռեսթլինգի առաջնություն: Քաշային կարգը դեռեւս պարզ չէ, բայց Հայաստանը կներկայացնի Ոստան Գեւորգյանը»,- նշեց Արման Մովսիսյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Այս ամսվա մրցման հաղթող դարձան.

Արմլիֆթինգ

Մինչեւ 70 կգ քաշային կարգ

1. Միշա Շմավոնյան` 72 ,5 կգ

Մինչեւ 90  կգ 

1. Արա Մանուկյան` 80 կգ

Գերծանր քաշային կարգ

1. Էդգար Հովակիմյան` 82,5կգ

Մաս-ռեսթլինգ

Մինչեւ 70  կգ քաշային կարգ

1. Կարեն Մարտիրոսյան

Մինչեւ 90 կգ 

1.Արտաշես Պապիկյան

Գերծանր քաշային կարգ

1.Աղասի Ռոստոմյան:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում