14:40  ,  24 ապրիլի, 2012

Կողմ եւ դեմ. «Բարսելոնա» vs «Չելսի»

Ապրիլի 24-ին «Կամպ Նոու» ստադիոնում, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» կընդունի Լոնդոնի «Չելսիին»: Առաջին խաղում Դրոգբայի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել են լոնդոնցիները: Պատասխան հանդիպումը չէր կարող վրիպել «Կողմ եւ դեմ» խորագրի «փաստաբանների» ուշադրությունից: Այս անգամ «Բարսելոնայի» պաշտպանն է Վերա Մարտիրոսյանը, իսկ «Չելսիի» շահերը ներկայացնում է Հակոբ Վարդանյանը: «Փաստաբաններն» ակումբային նախասիրություն չունեն, դերաբաշխումը կատարվել է պատահականության սկզբուքնով: 

Վերա Մարտիրոսյան, «Բարսելոնայի» փաստաբան

1. Հաջողությունը ոչ միշտ է փրկում

Լոնդոնում «Չելսիի» տարած հաղթանակից հետո բոլորը միաբերան հայտարարեցին, թե լոնդոնցիներն արժանի հաղթանակ են տարել. Դի Մատեոյի մարտավարությունն ավելի լավ աշխատեց, «Բարսելոնայի» գործողություններում հոգնածություն է նկատվում, կատալոնացիների ոսկե դարն անցել է: Այդ ամենին գումարվեց Գվարդիոլայի թիմի պարտութունը Սուպերկլասիկոյում: Սակայն «Չելսիի» ամենամոլի երկրպագուները, նույնիսկ, չեն կարող չընդունել, որ ապրիլի 18-ին «Ստեմֆորդ Բրիջում» հաջողությունը պազապես երես էր թեքել «Բարսելոնայից»: Առաջին խաղակեսում Ալեքսիս Սանչեսն ու Սեսկ Ֆաբրեգասն ունեին գրեթե հարյուրտոկոսանոց գոլային հնարավորություններ: Մինչեւ հիմա ոչ ոք չի հասկանում, թե ինչպես նրանց չհաջողվեց իրացնել այդ պահերը: Լոնդոնյան հանդիպումը թեեւ լավագույնը չէր Մեսիի համար, սակայն նա էլ հնարավորություն ուներ, Պույոլը եւս շանսը բաց թողեց: Հանդիպման վերջում Պեդրոյի չխփած գոլը միստիկայի ոլորտից է:Ամբողջ վիճակագրությունը ցույց է տալիս, որ խաղացել է մեկ թիմ, իսկ մյուսը 90 րոպե պաշտպանվել է: Իսկ հույսը դնել միայն հաջողության վրա չի կարելի: «Կամպ Նոու» ստադիոնում «Բարսելոնան» կապացուցի, որ իսկական ֆուտբոլը հաջողությունից վեր է:

2. Հնարավո՞ր է «Բարսելոնային» հաղթել տակտիկապես:

«Բարսելոնան» կխաղա իր ֆուտբոլը: Ենթադրվում է, որ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգա Ալեքսիս Սանչեսը, որն իրեն լավ դրսեւորեց Կլասիկոյում: Հնարավոր է տեսնել Խերարդ Պիկեյին. առաջին հանդիպումը ցույց տվեց, որ օդային պայքարում միայն Պույոլը քիչ է: «Բարսելոնան» կխաղա տոտալ հարձակողական ֆուտբոլ:Իսկ ինչ կանի «Չելսին»: Կարծում եմ` Դի Մատեոն փոփոխությունների չի դիմի: Հաղթական կազմը թողնում են անփոփոխ: Կատալոնացիների 100 հազար երկրպագուների ձայնային ու հոգեբանական ճնշումը եւս հսկայական դեր կարող է խաղալ: Այնպես որ «Չելսին» կպաշտպանվի պատի նման, ամրոցի նման: Իսկ ամրոցը գրավել հնարավոր է, եթե առջեւում կա 90 րոպե: 

3. Վիճակագրությունը չի ստում…

Վիճակագրությունը փաստում է. «Չելսին» երբեք չի հաղթել «Կամպ Նոու» ստադիոնում: «Բարսելոնան» տանը եվրագավաթային հանդիպումներում հաղթում է 2009թ. հոկտեմբերից: Կատալոնացիները 15 հանդիպումներից 13-ում հաղթել են, երկուսն ավարտել են ոչ ոքի: Ու թեեւ Դի Մատեոյի թիմին կբավարարի եւ ոչ ոքին, սակայն հաշվի առնելով «Բարսելոնայի» գոլային ծարավն ու հարձակողական խաղը` դժվար է հավատալ, որ Գվարդիոլայի թիմը գնդակ չի խփի: Իսկ «Չելսին» կխաղա իտալական ֆուտբոլ:

4. Գվարդիոլան զայրացել է…

Պեպն աշխարհի ամենաքաղաքակիրթ մարզիչներից մեկն է: Երբ նրա թիմը 99,9 տոկոս չեմպիոն է` նա պնդում է, թե պետք չէ շտապել: Սակայն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսում Գվարդիոալան խոստացավ, որ իր թիմը կհաղթի:Խոստումներ նա շատ հազվադեպ է տալիս, բայց այս դեպքում նրան կարելի է հավատալ: Թիմը բաց է թողել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, մնում է Չեմպիոնների լիգան: Եվ «Բարսելոնան» կենաց-մահու կռիվ կմղի. Պեպը պետք է խոսքի տերը լինի:

5. Մառախլապատ Ալբիոնից…

Մի լավ մուլտֆիլմ կա` «Ինչպես էին կազակները ֆուտբոլ խաղում»: Այդ մուլտֆիլմում անգլիացիները հաղթում էին, քանի դեռ անձրեւ էր տեղում: Սակայն հենց անձրեւը կտրվեց կազակները հաղթեցին: «Ստեմֆորդ Բրիջում» անձրեւը հորդառատ էր: Լոնդոնցիները խփեցին, երբ Մեսին սայթաքեց եւ սխալվեց: Ամեն ինչ պայմանավորել եղանակային պայմաններով, իհարկե, չի կարելի: Կլասիկոյում եւս հորդառատ անձրեւ էր: Ապրիլի 24-ին Բարսելոնայում սպասվում է առանց տեղումների եղանակ:

P. S. Վերջում պետք է նշել, որ ֆուտբոլը տարբեր մարզչական մարտավարությունների դիմակայություն է: Սակայն, ավելի արդար է, երբ հաղթում է գեղեցիկ ֆուտբոլը, այլ ոչ թե 90 րոպե անշարժ մեխված բետոնե պատը, որի հետեւում աստղաբաշխական հոնորարներով պատրաստ կանգած օլիգարխներ են:

Հակոբ Վարդանյան. «Չելսիի» փաստաբան

1. Մարզավիճակ

Նախորդ 10 օրվա ընթացքում երկու թիմերն էլ շատ ծանրաբեռնված օրացույց ունեցան: «Չելսին» խաղացել է «Տոտենհեմի» (5:1), «Ֆուլհեմի» (1:1), «Բարսելոնայի (1:0) եւ «Արսենալի» (0:0) հետ, իսկ «Բարսելոնան» ուժերը չափել է «Լեւանտեի» (2:1) եւ «Ռեալի» հետ (1:2):

Երկու ակումբներ էլ 100 տոկոսանոց արդյունքի չեն հասել, սակայն լոնդոնցիներն այս խաղին մոտենում են ավելի լավ մարզավիճակով եւ տրամադրությամբ: Բացի այդ, «Չելսին» շաբաթ օրն իր հանդիպումն անցկացրել է կեսօրին, իսկ «Բարսելոնան»՝ ուշ երեկոյան: «Արսենալի» հետ խաղում «Չելսիի» կազմում խաղադաշտ դուրս եկան 9 խաղացողներ, ովքեր չէին մասնակցել «Բարսելոնայի» հետ մրցավեճին: «Բարսելոնայի» մոտ պատկերն այլ է: «Ռեալի» հետ հանդիպմանը մասնակցեցին 9 ֆուտբոլիստներ, որոնք խաղադաշտ էին դուրս եկել նաեւ «Չելսիի» հետ խաղում: Եթե լոնդոնյան դերբին անցավ բավական հանգիստ պայքարում, ապա «Էլ Կլասիկոյում» «Բարսելոնոն» մեծ ջանքեր գործադրեց:

2. Հոգեբանական պատրաստվածություն

Ապրիլի 21-ին «Բարսելոնան», պարտվելով «Էլ Կլասիկոյում», մեծ հաշվով չեմպիոնական տիտղոսը զիջեց  Մադրիդի «Ռեալին»: Գվարդիոլայի թիմն ամենաանհարմար պահին պարտվեց անհաշտ մրցակցին: Երբ բոլորը խոսում էին Արքայական ակումբի հոգեբանական ճնշվածության մասին, կատալոնացիները պարտվեցին «Ռեալին» սեփական երկրպագուների աչքի առջեւ: Ցավալի էր:

«Չելսին» գտնվում է հոգեբանական լավ վիճակում: Նոր մարզչի գլխավորությամբ լոնդոնցիները 14 հանդիպում են անցկացրել՝ հաղթելով 10 անգամ: «Չելսին» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ հաղթելով առաջին խաղում, ինչպես նաեւ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր է ձեռք բերել եւ շարունակում է պայքարել չորրորդ տեղ գրավելու համար: Ամիսներ առաջ մղձավանջ թվացող մրցաշրջանը կարող է լավագուններից մեկը դառնալ «Չելսիի» պատմության մեջ: Դա հնարավոր կլինի Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում, այդ իսկ պատճառով «Բարսելոնայի» դեմ խաղում դաշտ դուրս կգան ֆուտբոլիստներ, որոնք կարող են հաղթել ցանկացած մրցակցի:

3. Կազմերը

Երեւի, «Բարսելոնայի» մեկնարկային կազմը լավագունն է աշխարհում: Սակայն, երբ մեկնարկային կազմի մեկ-երկու խաղացողներ վնասվածք են ստանում, Գվարդիոլայի թիմը լուրջ խնդիրներ է ունենում:

Չարաբաստիկ աշխարի ակումբային առաջնությունը կատալոնացիներին զրկեց թիմի միակ առաջ քաշված հարձակվող Դավիդ Վիլյայից: Նրան արժանի փոխարինողներ դեռեւս չկան, ինչի արդյունքում հարձակման գծում ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկել է Մեսիի վրա:

Խնդիրներ կան նաեւ միջին գծում: Երբ կիսապաշտպաններից մեկի խաղը չի ստացվում, կամ երբ հարձակման գիծն ուժեղացնելու կարիք է լինում, Գվարդիոլան ընտրության մեծ հնարավորություն չի ունենում:

Առաջին փոխարինող համարվող Իբահիմ Աֆելային, կարծում եմ, արդեն քչերն են մտաբերում: Մասկերանոն դարձել է կենտրոնական պաշտպան, իսկ Սեյդու Կեյտայի հետ մեծ հույսեր կապել պետք չէ:

Պահեստայինների հետ կապված խնդիրներն ակնհայտ էին նաեւ «Էլ Կլասիկոյի» ժամանակ: Ամենակարեւոր մրցավեճում խաղադաշտ դուրս եկան Տելյոն, որը ձախողեց հանդիպումը, եւ այնքան էլ չփայլող Տյագո Ալկանտարան, իսկ հանդիպումը փրկելու համար փոխարինման մտավ մրցաշրջանի մեծ հատվածը բաց թողած Պեդրոն:

4. Առաջատարները

Նախորդ հանդիպումները ցույց տվեցին, որ կատալոնական ակումբի առաջատարներն այնքան էլ լավ մարզավիճակում չեն: Առաջին հերթին դա վերաբերվում է Չավիին: Տաղանդավոր ֆուտբոլիստի խաղն անկում է ապրել վերջին հանդիպումներում ինչպես խաղային, այնպես էլ ֆիզիկական որակների առումով: Արդեն երրորդ խաղում անընդմեջ Չավին հեռանում է խաղադաշտից, երբ «Բարսելոնան» պարտվողի դերում է լինում («Լեւանտե», «Չելսի», «Ռեալ»): Եթե խաղային որակները կարող են լավանալ մեկ հանդիպման ընթացքում, ապա ֆիզիկական տվյալները վերականգնել դեռեւս չի ստացվում:

Պետք է նշել նաեւ Մեսիի եւ Ալվեշի խաղը: «Էլ Կլասիկոյում» Ֆաբիու Կոենտրաուն ուղղակի «կուլ տվեց» բրազիլացուն: Սպասվում է, որ «Չելսիի» հետ խաղում Ալվեշին կդիմավորի Էշլի Քոուլը, ում խաղամակարդակին հասնելու համար Կոենտրաուն դեռ շատ պետք է աշխատի: «Բարսլենայի» աջ պաշտպանին լուրջ դիմադրություն է սպասվում այս խաղում:

Վերջին շրջանում կարծիք է ձեւավորվել, որ Մեսին Արգենտինայի հավաքականում այնքան էլ տպավորիչ ֆուտբոլ չի խաղում, քանի որ այնտեղ չկան Չավի եւ Ինյեստա: Ճի՞շտ է դա, թե՞՝ ոչ, սակայն, երկու կարեւոր խաղերում արգենտինացին չկարողացավ դրսեւորել իր լավագույն որականեր, ինչպես եւ Չավին:

«Չելսիում», բացառությամբ Թերիի, անփոխարինելի ֆուտբոլիստներ չկան, իսկ լոնդոնցների ավագն էլ մարտականորեն է տրամադրված եւ, միանշանակ, կբարդացնի կատալոնացիների կյանքը հարձակման գծում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով