Տրապիզոնում ավարտված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականը ոչ մի ուղեգիր չնվաճեց: Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում հանդես գալու իրավունք ունի միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը:
Հայաստան վերադառնալուց հետո հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն իր տպավորություններն է ներկայացրել NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
Պարոն Աղամալյան, պարզ է, որ հավաքականի մարզիկների ելույթները չեն կարող բավարար լինել: Թիմը ոչ մի ուղեգիր չնվաճեց: Սակայն որպես մասնագետ դուք անկասկած ունեք ձեր կարծիքը:
Ես, իհարկե, ունեմ իմ գնահատականը մեր մարզիկների ելույթներին: Մրցավայր մեկնելուց առաջ մեր զրույցի ժամանակ ես նշեցի, որ ռեալ եմ համարում օլիմպիական մեկ կամ երկու ուղեգիր վաստակելը: Հիմնականում ես հույս էի կապում Վլադիմիր Սարուխանյանի հետ, մտածում էի, որ ուղեգիր կարող է վաստակել նաեւ Կորյուն Սողոմոնյանը: Վերջինս, այսպես ասած, «վառվեց» մրցումներում: Հաղթանակ հասնելու ցանկությունը այնքան մեծ է երիտասարդ բռնցքամարտիկի մոտ, որ նա իր մենամարտը չանցկացրեց: Ինչ վերաբերում է Վլադիմիր Սարուխանյանին, ապա նա Տրապիզոնում չի պարտվել: Շոտլանդացի բռնցքամարտիկին մեր մարզիկը նույնիսկ «ծեծել» է:
Մրցավարները շոտլանդացուն հաղթանակ շնորհեցին 19:7 հաշվով. այսքան հնարավո՞ր է անարդար լինել:
Ես իմ մասնագիտական կարծիքն եմ արտահայտում: Երրորդ ռաունդից առաջ շոտլանդացուն երեք միավորի առավելություն էին տվել: Վերջին ռաունդում նա ոչ մի հարված չտվեց, բայց նրա օգտին հաշվեցին ինը միավոր: Մենք բողոք էլ ներկայացրեցինք, սակայն ցավոք ոչ մի օգուտ դրանից չեղավ: Նորից եմ կրկնում, Սարուխանյանը իր մրցակցին չի պարտվել: Ավելին ես ասեմ, որ Վլադիմիր Սարուխանյանը 60 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերում մեդալի հավակնորդ բռնցքամարտիկ կլիներ:
Ինչպե՞ս կգնահատեք մյուս տղաների ելույթները:
Այս պահի դրությամբ բոլորն էլ հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում: Ես հավաքականը ընդունել եմ աշխարհի առաջնությունից հետո եւ երբեք ստվեր չեմ ուզում գցել թիմի նախկին մարզիչների վրա: Բայց այն ժառանգությունը, որը ես ստացա որպես հավաքականի մարզիչ, իր հնարավորություններով անսահմանափակ չէր: Մենք արեցինք հնարավորը: Այս կազմը ավելիին այս պահին չէր կարող հասնել: Համոզված եմ, որ այս նույն տղաները ժամանակի ընթացքում կարող են ավելի բարձր արդյունքների հասնել, բայց հիմա, ավաղ, սա է նրանց առավելագույն արդյունքը:
Հրաչիկ Ջավախյանի մասին ի՞նչ կասեք:
Հայաստանի չեմպիոնը 64կգ քաշային կարգում Արա Պուլուզյանն է: Այս բռնցքամարտիկը լավ հանդես եկավ նաեւ նախավարկանիշային մրցաշարում, որը անցկացվեց Ֆինլանդիայում: Ջավախյանը չգիտեմ ինչեր է խոսում, բայց նշեմ, որ ես սպարինգով հավաքականի առաջին համարին չեմ ընտրում: Բացառության կարգով նրան ընդառաջեցինք նույնիսկ, սակայն նա անձնական քաշի խնդիր էլ ուներ: Պուլուզյանը արժանի կերպով հանդես է եկել հավաքականի կազմում:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում