19:17  ,  19 հուլիսի, 2013

Sports.ru-ի գլխավոր խմբագիր Յուրի Դուդի գլխավոր սկզբունքներն աշխատանքում. հարցազրույց

«Առաջին սխալը, որը թույլ է տալիս մարդը, ով ցանկանում է լրագրող դառնալ, դա ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելն է» Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսական Sports.ru  հեղինակավոր մարզական կայքի գլխավոր խմբագիր Յուրի Դուդը:

Յուրի, Դուք սկսել եք  լրագրողի կարիերան 11 տարեկանում, 24-ում դարձել եք Ռուսաստանի ամենահեղինակավոր մարզական կայքերից մեկի գլխավոր խմբագիրը: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց այսպիսի հաջող կարիերան:

Առաջին հերթին, ես չեմ գտնում, որ արդեն հասցրել եմ հաջող կարիերա կառուցել: Ամեն բան շատ դինամիկ է ստացվել, ինչպես եւ մեր մասնագիտությունն ընտրած շատ մարդկանց մոտ: Ես մանկուց երազում էի ֆուտբոլիստ դառնալ: Բակում ֆուտբոլ էի միշտ խաղում, կազմակերպում էի տարբեր օլիմպիադաներ, սպարտակիադաներ եւ մարզական այլ իրադարձություններ: Ես ապրում էի դրանով: Ես ապահովված ընտանիքից չէի եւ փոքր տարիքում ֆուտբոլից բացի ուրիշ ոչինչ չունեի: Իսկ դրաման այն էր, որ ես մանուկ տարիքում հիվանդացա աստմայով, եւ դա խոչնդոտ հանդիսացավ, որ ես մտնեմ ֆուտբոլի խմբակ: Ես փորձեցի այլնտրանք գտնել եւ գտա մի թերթ, որտեղ պատանիները գրում էին պատանիների համար: Այն ժամանակ ես 11 տարեկան էի: 13-ում սկսեցի գրել մեծահասակների համար նախատեսված թերթում: 15-ում սկսեցի ծնողներիցս շատ գումար վաստակել, 16-ում դարձա «Իզվեստիա» պարբերականի մշտական աշխատող: Այն ժամանակ «Իզվեստիան» շատ ուժեղ լրատվամիջոց էր, իսկ մարզական բաժնում աշխատում էին լավագույն մասնագետները:

Ես մեկ անգամ կարդացի Ձեր հարցազրույցում, որ լավ լրագրող դառնալու համար պետք չէ ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

Ես այդպես եմ կարծում: Առաջին սխալը, որը թույլ է տալիս մարդը, ով ցանկանում է լրագրող դառնալ, դա ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելն է: Դա հավելյալ հինգ տարի հումանիտար կրթություն է, որտեղ բավական թույլ կարգապահություն է, եւ ամեն մեկը դա յուրովի է օգտագործում: Առավելությունն այն է, որ դու կարող ես ձեռք բերել կապեր եւ զուգահեռաբար աշխատել առաջին կուրսից սկսած՝ բաց թողնելով դասախոսությունները, դառնալ ինչ-որ մի ԶԼՄ-ի աշխատակից: Լավագույնը, ինչ կարելի է վերցնել ժուռնալիստիկայի ֆակուլտետից գիտելիքների առումով, դա օտար լեզվի իմացությունն է, բայց փաստ չէ, որ դու դրան հինալի կտիրապետես: Դրա համար իմ կարծիքով ավելի լավ է կրթություն ստանալ բանասիրական կամ օտար լեզուների ֆակուլտետներում: Հենց այնտեղ դու կլցվես գիտելիքներով: Ես ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Չեմ ասում, թե սխալվել եմ, բայց գիտակցում եմ, որ իմ մասնագիտության մեջ ես հեռու եմ ամենակրթվածը կոչվելուց: Եվ կրկին, եթե նայենք առավելություններին, ժուռնալիստիկայի ֆակուլտետը թույլ է տալիս շատ շուտ սկսել աշխատել այս ոլորտում: Երբ դու սկսում ես աշխատել 21-ից՝ համալսարան ավարտելուց հետո, հիմնականում ուշանում ես:

Ի՞նչ որակներ պետք է ունենալ լավ լրագրող դառնալու համար:

Երեք կարեւոր բան՝ հետաքրքրասիրություն, խիզախություն եւ շատ աշխատելու պատրաստակամություն: Ռուսաստանում յուրանքաչյուր լրագրող մեծ ռիսկի է գնում այս ոլորտում աշխատելու համար: Բացի այդ, մեր երկում կա շերտավորում, երբ քեզնից ավելի շատ գումար վաստակող մարդիկ իրենց թույլ են տալիս քո վրա վերեւից նայել: Միշտ պետք է հիշել, որ բոլոր մարդիկ հավասար են, կապ չունի նրանք աշխատում են  Կրեմլում, թե թերթեր են վաճառում մետրոյի մուտքի մոտ: Լրագրողը չպետք է դա մոռանա: Հենց այս դեպքում դու կկարողանաս հայտնի մարդկանցից ընթերցողի համար ինֆորմացիա կորզել: Ինչպես նաեւ ակնհայտ է, որ լրագրողները Ռուսաստանում շատ ցածր են վարձատրվում: Այդ պատճառով լավ ապրելու համար պետք է լավ եւ շատ աշխատել: Երբեմն՝ մի քանի տեղ:

Ձեր առջեւ հաճա՞խ են դռներ փակվել:

Փոքր հարցերում՝ այո: Օրինակ՝ ինչ-որ մեկը հրաժարվել է հարցազրույց տալ, բայց դա այնքան չնչին բան է, որ չարժի լուրջ ընկալել: Ես կասեի, որ իմ առջեւ փակվել են օդանցքներ։

Ի՞նչ խորհուրդներ կտաք սկսնակ լրագրողներին:

Առաջինը՝ զրուցակցիդ պոտենցիալն է: Կան մարդիկ, ում հետ այնքան շատ հարցազրույց են անում, որ նրանցից նոր բան կորզելը գրեթե անիրական է: Դրա համար հարցազրույցի գնալուց առաջ պետք է գիտակցել՝ ում մոտ ես գնում, եւ կա արդյոք նոր ասելիք: Երկրորդը՝ հարցազրույցին պատրաստվելն է: Հարգանքի նշան է՝ զրուցակցին չտալ այն հարցերը, որոնց նա բազմիցս պատասխանել է: Ընթերցողին հետաքրքիր չէ նույն բանը նորից կարդալ: Դու պետք է կարողանաս քո հարցազրույցում զրուցակցիցդ կորզես այն, ինչը նա այլ հարցազրույցներում ամբողջովին չի պատմել: Երրորդը դա դիմացինի հանդեպ չափից դուրս հիացմունք  է: Պետք չէ ամաչել դիմացինին անհարմար հարց տալ: Դու պետք է հիշես, որքան էլ դիմացինդ հայտնի լինի, դուք միեւնույն է հավասար եք: Քո առաջնային նպատակը ոչ թե զրուցակցիդ, այլ ընթերցողիդ ծառայելն է:

Sports.ru-ն ի՞նչ խնդիրներ է ունենում հռչակավոր մարզիկների եւ գործիչների հետ հարաբերություններում։

Sports.ru-ի սպեցիֆիկան մի քիչ տարբերվում է շատ այլ կայքերից եւ պարբերականներից: Եթե այնպես լինի, որ մեզ ոչ ոք հարցազրույց չտա՝ դա վատ կլինի, բայց ոչ մահացու:Մենք միեւնույն է կկարողանաք հետաքրքրել մեր ընթերցողին: Միակ բանը առանց որի մենք չենք կարող, դա առողջ դատելու եւ ազատ կարծիքն արտահայտելն է: Դրա համար ազատ քննադատության եւ օպերատիվ լուրեր դնելու հարցում մենք նախապատվությունը տալիս ենք առաջինին: Եթե ՌՖՄ-ի մարզիչների աշխատանքի հարցում հարկերի օրենք է ընդունել, մենք չպետք է մտածենք, որ Նիկոլայ Տոլստիխի հետ լավ հարաբերությունների մեջ ենք: Մենք չենք մտածում ընկերության մասին եւ գրում ենք ճշմարտությունը, իսկ ճշամարտությունն այն է, որ այդ հարկը հիմարություն է: Անգամ ինֆորմացիոն հովանավորությունը չի կարող մեզ խանգարել ճշմարտությունն ասելուց: Մեր գովազդային վահանակը երկար ժամանակ կախված է «Լոկոմոտիվի» ստադիոնում: Բայց երբ այդ թիմում սկսում են տեղի ունենալ սխալ բաներ, իսկ դրանք հաճախ են լինում, մենք չենք հապաղում գրել, որ Ռուսաստանի ամենահարուստ ակումբներից մեկում, որը հովանավորվում է պետական փողերով, տեղի են ունենում սխալ բաներ:

Գաղտնիչ չէ, որ այսօր ինտերնետը դարձել է առաջատար մեդիա հարթակը։ Ինպե՞ս եք պատկերացնում լրագրության հետագա զարգացումը առաջիկա հինգ տարում:

Կարծում եմ՝ առաջիկա հինգ տարում մարդիկ ավելի շատ կսկսեն օգտվել ինտերնետից հեռախոսներով: Բացի այդ, մարդիկ տարեց-տարի ավելի ու ավելի կբթանան: Ոչ միայն այն պատճառով, որ գրքեր չեն կարդա, այլ նաեւ այն պատճառով, որ ժամանցի միջոցները կշատանան: Այդ պատճառով մարդիկ կսկսեն ցանկանալ ստանալ ինֆորմացիա ամենադյուրին եղանակներով: Մեմերը, ծաղրանկարները, կարեւոր իրադարձությունների մասին կարճ հոլովակները ավելի դիտվող կդառնան: Արդյունքում մարդիկ օրվա պատկերը կկերտեն հենց այսպիսի պարզ ու մատչելի տարբերակով:

Օրինակ՝ երբ Ռուսաստանի հոկեյի հավաքականը դուրս մնաց աշխարհի առաջնությունից, մենք տեղադրեցինք Բուբնովի լուսանկարը, որտեղ նա ասում էր «Բոլորին՝ երկուս»: Այդ նկարը ահռելի մեծ ընթերցողների թիվ ունեցավ, չնայած հավաքականի ձախողման մասին մեծ հոդվածն ավելի շատ ընթերցողներ հավաքեց, պարզապես ավելի ուշ տեղադրվեց: Մեր լրահոսում հայտնված փոքր ֆորմատները մենք անվանում ենք «նանոպոստեր»: Ժամանակի ընթացքում այդ «նանոպոստերը» կշատանան թե մեր, թե մրցակիցների մոտ: Մեծ տեքստերը կդառնան արտ-հաուս: Նրանք կունենան իրենց ընթերցողը, բայց նրանց թիվը շատ փոքր կլինի:

Ժամանակին այդքան սիրված բլոգերն ու կոնֆերենցիաները նույնպե՞ս դառնում են  պատմություն:

Կոնֆերենցիաները վաղուց են դարձել արտ-հաուս: Իսկ բլոգերը միշտ կապրեն ու կծաղկեն: Մարդը ունի մշտական պահանջներ։ Դրանցից մեկն էլ տպավորություններով կիսվելու ցանկությունն է: Մարդիկ միշտ ցանկանալու են ունենալ իրենց բլոգը, facebook-ը, twitter-ը, որպեսզի պատմեն, թե ինչ են տեսել եւ զգացել: Բացի այդ, բլոգերը շատ լավ հնարավորություն են խոսել այն մարզաձեւերի մասին, որոնց մասին հիշում են չորս տարին մեկ անգամ: «Տրիբունայի» առավելությունն այն է, որ դա հայտնի կայքում բլոգերի միավորում է: Երբ դու գրում ես այնտեղ, քեզ կարդում են ոչ միայն քո ընկերները, այլ նաեւ հազարավոր անծանոթ մարդիկ: Եթե քո աշխատանքը որակյալ է, ընթերցողների թիվը բնականաբար ավելի մեծ կլինի: Երբ ըմբշամարտի ֆեդերացիան մեզ մոտ իր բլոգը թարմացնում է, ես չեմ կարողանում պոկվել այդ բլոգից: Վառ օրինակ, թե ինչպես ոչ այդքան տարածված մարզաձեւը կարող է դառնալ շատ հետաքրքիր հասարակության լայն զանգվածներին՝ կրեատիվ աշխատանքի շնորհիվ:

Գլոբալիզացիան եւ ինտերնետի տարածումը չե՞ն սպանում այն ռոմնատիկան, որը կար ֆուտբոլում կես դար առաջ:

Ոչ։ Մենք դեռ ապրում ենք մի երկրում, որտեղ հեռուստացույց դիտելու միակ միջոցը հանրային առաջին ալիքն է: Իսկ ինտերնետը հնարավորություն է տալիս տարբեր առաջնությունների, տարբեր հանդիպուներ դիտել: Ինտերնետը շատ է օգնում ֆուտբոլի պրոպագանդային: Ուրիշ հարց է, որ համակարգիչները վնաս են հասցնում ֆուտբոլին որպես գործողություն: «Կրասնոդար» ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին, ով ազգությամբ հայ է, վերջերս շատ ճիշտ նկատեց, որ մոտ ապագայում եվրոպացի ֆուտբոլիստերի թիվը կնվազի, իսկ երրորդ աշխարհի ֆուտբոլիստներինը կաճի: Պատճառը համակարգիչներն են: Առաջ պարապության միակ այլընտրանքը բակում խաղալն էր, իսկ այժմ այլընտրանքը մեծ է, եւ նրանք բոլորը կապված են համակարգիչների հետ:

Դուք այժմ էլ եք ֆուտբոլը սիրում ինչպես մանկության տարիներին:

Ցավոք սրտի, երբ ընկղմվում ես ֆուտբոլի մեջ եւ տեսնում ես թե որքան շատ կեղտ կա այնտեղ, սիրելը այն ինչպես մանուկ տարիներին դառնում է անհնարին: Փոքր տարիքում ֆուտբոլն ինձ համար ամեն ինչ էր: Ես անգամ վստահ չէի ֆուտբոլն էր ավելի կարեւոր թե ընտանիքս: Այժմ առաջվա ռոմանտիկան չկա, բայց պատահում է, որ որոշ դրվագներ ստիպեն ինձ ճչալ կամ էլ արտասվել: Բայց կարեւորը որ ես մինչեւ հիմա էլ վստահ եմ, որ ֆուտբոլը մարդկության պատմության ընթացքում ամենալավ ստեղծագործությունն է:

Ինչո՞ւ է հենց ֆուտբոլը աշխարհի թիվ մեկ մարզաձեւը:

Որովհետեւ դա ամենահեշտ խաղն է: Ես նկատի ունեմ հասանելիության տեսանկյունից: Քեզ պետք չեն օղակ, ռակետ, մական կամ կի: Դարպասաձողերի դերում հանգիստ կարող են լինել  դպրոցական պայուսակները, գնդակը՝ ցելոֆոններով լի զուգագուլպաները: Դուրս ես գալիս բակ եւ վազում առաջ: Տասը տարի հետո շատ հանգիստ կարող ես դառնալ Դրոգբա կամ էլ Ադեբայոր:

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ «Բորուսիա» տեղափոխվելու մասին։

Այդ տեղափոխությանը մի քիչ անհանգստությամբ եմ վերաբերվում: «Բորուսիան» թիմ-մանուֆակտուրա է, որը թանկ ֆուտբոլիստներ է աճեցնում, բայց ինքը երբեք թանկ ֆուտբոլիստների չի գնում: Իսկ Հենրիխը եկավ «Բորուսիա» արդեն թանկ ֆուտբոլիստի կարգավիճակում:Ես ավելի շատ անհանգստացած կլինեի, եթե մեկ տարի առաջ «Բորուսիան» գնած չլիներ Մարկո Ռոյսին: Նրա համար վճարել էին 17 միլիոն եվրո, եւ նա արդարացրեց այդ ծախսը: Ես հույս ունեմ, որ Հենրիխի մոտ այդպես կլինի, անգամ ավելի լավ: Եվ նաեւ հույս ունեմ, որ «Բորուսիան» դեռ չի ապրել իր գագաթնակետը նախորդ մրցաշրջանում, եւ որ այն կշարունակի առաջ գնալ, զարգանալ եւ չի ապրի 2012/13 հիանալի մրցաշրջանի հուշերով:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով