22:36  ,  7 հունիսի, 2013

Վարդան Մինասյան. Երկրորդ անգամ հրաժարական տալը ծիծաղելի կլինի

Ես մեկ անգամ հրաժարական տվել եմ, երկրորդ անգամ, կարծում եմ, ծիծաղելի կլինի նույնն անել:

Այդ մասին ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Մալթայի թիմի հետ խաղից հետո ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Դժվար եւ ավելորդ է խաղին գնահատական տալը: Մենք պարտվեցինք: Գոլ բաց թողեցինք՝ չկարողանալով գոլ խփել:

Ես ասել էր, որ մի քանի ֆուտբոլիստներ այնքան էլ լավ ֆունկցիոնալ վիճակում չէն: Այդ է պատճառը, որ Յուրա Մովսիսյանը չկար առաջին խաղակեսում: Մալթան խաղում է ավելի փակ ֆուտբոլ: Դրա համար մենք նախապատվությունը տվեցինք Մարկոսին եւ Մանուչարյանին:

Ես եմ այս պարտության մեղավորը, իմ վրա եմ վերցնում մեղքը: Եթե մեղավոր եմ, թող պաշտոնանկ անեն ինձ: Ես մեկ անգամ հրաժարական տվել եմ, երկրորդ անգամ, կարծում եմ, ծիծաղելի կլինի նույնն անել: Եթե մեղավոր եմ, թող հեռացնեն:

Հարվածները քիչ էին, համաձայն եմ: Երկրորդ խաղակեսում մի քիչ շտկվեց այդ թերությունը: Այս կարգի պարտությունից հետո դժվար է ուժ եւ ոգեւորություն գտնել: Սա արդեն մեր չորրորդ պարտությունն էր»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, որ 5 խաղ անցկացրած Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց B խմբում, իսկ մալթացիներն առաջին հաղթանակը տարան ընտրական մրցաշարում եւ, հավաքելով 3 միավոր, հավասարվեցին Վարդան Մինասյանի թիմին:

Վերա Մարտիրոսյան 

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով