09:05  ,  21 հունվարի, 2013

Յուրա Մովսիսյան. Սուր մրցակցությունը «Սպարտակում» ինձ կդարձնի ավելի ուժեղ ֆուտբոլիստ

«Ընտրել եմ «Սպարտակը», որովհետեւ այնտեղ մրցակցությունը սուր է, եւ ինձ այնտեղ շատ դժվար է լինելու: Ես միայն ուրախ եմ, որ իմ նոր թիմում կա ուժեղ մրցակցություն: Դա ինձ կդարձնի ավելի ուժեղ ֆուտբոլիստ»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով մեկ ամիս առաջ 4,5 տարվա պայմանագիր կնքեց Մոսկվայի «Սպարտակի» հետ: 25-ամյա Մովսիսյանը հունվարի 19-ին վերադարձել է Մոսկվա:

Յուրա, տարին շատ հաջող ավարտվեց քեզ համար: Ինչպե՞ս անցկացրիր ամանորյա տոները:

Շատ լավ անցկացրի: Մեկնեցի ԱՄՆ: Լավ եղավ, որ հանգստացա տաք երկրներում: Ես ու կինս եղբորս ընտանիքի հետ մեկնեցինք Մեքսիկա՝ հանգստանալու: Այժմ անհամբեր սպասում եմ ֆուտբոլային սեզոնի մեկնարկին:

Շատերին միչեւ հիմա հետաքրքրում է այն հարցը, թե ինչու դու եւ «Սպարտակի» ղեկավարությունը մինչեւ վերջին պահը հերքում էիք քո տրանսֆերի լուրը, երբ արդեն կային բազմաթիվ ապացույցներ, լուսանկարներ եւ տեսագրություններ:

Պետք էր, որ այդ ամենը մնար գաղտնի: Դա ընդհանուր համաձայնություն էր իմ, «Սպարտակի», «Կրասնոդարի» միջեւ, որ մինչեւ հարյուր տոկոսով ամեն բան լուծված չլինի, ոչինչ չենք բարձրաձայնելու: Ես ինքս չեմ հերքել, բայց նաեւ չեմ ասել, որ այդպես է:

Քո տրանսֆերի ընթացքում մի քանի լրատվամիջոցներ պնդում էին, որ «Կրասնոդարից» քո հեռանալու հիմնական խնդիրը ֆինանսականն էր: Իբր դու ցանկանում էիր շատ բարձր աշխատավարձ, իսկ թիմը այն չէր կարող քեզ վճարել:

Իմ տեղափոխությունը «Սպարտակ» ոչ մի կապ չուներ ֆինանսների հետ: Ես «Կրասնոդարում» էլ էի լավ գումար վաստակում: Հարցն այն էր, որ ես ցանկանում էի ավելի ուժեղ ակումբ տեղափոխվել, որպեսզի խաղայի Չեմպիոնների լիգայում կամ գոնե Եվրոպայի լիգայում:

Այսինքն, եթե «Կրասնոդարը» երեք անգամ բարձրացներ քո աշխատավարձը, դու միեւնույն է կտեղափոխվեի՞ր «Սպարտակ»:

Գումարի մասին ընդհանրապես խոսք չի եղել: Եթե ես ցանկանայի մնալ «Կրասնոդարում», բոլոր ֆինանսական հարցերը կլուծվեին, բայց ես ցանկանում էի խաղալ ավելի ուժեղ թիմում եւ շարժվեցի իմ ամբիցիայի հետեւից:

Շատ ֆուտբոլային մասնագետներ կարծում էին, որ «Սպարտակը» այն ակումբը չէր, ուր դու պետք է տեղափոխվեիր: Չնայած իր փառավոր պատմությանը՝ այսօր թիմը չի խաղում այն ուժեղ ֆուտբոլը եւ, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում հանդես չի գա Չեմպիոնների լիգայում:

Ամեն թիմ ունենում է վերելքներ եւ ժամանակներ, երբ դժվարություններ է ունենում: Գուցե «Սպարտակն» այսօր իր ամենալավ ժամանակաշրջանը չի ապրում, բայց պետք է հաշվի առնել, որ այսօրվա դրությամբ «Սպարտակը» Ռուսաստանի, նաեւ ԱՊՀ ամենասիրված թիմն է` թե՛ երկրպագուների քանակով, թե՛ վիճակագրական տվյալներով: Եվ ինձ պետք էր ամենամեծ անունով թիմ տեղափոխվել: Գուցե այսօրվա արդյունքները դա չեն վկայում, բայց ժամանակները կարող են փոխվել եւ ամեն բան ուրիշ ձեւ ընթանա:

Շատ է խոսվում, որ «Սպարտակում» քեզ սպասվում է ուժեղ մրցակցություն: Դու ուժեղ կամային որակներ ունեցող ֆուտբոլիստ ես, բայց երեւի կհամաձայնես, որ քեզ հեշտ չի լինելու:

Ես հենց դրա համար էլ ընտրել եմ «Սպարտակը», որովհետեւ այնտեղ մրցակցությունը սուր է, եւ ինձ այնտեղ շատ դժվար է լինելու: Ես միայն ուրախ եմ, որ իմ նոր թիմում կա ուժեղ մրցակցություն: Դա ինձ կդարձնի ավելի ուժեղ ֆուտբոլիստ:

«Սպարտակը» Ռուսաստանում ունի երկրպագուների ամենամեծ բանակը, բայց մյուս կողմից` այն միշտ հալածվում է մյուս բոլոր թիմերի երկրպագուների կողմից: Որքանո՞վ է քեզ համար կարեւոր երկրպագուների դերը:

Ինձ համար դա շատ կարեւոր է: Ես հենց ցանկանում էի խաղալ այնպիսի թիմում, որը երկրպագուների ամենամեծ բանակը կունենա: Այդ առումով «Սպարտակը» բոլորից ուժեղ է: Թիմի երկրպագուներն իսկապես շատ-շատ են:

Հունվարի 25-ից փետրվարի 6-ը «Սպարտակը» հավաք կանցկացնի ԱՄԷ-ում: Ստացվում է, որ դու չե՞ս մասնակցի փետրվարի 5-ին կայանալիք Հայաստանի ազգային հավաքականի ընկերական խաղին:

Չգիտեմ, դեռ պարզ չէ:

Երբ խաղում էիր «Կրասնոդարում», հարցազրույցներից մեկում ասացիր, որ ԱՄՆ-ից հետո Կրասնոդարին հարմարվելը շատ դժվար է: Մոսկվան էլ ունի իր առանձնահատկությունները` հատկապես կլիմայական: Հե՞շտ կհարմարվես քո նոր քաղաքին:

Դժվար է Մոսկվայում ապրել` հաշվի առնելով խցանումները, եղանակը: Բայց, եթե հաշվի առնենք, որ «Սպարտակում» եմ խաղում, այդ ամեն ինչին կարող եմ հարմարվել:

Չե՞ս պատրաստվում ռուսերեն սովորել: «Սպարտակի» հետ 4,5 տարվա պայմանագիր ունես:

Ռուսերեն արդեն հասկանում եմ, իսկ խոսելը… Չեմ կորի, այդպես ասեմ:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով