Աշխարհի չեմպիոն Ռոմարիոն 58 տարեկանում վերսկսել է կարիերան, որպեսզի որդու հետ խաղա նույն թիմում։ Լեգենդար բրազիլացին Ռիոյի «Ամերիկա» ակումբի նախագահն է։ Թիմը հանդես է գալիս բրազիլական Դ Սերիայի առաջնությունում։ Ռոմարիոն ընդգրկվել է թիմի հայտացուցակում։ «Ամերիկայում» է խաղում նաեւ նրա 30-ամյա որդին՝ Ռոմարինյոն։
«Ես չեմ պայքարում չեմպիոնության համար, ցանկանում եմ մի քանի հանդիպում անցկացնել իմ սրտի թիմում։ Նաեւ ցանկանում եմ իրականացնել երազանքներիցս մեկը՝ որդուս հետ նույն թիմում խաղալ»,- Ռոմարիոյի խոսքը մեջբերում է ESPN FC-ն։
Ռոմարիոն Բրազիլիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն է դարձել 1994 թվականին։ Նա հանդես է եկել «ՊՍՎ Էյնդհովենում», «Բարսելոնայում», «Վալենսիայում», «Վասկո դա Գամայում», «Ֆլամենգոյում», «Ֆլումինենսեում»։ Վերջին պրոֆեսիոնալ հանդիպումը նա անցկացրել է 2009 թվականին «Ամերիկայի» կազմում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում