10:16  ,  10 հունվարի, 2024

Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը՝ 2023-ի հաղթանակների, նվաճումների եւ ձախողման մասին

Մրցաշրջան-2023-ը մեծ հաղթանակների ու ձեռքբերումների տարի էր ազատ ոճի ըմբիշ, Մ23 աշխարհի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանի համար: Անցած տարի երիտասարդ ըմբիշն իր առաջին մեծ հաղթանակը տոնեց մեծահասակների կազմում՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն: Նաեւ տպավորիչ հաղթանակներով նվաճեց իր առաջին մեդալը մեծահասակների աշխարհի առաջնությունում՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Այս մեդալով Եվրոպայի չեմպիոնը նվաճեց նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Մեծ նվաճումներին զուգահեռ երիտասարդ ըմբիշի կյանքում տեղի ունեցավ եւս մեկ շատ կարեւոր իրադարձություն. Վազգեն Թեւանյանը ամուսնացավ, իսկ տարին եզրափակեց՝ առաջին անգամ մարզական կարիերայում տարվա 10 լավագույն մարզիկների կազմում ընդգրկվելով:

Եվրոպայի չեմպիոնը NEWS.am Sport-ի համար ամփոփել է հաղթանակներով լի 2023 թվականը:

Մրցաշրջան-2023-ը...

2023 թվականը ստացված տարի էր ինձ համար: Եվրոպայի չեմպիոն դարձա, աշխարհի առաջնությունում իմ առջեւ դրված նվազագույն խնդիրը լուծեցի՝ Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճեցի: Ուզում էի դառնալ աշխարհի չեմպիոն, գրեթե շատ քիչ էր մնացել այդ նպատակին հասնելու համար, բայց չստացվեց: Ուղղակի վերջին պահին կորցրեցի հաղթանակս: Ընդհանուր առմամբ շատ հաջող տարի էր 2023-ը:

Տարվա ամենամեծ հաղթանակը...

Այստեղ կցանկանայի նշել մի մեծ հաղթանակ, որն իմ կյանքում եղավ 2023-ում սպորտից դուրս՝ իմ ամուսնությունը: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ տղամարդու կյանքում ամուսնանալը, ընտանիք կազմելը ամենակարեւոր քայլն է, որը ես արեցի: Շատ ուրախ եմ այդ կապակցությամբ եւ համարում եմ մի մեծ հաղթանակ իմ կյանքում: Սպորտում ամենամեծ հաղթանակս կհամարեմ Եվրոպայի չեմպիոնությունը:

Ձախողում...

Ձախողում կհամարեմ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտը: 

Եվրոպայի չեմպիոնությունը...

Եվրոպայի առաջնություններում իմ առաջին հաղթանակը տարա: Շատ սպասված էր այս ոսկե մեդալն ինձ համար: Հիմա, որ վերհիշում եմ, շատ եմ ուրախանում, որ մեծ դժվարություններ հաղթահարելուց, մի քանի տարվա ընդմիջումից, վնասվածքներից ու մի շարք անհաջողություններից հետո կարողացել եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել: Այս հաղթանակները մարզիկին չեն փոխում, կյանքը չեն փոխում, բայց մարզական առումով մեծ ոգեւորվածություն են տալիս, սեփական ուժերի նկատմամբ հավատն են ավելացնում, առաջ են մղում դեպի նոր հաղթանակներ:

Աշխարհի բրոնզե հաղթանակը...

Ափսոսանքով եմ հիշում աշխարհի առաջնությունը, քանի որ շատ մոտ էի չեմպիոնությանը: Կիսաեզրափակիչում ուժերս չբավականացրեց, վերջին 30 վայրկյանում արդեն սպառվել էի, զգում էի, որ արդեն շատ եմ հոգնել: Բացի այդ, չհավատացի, որ մրցակիցս կաներ վերջին գլորումը: Չէի սպասում:

Նվաճեցի բրոնզե մեդալ, որի համար եւս շատ ուրախ եմ: Այս մեդալը շատ կարեւոր էր, քանի որ  նվաճեցի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Առաջին վարկանիշային մրցաշարով կարողացա նվաճել ուղեգիրը եւ այժմ ունեմ շատ ժամանակ Օլիմպիական խաղերին լավագույնս պատրաստվելու համար:

Փարիզի Օլիմպիական ուղեգիրը...

Փարիզ-2024-ն իմ երկրորդ Օլիմպիական խաղերն է լինելու: Տոկիո-2020-ի պես տրամադրվածությունս նույն է՝ չեմպիոնական: Որակական առումով այժմ ավելի փորձառու եմ: Ավելի լավ եւ պրոֆեսիոնալ ձեւով կպատրաստվեմ Փարիզ-2024-ին: 2023-ում մեծահասակներում նվաճածս երկու խոշոր մեդալներն ինձ ավելի մեծ վստահություն տվեցին:

Ամուսնությունը...

Հպարտ եմ, որ 2023-ում նաեւ կարողացա ամուսնանալ: Անկեղծ կլինեմ՝ շատերի նման ես էլ էի հետաձգել իմ ամուսնությունը: Սպասում էի, որ աշխարհի առաջնությունից հետո կազմակերպեմ հարսանիքս:

Ամուսնական կյանքը չի խանգարում սպորտին: Պետք է կարողանալ ամեն ինչն էլ անել: Եթե կա փոխըմբռնում, ընդհանուր նպատակ, շատ հեշտ է լինում համատեղել այս սպորտն ու ամուսնական կյանքը: Ինձ դուր է գալիս ամուսնացածի կարգավիճակը:

Սերը հրաշքներ է գործում: Սերը բերեց ինձ այն կետին, որ պետք է ամուսնության առաջարկություն անեմ:

Ամենահիշարժան օրը...

2023-ի ամենահիշարժան օրը, որն ամբողջ կյանքում կհիշեմ, հարսանիքիս օրն է՝  նոյեմբերի 19-ը:

2023-ի կատարված երազանքը...

Երկուսը կառանձնացնեմ՝ օլիմպիական ուղեգիր նվաճելս եւ, իհարկե ամուսնությունս: Առաջինը սպորտային կյանքի մեծ երազանքն էր, մյուսը՝ անձնական: Երկուսն էլ շատ կարեւոր էին ինձ համար:

2024-ի երազանքը...

Երազանքս Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է:

Նամակ ինքդ քեզ...

Եթե ինձ նամակ գրեի, կշնորհավորեի այն ամենի համար, ինչ ձեռք եմ բերել 2023-ում, ինչի կարողացել եմ հասնել: Բայց նաեւ անկեղծ կլինեի ինձ հետ եւ կասեի, որ աշխարհի առաջնությունում թերացա: Կարող էի աշխարհի չեմպիոն դառնալ, բայց բաց թողեցի հնարավորոթյունս: Որպես ինքս իմ առջեւ խնդիր, կասեմ, որ պետք է Օլիմպիական խաղերում հաղթեմ, որպեսզի այդ բացը լրացնեմ:

Նամակ Ձմեռ պապին...

Ձմեռ պապին խնդրել եմ, որ մեր երկրին խաղաղություն տա, հզորանանք, որ ուժեղ լինենք ոչ միայն մրցահարթակներում, մրցագորգերում, նաեւ այլ կարեւոր ոլորտներում եւ հարթակներում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով