19:32  ,  11 նոյեմբերի, 2023

Վահրամ Գրիգորյանը եւ Արամ Աղաջանյանը՝ աշխարհի փոխչեմպիոններ (ֆոտո)

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Աղաջանյանը (71 կգ) եւ Վահրամ Գրիգորյանը նվաճեցին արծաթե մեդալներ:

71 կգ քաշային Արամ Աղաջանյանը եզրափակիչում գոտեմարտեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Գուկեւ Ռամեդի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով:

Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ էր տարել ճապոնացի Կանտա Ամակադայի նկատմամբ, 1/8 եզրափակիչում 11:0 հաշվով պարտության էր մատնել բելգիացի Ժորա Շչիլդերմանսին: Քառորդ եզրափակիչում Աղաջանյանը 2:1 հաշվով առավելության էր հասել FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Ուլադժիլով Սայապինի նկատմամբ: Կիսաեզրափակիչում էլ 1:0 հաշվով հաղթել էր ուզբեկ Սարբոն Էրնազարովին:  

Մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վահրամ Գրիգորյանը եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Շեյխմ Հաբիբուլաեւին:

Գրիգորյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր խորվաթ Մատեյ Մատոսեւիչին: Քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսի ներկայացուցիչ Սայֆելդին Ելգարվային: Կիսաեզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել ղրղզ Սայակ Բարականովի նկատմամբ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում