16:26  ,  2 հոկտեմբերի, 2023

Արցախցի Էրիկ Առստամյան․ Շուտով կմիանամ Հայաստանի հավաքականին եւ կնախապատրաստվեմ մրցաշարերի

Կշարունակեմ ապրել Հայաստանում՝ իմ հայրենի հողի վրա: Կմարզվեմ եւ կփորձեմ նոր հաղթանակներ ունենալ իմ հայրենիքի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 54 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը:

Երիտասարդ բռնցքամարտիկն այս օրերին ընտանիքի անդամների հետ Երեւանում է: Նրա ընտանիքը եւս Արցախից բռնի տեղահանվածներից է: Մինչ այդ Էրիկ Առստամյանը Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի ապօրինի շրջափակման պատճառով մնացել էր Ստեփանակերտում եւ չէր կարողանում մասնակցել մրցաշարերի:

«Արդեն երկու օր է՝ Երեւանում ենք: Ընտանիքիս հետ եմ եկել Երեւան: Դեռեւս ապրում ենք բարեկամի տանը: Այս ընթացքում վարձով բնակարան ենք փնտրում, որպեսզի տեղափոխվենք: Հոգեբանական վիճակը, տրամադրությունը շատ վատ է: Վիրավորված ենք: Ընտանիքս նորմալ է: Կմնանք Հայաստանում, կապրենք մեր հողի վրա, մեր հայրենիքում:

Արդեն պետք է սկսեմ մարզումներս: Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունից հետո մրցաշարի չեմ մասնակցել ճանապարհի փակ լինելու պատճառով: Այդ ընթացքում մարզվել եմ այնտեղ: Անպայման շարունակելու եմ իմ մարզական կարիերան: Շուտով կմիանամ Հայաստանի հավաքականին եւ կնախապատրաստվեմ մրցաշարերի: Կմարզվեմ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում: Կփորձեմ նոր հաղթանակներ ունենալ իմ հայրենիքի համար»,- ասաց Էրիկ Առստամյանը: 

Եվրոպայի չեմպիոնը Երեւանում մայիսին անցկացված երիտասարդների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչում պարտվել էր Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանին եւ դարձել բրոնզե մեդալակիր։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով