12:28  ,  30 օգոստոսի, 2023

Արթուր Սողոմոնյան․ Եթե ՀՖՖ-ի այս կազմը եւս մեկ անգամ ընտրվի, հայկական ֆուտբոլից ոչինչ չի մնա

ՀՖՖ-ն ամեն ինչ անում է՝ երկրպագուների մուտքը մարզադաշտ խոչընդոտելու համար: Նրանց ամենամեծ նպատակն է, որ ես լքեմ ֆուտբոլը, փորձում են ինձ լռեցնել, եւ ես հասկանում եմ, թե ինչու․ որովհետեւ այս տարի ընտրություններ է: Եթե ֆեդերացիայի այս կազմը եւս մեկ անգամ ընտվի եւ 4 տարի շարունակի ղեկավարել, հայկական ֆուտբոլից ոչինչ չի մնա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Օգոստոսի 17-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» (Հայաստան) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) հանդիպման մուտքը երկրպագուների համար անվճար դարձնելուց հետո  ֆուտբոլային ակումբը խնդիրներ է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Երեւանյան ակումբը կարող է զրկել նաեւ Աբովյանի մարզադաշտից, որտեղ անցկացվում են «Փյունիկի» տնային խաղերը Հայաստանի առաջնությունում:

Պարոն Սողոմոնյան, Դուք հայտարարել եք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ձեր գլխավորած ակումբին շանտաժի է ենթարկում: Ի՞նչ նոր խնդիր է առաջացել «Փյունիկի» եւ ՀՖՖ-ի միջեւ:

Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ մեր խնդիրը սկսվել է դեռեւս անցած տարի եվրագավաթների ժամանակ: Ֆեդերացիան չէր աջակցում ակումբին: Նույնը կատարվեց նաեւ այս տարի: Երբ նոր էինք սկսում պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, մեզ ասացին, որ խաղալու ենք Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: Խնդրեցինք տրամադրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, քանի որ Աբովյանի մարզադաշտը քիչ երկրպագու է տեղավորում: Բացատրեցինք, որ «Փյունիկի» երկրպագուները մեծամասամբ Երեւանից են: Ցանկացած ֆուտբոլային ակումբ խաղում է իր երկրպագուների համար, մենք նույնպես: Այս պարագայում Աբովյանի ստադիոնում չէինք կարող մեծ թվով երկրպագուների ներկայությունն ապահովել խաղերին:

Փորձեցինք նաեւ պատգամավոր ընդգրկել այս հարցին: Նամակ գրեցինք, բայց այստեղ էլ մերժում ստացանք: ՀՖՖ-ն արձագանքեց, որ ՈւԵՖԱ-ի հետ Աբովյանի մարզադաշտն արդեն հաստատված է: Դժվար չէր հաստատել նոր ստադիոն, որովհետեւ վարկանիշով «Հանրապետական» ստադիոնն ավելի բարձր է, մասնավորապես, որ «Հանրապետականն» այդ շրջանում ազատ էր, չէր օգտագործվում, այնտեղ խաղեր չէին անցնում: Ամեն դեպքում ՀՖՖ-ն մեզ մերժեց: Առաջին խաղն անցկացրինք Աբովյանում եւ հազիվ կարողացանք տեղավորել մեր երկրպագուներին: Շատերը նաեւ չկարողացան մարզադաշտից հետեւել խաղին:

Երբ արդեն շվեդական «Կալմարի» հետ պետք է խաղայինք, հասկացանք, որ Աբովյանի մարզադաշտը երկրպագուների համար լուրջ խնդիր կլինի: Խնդրեցինք նախապես գալ խաղին, բայց այս դեպքում էլ 1000 երկրպագու չկարողացավ մարզադաշտում տեղ գտնել: ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը մեզ հետ անցավ այդ ամենի միջով եւ տեսավ այդ տխուր վիճակը: Մարդիկ եկել էին ընտանիքներով, պապիկներ, ֆուտբոլիստների կանայք, որոնք չէին կարողանում մարզադաշտ մտնել: Տեղ չկար: Ստիպված շատերը հետ վերադարձան:

«Կալմարի» հետ խաղից հետո խնդրի մասին բարձրաձայնեցինք, որից հետո Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» - «Բուդյո-Գլիմտ» հանդիպման համար մեզ տրամադրվեց «Հանրապետական» մարզադաշտը:

Ինչպես միշտ, եվրագավաթների տնային հանդիպումների տոմսերի վաճառքի կազմակերպումը ֆեդերացիան վերցնում է իր վրա: Խաղից երեք օր առաջ ՀՖՖ-ն մեզ անհասկանալի նամակ ուղարկեց, որտեղ մոտավոր ասվում էր, որ ֆեդերացիան չի կազմակերպի տոմսերի վաճառքը:  Հեռախոսով փորձեցի պարզել, թե ինչ է կատարվում: Ասացին, որ վերեւից հրաման է եկել՝ «Փյունիկին» չօգնել, ֆեդերացիան չի աջակցելու տոմսերի վաճառքի հարցով:

Պարզ էր, որ մենք չէինք հասցնելու երեք օրվա ընթացքում ինքնուրույն կազմակերպել վաճառքը, նույնիսկ չունեինք տրիբունաների տեղերը: Կարողացանք հասնել նրան, որ մեզ տրամադրեն երեք գույնի տոմսեր երեք տրիբունաների համար: Խաղից մեկ օր առաջ էլ դիմեցինք խնդրանքով, որ բացեն «Հանրապետականի» տոմսարկղերը, դնենք մեր մարդկանց եւ իրականանցնենք վաճառք խաղի օրը: Այստեղ էլ մեզ մերժեցին՝ պատասխանելով, որ արգելված է, ֆեդերացիան չի  թույլատրում օգտագործել տոմսարկղերը:

Ես հասկանում էի, որ խաղին շատ մարդ կգա, տեղում տոմս կառնի եւ ներս կմտնի, բայց չեն կարող, որովհետեւ մեզ այդ իրավունքը չեն տվել, չենք կարող մարդկանց տոմսեր բաժանել: Ստիպված որոշում կայացրինք հանդիպման մուտքը դարձնել անվճար, իսկ ովքեր առցանց տոմսեր են գնել, հետ վերադարձնենք նրանց գումարը: Բացեցինք մարզադաշտի դռները, որպեսզի երկրպագուները գան խաղին:

Իրավունքն ունեի՞ք, օրենքով թույլատրվա՞ծ էր:

ՈւԵՖԱ-ի օրենքով իրավունք չունեինք երրորդ փուլի խաղն անցկացնել առանց տոմսերի վաճառքի: Սա լուրջ խախտում է, որի պատճառով ակումբը տուգանվեց մեծ գումարով:

Այս որոշումից հետո մեկնաբանեցի, թե ինչու այդպես վարվեցինք: ՀՖՖ-ն պատասխան նամակով մեզ սպառնաց զրկել նաեւ Աբովյանի մարզադաշտից: Ըստ նամակի՝ ակումբի եւ ՀՖՖ-ի միջեւ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտը մեզ տրամադրելու պայմանագրում կետ կա, որով ֆեդերացիան իրավունք ունի միակողմանի խզել այն եւ թույլ չտալ խաղալ Աբովյանում: Այսինքն՝ որոշել են, որ եթե Արթուր Սողոմոնյանը կամ Եղիշե Մելիքյանը շարունակեն քննադատել ֆեդերացիայի գործունեությունը, մեզ կզրկեն մարզադաշտից:

Հայաստանի առաջնությունը խաղում ենք Աբովյանի մարզադաշտում:  Պարտաճանաչ վճարում ենք վարձակալության գումարը, երկրպագուներ ենք բերում: Սա լրիվ այլ գործընթաց է: Իսկ այն, որ ֆեդերացիան սխալներ է անում, մենք էլ, որպես ֆեդերացիայի անդամ, իրավունք ունենք այդ սխալների մասին բարձրաձայնել, մեր կարծիքն ասել, լրիվ այլ գործընթաց է:

«Փյունիկն» իր հերթին արձագանքեց ՀՖՖ-ի նամակին, որ ֆեդերացիայի թույլ տված սխալների մասին շարունակելու ենք բարձրաձայնել, այն էլ՝ փաստերով, սպասելիքներով, որ սխալները կվերանայվեն: Մենք որեւէ այլ նպատակ չենք հետապնդում:

ՀՖՖ-ն հերթական նամակն ուղարկեց՝ նշելով, որ էթիկայի հանձնաժողովը գործ է հարուցում ինձ վրա, որպես «Փյունիկի» սեփականատիրոջ եւ Եղիշե Մելիքյանի վրա, որպեսզի մեզ պատժեն:

Մեր պատասխանը չուշացավ, հայտնեցինք մինչեւ վերջ պայքարելու մասին, նաեւ նշեցինք, որ հարկ եղած դեպքում կդիմենք Միջազգային մարզական վճռաբեկ դատարան (CAS): ՈւԵՖԱ-ի փորձառու իրավաբանների հետ քննարկել ենք խնդիրը, նրանք տեղյակ են, նամակագրությունը տեսել են եւ մեզ ասացին, որ կարող ենք հաղթել այս գործը, քանի որ ՀՖՖ-ն իրավունք չունի այսպիսի գործ հարուցել մեզ վրա:

Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՖՖ-ն:

Ստացվում է, որ ֆեդերացիան ամեն ինչ անում է՝ երկրպագուների մուտքը մարզադաշտ խոչընդոտելու համար: Այնպես են անում, որ երկրպագուները չգան ֆուտբոլ դիտելու, իրենց նախընտրած թիմին երկրպագելու: Ֆեդերացիան անում է ամեն ինչ, որ ֆուտբոլը Հայաստանում չզարգանա: Եթե մենք «Հանրապետականի» դռները չբացեինք, «Փյունիկ» - «Բուդյո-Գլիմտ» խաղն անցնելու էր 400-500 երկրպագուներով: Այսպես 7000-ից ավելի երկրպագու եկավ: Ճիշտ է, չկարողացանք հաղթել, նորվեգական թիմը շատ ուժեղ էր, բայց տղաները պայքարեցին մինչեւ վերջ, խաղը շատ հետաքրքիր անցավ: 

Թե ինչ նպատակ է հետապնդում ՀՖՖ-ն, շատ պարզ է: Այս տարի ընտրություններ է, նախագահ է ընտրվելու: Լիարժեք հասկանում եմ ֆեդերացիայի քայլերը: Նրանք լուրջ պատրաստվում են, որ մնան այդ պաշտոնին: Իմ կարծիքով, այդպիսի մարդիկ չպետք է մնան նախագահի պաշտոնում: Մինչեւ նման մարդիկ ղեկավարում են ֆուտբոլը,  Հայաստանից ներդրողները հեռանում են: Հայաստանի բարձրագույն խմբից 5 թիմ դուրս է եկել, 4-ը մարզերի ակումբներն են: 5 թիմ լքեցին, որովհետեւ հնարավոր չի ֆեդերացիայի հետ աշխատել: ՀՖՖ-ն մոռանում է, որ մենք ենք նրանց ընտրում: Նրանք ամեն ինչ դարձնում են քաղաքականություն եւ ուզում են թելադրել, ոչ միայն, թե ինչպես պետք է աշխատենք, այլ նաեւ՝ ինչն ասելու իրավունք ունենք, ինչը՝ ոչ:

ՀՖՖ-ի խնդիրը Դու՞ք եք:

Գիտեմ, որ նրանց ամենամեծ նպատակն է, որ ես լքեմ ֆուտբոլը: Ամեն ինչ դրա համար անում են, բայց ես ունեմ պարտականություն ֆուտբոլիստների, ծնողների, երկրպագուների առջեւ: «Փյունիկը» Հայաստանի ամենամեծ, ամենաճանաչված ակումբն է: Երեւանից բացի, ունենք 4 մասնաճյուղ, ֆուտբոլով զբաղվող շուրջ 1700 երեխա:

Պատրաստ ենք ավելացնել, զարգացնել ֆուտբոլը, բայց նրանք ամեն ինչ անում են, որ չկարողանանք աշխատել: Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, աբսուրդ է: Ակումբը փորձում է երկրպագու բերել ստադիոն, ֆեդերացիան ինձ վնասելու համար, խոչընդոտում է: «Հանրապետականում» ես ֆինանսապես մեծ վնաս կրեցի, բայց պատրաստ էի միայն նրա համար, որ երկրպագուները գային եւ աջակցեին թիմին, հետաքրքիր խաղ դիտեին:

Այս ամենի մասին չի կարելի լռել: Եթե ֆեդերացիայի այս կազմը եւս մեկ անգամ ընտրվի եւ 4 տարի շարունակի ղեկավարել, հայկական ֆուտբոլից ոչինչ չի մնա: Շատ տխուր վիճակ է:

Փորձում են մեզ զրկել Հայաստանի առաջնությունից: Եթե ըստ այդ նամակի՝ մեզ զրկեն Աբովյանի մարզադաշտից, կնշանակի մենք հնարավորություն չենք ունենա տնային խաղեր անցկացնել: Սա նշանակում է, որ «Փյունիկը» Հայաստանի առաջնության խաղերից էլ կզրկվի, որովհետեւ չենք կարող խաղերի կեսը չանցկացնել: Իմ կարծիքով, սա հանցագործություն է ֆուտբոլի եւ հայ երկրպագուների նկատմամբ:

Ի՞նչ քայլեր եք նախատեսում անել, ինչպե՞ս եք պայքարելու:

Ես փաստերով կշարունակեմ ապացուցել, որ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը իրավունք չունի շարունակել ղեկավարել: Այս 4 տարվա մեջ, ինչ նրանք ղեկավարում են, շատ մեծ կորուստներ ունեցանք հայկական ֆուտբոլում, մանկապատանեկանում: Ցավոք, ձայները տալիս են ֆեդերացիայի անդամները, որոնցից շատերն ինչ-որ ձեւով քաշված են նրանց կողմը: ՈւԵՖԱ-ի գումարներն են տալիս, իսկ, օրինակ, «Փյունիկը» գումար չի ստանում: Այն ակումբները, որոնք ձայն են տալիս իրենց, փոխհատուցում են դաշտ սարքելով, լույս անցկացնելով եւ այլն: Ինչ-որ ձեւով այդ պրոցեսը տեղի է ունենում:

Մենք հիմա ապրում ենք այնպիսի պետությունում, որ ֆուտբոլի մեջ էլ է խառնվում ղեկավարությունը, քաղաքականությունը: Ինձ համար տարբերություն չկա՝ ֆեդերացիայի ղեկավարությունը որ կուսակցությունից է լինելու: Կարեւոր է, որ ով էլ լինի, գոնե մի քիչ ստրացավ լինի հայկական ֆուտբոլի նկատմամբ, գոնե մի քիչ անտարբեր չլինի, մի բանով տանի առաջ, մենք կողքից կօգնենք:

Այս ամենի մասին երկար ժամանակ չէի ցանկանում բարձրաձայնել, դուրս հանել: ՈւԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն տեղյակ են խնդրի մասին, չնայած նրանց իրավասությունների մեջ չի մտնում միջամտելը, քանի որ ներքին խնդիր է: Չէի բարձրաձայնում, որովհետեւ ամոթ էի զգում, որ հայը հայի դեմ կարող է այդպես վարվել: Համարում եմ, որ այս իրավիճակում լռելը նույն բանն է, ինչ մասնակից լինելը: Ես գտնում եմ, որ Հայաստանում ֆուտբոլն ավիրվում է եւ չի կարելի լռել:

Ինձ հետ ոչ ոք չի գալիս երկխոսության, հակառակը՝ փորձում են ինձ լռեցնել: Եթե դեկտեմբերին այս կազմը նորից ընտրվի, 4 տարուց ֆուտբոլը Հայաստանում մեծ կորուստներ կունենա: Որպես օրինակ՝ հայկական ֆուտբոլի լավագույն աստղ Հենրիխ Մխիթարյանը չցանկացավ շարունակել խաղալ ազգային հավաքանում եւ բոլորը գիտեն, որ պատճառը ֆեդերացիայի այսօրվա ղեկավարությունն է:

Ես պաշտոն չեմ ուզում, իմ ակումբն ունեմ, իմ անձնական գումարներն եմ ծախսում: Գլխավոր նպատակս Հայաստանում ֆուտբոլի զարգացումն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով