15:27  ,  14 հունիսի, 2023

Սեյրան Նիկողոսյան․ Եթե մեզ տան անվտանգության երաշխիքներ, մեծ կազմով կմեկնենք Բաքու

Ցանկանում ենք օգոստոսին մասնակցել Բաքվում անցկացվելիք հրաձգության աշխարհի առաջնությանը: Նամակով դիմել ենք հյուրընկալող երկրին, սպասում ենք նրանց պատասխանին: Եթե մեզ տան անվտանգության երաշխիքներ, մեծ կազմով կմեկնենք Բաքու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

«Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Բաքվում օգոստոսի 14-ից սեպտեմբերի 3-ը: Դեռ չգիտենք՝ կմեկնենք, թե ոչ: Նամակ ենք գրել, սպասում ենք նրանց պատասխանին: Ցանկանում ենք մեկնել: Մեր ղեկավարությունը եւս դրական է արձագանքել Բաքու մեկնելու մեր ցանկությանը: Մեզ հետ միասին որպես ղեկավար Բաքու է ցանկանում գալ նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը: Նամակով անվտանգության երաշխիքներ ենք ուզել, դեռ չեն պատասխանել:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի ատրճանակ, հրացան, վազող թիրախ, ստենդային հրաձգություն մրցաձեւերից: Եթե մեկնենք, 15 հոգանոց մեծ թիմով ենք լինելու»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:

Այս օրերին 3 մասնակցից բաղկացած Հայաստանի թիմը պատրաստվում է Եվրոպական խաղերին, որից հետո կսկսի պատրաստավել Բաքվում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով