ԱԱ-2018․ Արթուր Ալեքսանյանի տպավորիչ ռեւանշը Ֆելիքս Բալդաուֆի նկատմամբ

15:47   27 հոկտեմբերի, 2018

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս եկավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Երկրորդ գոտեմարտում աշխարհի եռակի չեմպիոնը 10:6 հաշվով հաղթեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որին նախորդ տարի պարտվել էր Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում։ Մինչեւ երկրորդ մրցափուլի միջնամասը նորվեգացի ըմբիշը հաղթում էր 6։0 հաշվով, սակայն Արթուր Ալեքսանյանը շտկեց իրավիճակը՝ վաստակելով 10 միավոր։ 

Գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուց։ Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի վրացի Ռեւազի Նադարեիշվիլին։ Վրացի ըմբիշին Արթուրը նախորդ տարի հաղթել է Փարիզում անցկացված աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

Հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Կարապետ Չալյանը (77 կգ), որը 1/16 եզրափակիչում 0։4 հաշվով պարտվեց Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, 29-ամյա հարավկորեացի Կիմ Հյոն Ուին։ Եթե կորեացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Չալյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

Նախօրեին պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն կրած Արթուր Շահինյանը (87 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի երեկոյան մրցահերթում։ Շահինյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Հոկտեմբերի 27-ին հայ ըմբիշը նախ ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել էր լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսին, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 7։5 հաշվով ուժեղ էր գտնվել իրանցի Հուսեյն Ահմեդ Նուրիից։ Շահինյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ։

Հիշեցնենք, որ Բուդապեշտում Հայաստանի թիմի առաջին մեդալը նախօրեին նվաճել էր 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիին: Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ էր անցկացրել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), որը 0:4 հաշվով պարտվեց թուրք Էրկեմ Օզտուրկին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։