ԱԱ-2018. Արթուր Շահինյանը տարավ երկրորդ հաղթանակը եւ բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի ադրբեջանցու հետ

14:33   27 հոկտեմբերի, 2018

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը (87 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Երկրորդ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 7։5 հաշվով պարտության մատնեց իրանցի Հուսեյն Ահմեդ Նուրիին։ Առաջին սփոփիչ գոտեմարտում Շահինյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել էր լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսին։

Երեկոյան մրցահերթում Արթուր Շահինյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ։

Նախօրեին պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն կրած Արթուր Շահինյանը (87 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկը նվաճել է եզրափակիչի ուղեգիր

Հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ են մտել նաեւ Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակիչում 5։1 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլոն: 1/8 եզրափակիչում գյումրեցի ըմբիշը կհանդիպի նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆի հետ։ Արթուր Ալեքսանյանը Ֆելիքս Բալդաուֆի հետ հանդիպել է 2017թ․ Եվրոպայի առաջնությունում, որի քառորդ եզրափակիչում սենսացիոն պարտություն էր կրել նորվեգացի ըմբիշից։

Կարապետ Չալյանը 1/16 եզրափակիչում 0։4 հաշվով պարտվել է Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, 29-ամյա հարավկորեացի Կիմ Հյոն Ուին։ Եթե կորեացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Չալյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ Բուդապեշտում Հայաստանի թիմի առաջին մեդալը նախօրեին նվաճել էր 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիին: Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ էր անցկացրել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), որը 0:4 հաշվով պարտվեց թուրք Էրկեմ Օզտուրկին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։