14:16 27 հոկտեմբերի, 2018Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հաղթանակով մեկնարկեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։
Գյումրեցի ըմբիշը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 5։1 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուն: 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը կհանդիպի նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆի հետ։
Արթուր Ալեքսանյանը Ֆելիքս Բալդաուֆի հետ հանդիպել է 2017թ․ Եվրոպայի առաջնությունում, որի քառորդ եզրափակիչում սենսացիոն պարտություն էր կրել նորվեգացի ըմբիշից։
Հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ էր մտել նաեւ Կարապետ Չալյանը (77 կգ), որը 1/16 եզրափակիչում 0։4 հաշվով պարտվեց Լոնդոն-2012 օլիմպիական չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի 2013թ. չեմպիոն, 29-ամյա հարավկորեացի Կիմ Հյոն Ուին։ Եթե կորեացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Չալյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։
Նախօրեին պայքարի մեջ մտած եւ հաղթանակով մեկնարկելուց հետո 1/8 եզրափակիչում պարտություն կրած Արթուր Շահինյանը (87 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի 2015թ. չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Հոկտեմբերի 27-ին Շահինյանն առաջին սփոփիչ գոտեմարտում ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթեց լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչուսին։ Երկրորդ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը կլինի իրանցի Հուեսյն Ահմեդ Նուրին։ Հաղթանակի դեպքում Շահինյանը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ։
Հիշեցնենք, որ Բուդապեշտում Հայաստանի թիմի առաջին մեդալը նախօրեին նվաճել էր 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2011թ. աշխարհի չեմպիոն, իրանցի Սաիդ Աբդվալիին: Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ էր անցկացրել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), որը 0:4 հաշվով պարտվեց թուրք Էրկեմ Օզտուրկին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.