20:20 4 օգոստոսի, 2018Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը հռչակվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ եւ հաղթեց 11:6 հաշվով:
Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր նախօրեին, երբ ռումինացի (12:2) ու ադրբեջանցի (11:0) ըմբիշների նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 10։0 հաշվով հաղթել էր հունգարացի Ռայմունդ Ֆարկասին:
Օգոստոսի 4-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտեր կանցկացնեն Հայաստանի ներկայացուցիչներ Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):
Հիշեցնենք, որ այսօր պայքարը սկսել էին Հայաստանի թիմի եւս 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճել են եզրափակիչի ուղեգիր: Վազգեն Թեւանյանը (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) օգոստոսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար, իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:









The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.