Հայ օլիմպիականներին մեծ ոգեւորությամբ դիմավորեցին հայրենիքում (ֆոտոշարք)

15:17   30 օգոստոսի, 2014

Օգոստոսի 30-ին Չինաստանից հայրենիք վերադարձավ 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունը: Օլիմպիական չեմպիոններին, փոխչեմպիոններին, մեդալակիրներին, պատվիրակության անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին մեծ ոգեւորությամբ ու ջերմությամբ: Պատանիների օլիմպիական չեմպիոններին եւ մեդալակիներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, օլիմպիականների ծնողները, հարազատները: Սպորտի նախարարությունը կազմակերպել էր բոլոր ցանկացողների տեղափոխումը «Զվարթնոց» օդանավակայան: Սպասասրահում ազատ տեղ գրեթե չկար, յուրաքանչյուրը ցանկանում էր անձամբ շնորհավորել օլիմպիական չեմպիոններին:

Պատանիների օլիմպիական չեմպիոն Հակոբ Մկրտչյանի խոսքով՝ չէր սպասում նման դիմավորում: «Խոսքեր չեմ գտնում, երջանիկ եմ, շատ ուրախ եմ, զգում եմ, որ իսկապես մեծ նվաճում է օլիմպիական չեմպիոն լինելը»,- ասաց Հակոբ Մկրտչյանը:

«Ես հպարտ եմ, որ կարողացել եմ մեր ազգին այսպես ուրախացնել, տեսնում եմ իսկապես, որ մարդիկ ուրախություն են ապրում՝ օլիմպիական չեմպիոն ունենալով: Ես անպայման կիրականացնեմ իմ երազանքը եւ կնվաճեմ նաեւ մեծահասակների օլիմպիական չեմպիոնի տիտղոսը»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատանիների օլիմպիական չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Օլիմպիական չեմպիոնների ծանրամարտի մարզիչ Վիգեն Խաչատրյանը նկատեց. «Նման վերաբերմունքի, նման դիմավորման չէինք սպասում, սա անիրական է կարծես: Խոսքեր չունեմ, ուղղակի երջանիկ եմ»:

Օլիմպիականները ուղեւորվեցին Հանրապետության հրապարակ:

Հիշեցնենք, որ Նանջինգում Հայաստանի մարզիկները նվաճեցին 2 ոսկե եւ 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +85 կգ քաշային կարգում հանդես եկած Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալների արժանացան ծանրամարտի մրցաշարում, հրաձիգ Հրաչյա Բաբայանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ) դարձան օլիմպիական փոխչեմպիոններ, իսկ 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը եւ ազատ ոճի ըմբիշներ Սարգիս Հովսեփյանը (76 կգ) ու Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ: Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը Սլովենիայի հետ կիսեց 29-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։