NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Թալան, թալան մինչեւ վերջ

18:58   17 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը Օլիմպիական բլոգի հերթական հրապարակումը նվիրել է օլիմպիական Ադլերում առկա աննախադեպ թանկությանը:

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը հիացնում են միլիարդավոր հեռուստադիտողների, մասնակից մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, պաշտոնական անձանց, իսկ այս օրերին այստեղ գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, օտարերկրացի երկրպագուների եւ անմիջապես օլիմպիական քաղաքից Խաղերին հետեւող քաղաքացիների, զբոսաշրջիկների, հյուրերի համար Օլիմպիական քաղաքն իսկական «թալանվելու» տեղ է դարձել:

Խաղերը հյուրընկալող քաղաքն այս օրերին գերշահույթներ է ստանում  հյուրերի, զբոսաշրջիկների եւ բնակիչների հաշվին: Օլիմպիական Սոչիում ապրելը դարձել է իսկական պատուհաս բոլորի համար: Առաջին օրվանից նկատել էի քաղաքում տիրող «թալանը»:

Օրինակ՝ մեկ շիշ ջրի գինը սկսվում է 150 ռուբլիից: Սոչիում ծորակից հոսող ջուրը պիտանի չէ խմելու համար: Այդ մասին ինձ զգուշացրեցին նաեւ հյուրանոցային համարիս մաքրուհիները՝ առաջին օրը, երբ տեղավորվեցի համարում: Հարցին՝ իսկ ինչպես կարող եմ առանց ջրի ապրել, նրանք ինձ հանգիստ տոնով նետեցին՝ ներքեւում մինիմարկետ կա, այնտեղ ջուր վաճառում են, կարող եք այնտեղից գնել կամ քաղաքից: Սակայն օլիմպիական Սոչիում ամեն ինչ եռապատիկ-քառապատիկ թանկ է՝ մյուս քաղաքների համեմատ: Դրան լուծում արդեն գտել են Ադլերի հյուրերը, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հյուրանոցում առավոտյան մատուցվող նախաճաշի ժամանակ նրանցից յուրաքանչյուրը նախաճաշելուց բացի, օրվա ընթացքում եւս երկու անգամ ընդմիջում անելու համար սնունդ է  վերցնում: Նախաճաշի մենյուն բավական հարուստ է տարբեր  ճաշատեսակներով, աղցաններով, մրգով եւ քաղցրավենիքով: Այնպես որ, գումար խնայելու համար արտասահմանցիների լավագույն լուծումը գտնված է:

Այնուամենայնիվ, դա նրանց մի մասին է ընդամենը փրկում: Այնտեղ, որտեղ բնակվում եմ ես՝ «Ալեքսանդրովսի սադում», հարեւանությամբ գործում է մինիմարկետ, դեղատուն, ռեստորանների շարք, որոնք ոչնչով չեն տարբերվում երեւանյան ամենավատ սրճարաններից: Ժամանակ չկորցնելու համար մի քանի անգամ ճաշեցի նշածս ռեստորաններում: Ամեն ճաշի եւ ընթրիքի համար ինձանից պահանջվեց մոտ 2000 ռուբլի: Իսկ դա ամենահամեստ ճաշն ու ընթրիքն է: Այսպես՝ մեկ բաժին տապակած կարտոֆիլ՝ 200 ռուբլի, մեկ բաժին հավի կրծքամիս՝ 300 ռուբլի (չմոռանամ նշել, որ մեկ բաժին հավի կրծքամիսը դա մեկ կտորն է ): Մեկ բաժակ բնական հյութ՝ 250 ռուբլի, ջուրը՝ 150 ռուբլի, իսկ կոլա-ֆանտան` 120 ռուբլի: Մեկ կտոր հացը՝ 100 ռուբլի: Ռուսների ամենասիրելի ուտելիք՝ բլիթները՝ մեկ բաժինը 50 ռուբլի (թերեւս սա ամենաէժանն է):  Մեկ բաժակ սուրճը 150 ռուբլի է: Ստացվում է, այստեղ մեկ կտոր հացը 1000 դրամ է: Առանց մեկնաբանությունների:

Օրեր անց որոշեցի այլեւս չօգտվել ռեստորանների ծառայություններից, այլ հարեւանությամբ գործող մինիմարկետից գնել այն, ինչ ինձ անհրաժեշտ է: Նույն իրավիճակը տիրում է նաեւ այդ մինիմարկետում: Այստեղ ավելի անմխիթար վիճակ է: Մեկ տուփ շոկոլադի գինը սկսվում է 65 ռուբլից: Պանրիկները, որոնք Երեւանում արժեն 120-150 դրամ, օլիմպիական քաղաքում վաճառվում են 51 ռուբլով՝ շուրջ 500 դրամ: Օրերս մի ֆրանսիացի լրագրող աղջիկ էր ինձ հետ կագնած մինիմարկետի հերթում: Նա մեկ հատ բանանի համար վճարեց 111 ռուբլի:

Առաջին մի քանի օրը օտարերկրացի հյուրերն այդ մինիմարկետից ամեն երեկո մեծաքանակ գնումներ էին անում, իսկ արդեն այս օրերին նույն բնակիչները մինիմարկետից դուրս են գալիս ռուսական եփած արգանակներով: Մի անգամ նույնիսկ մինիմարկետի վաճառողը կատակեց, թե արդեն վերջացել են «խեղճ» օտարեկրացիների գումարները, եւ նրանք ստիպված արգանակով են բավարարվում:

«Ալեքսանդրովսի սադի» դռներից դուրս տիրող «թալանն» ավելի աչք ծակող է, մասնավորապես «Օլիմպիական պարկում», որտեղ ամեն քայլափոխի սննդի կետեր են գործում: Բանն այն է, որ «Օլիմպիական պարկ» չի թույլատրվում ներս տանել որեւէ սնունդ, ըմպելիք, անգամ կոնֆետ: Այստեղ գնային տատանումներն ավելի վախեցնող են, քան՝ «Ալեքսանդրովսկի սադում»: «Օլիմպիական պարկում» ջուրը, հյութը, գազավորված ըմպելիքները սկսվում են 250 ռուբլիից: Մեկ կտոր պիցցան, որն ամենատարածվածն է այս օրերին, արժե 300 ռուբլի, քաղցրավենիքը նույնպես 250 ռուբլիից է սկսվում: Այսինքն՝ մեկ անգամ սնվելու համար «Օլիմպիական պարկում» մեկ անձը կծախսի ամենաքիչը 1000 ռուբլի:

Օլիմպիական քաղաքում ամենազարմանալին թերեւս ինձ համար ոչ միայն սննդի արժեքն էր, այլ հիգիենիկ պարագաներինը: Քանի որ «Զվարթնոց» օդանավակայանից չթույլատրվեց Սոչի մեկնողներին վերցնել հիգիենիկ պարագաներ՝ շամպուն, ատամի մածուկ, օճառ եւ այլն, ստիպված եղա այդ ամենը գնել այստեղ:

Ռուս վաճառականները շամպունը վաճառեցին 850 ռուբլիով, օճառը եւ ատամի մածուկը համապատասխանաբար՝ 300 եւ 350 ռուբլի: Ադլերից դուրս շամպունները վաճառվում են 85 ռուբլով՝ տասնապատիկ ավելի էժան, քան օլիմպիական քաղաքում: 

Նույն իրավիճակը տիրում է նաեւ օլիմպիական Սոչիի լեռնային տարածքում՝ Կրասնայա Պոլյանայում: Բանն այն է, որ օլիմպիական Սոչիի երկաթուղային եւ ավտոբուսային կայարաններում տեղակայված անվտանգության անցակետերում հասարակ քաղաքացիներին, երկրպագուներին արգելում են տվյալ տարածք տանել սնունդ, հյութ, ջուր, ալկոհոլ, հանքային ջուր: Հայտարարված է, որ այդ ամենն արվում է անվտանգությունից ելնելով, բայց հետո արդեն հասկացա, որ իրականում դա արվում է միտումնավոր՝ մարդկանց տվյալ տարածքների վաճառակետերից ըմպելիք, սնունդ գնել ստիպելու համար: Օրինակ՝ Կրասնայա Պոլյանայում մեկ շիշ ջուրը սկսվում է կրկին 150 ռուբլիից, բայց դա ամենավատ  ջուրն է, որը նույնն է, ինչ հյուրանոցային համարների ծորակներից հոսող ջուրը: Այսինքն՝ Կրանսայա Պոլյանա գնացողներից եւ ոչ ոք չի գնի այդ ջրից, այլ նախապատվությունը կտա որակով ջրին, որը բնականաբար արժե 200 ռուբլի եւ ավելի թանկ:

Իսկ հատել Կրասնայա Պոլյանայի ժայռի բարձրունքը, ոտքով անցնել կիլոմետրեր ու այդ ընթացքում չխմել որեւէ հեղուկ, անհնար է՝ կրկին սեփական փորձից ելնելով եմ փաստում:

Ինչ վերաբերում է ՄՕԿ-ի կողմից հավատարմագրված լրագրողների, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախապես հայտարարված անվճար սննդի եւ ըմպելիքներիմասին լուրերին՝ դա իրականությանը չի համապատասխանում: Գլխավոր մեդիակենտրոնում եւս ամեն ինչ վաճառվում է եւ նույն կրկնապատիկ - եռապատիկ գներով:

Օլիմպիական Սոչին հարստանում է Օլիմպիական խաղերի օրերին, ինչպես ամեն մարտի 8-ին՝ հայ ծաղկավաճառները:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հայկական ռեպորտաժ՝ օլիմպիական հոկեյից, եռագույնն էլ՝ Չեխիա - Շվեդիա խաղին (ֆոտոշարք)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Օլիմպիական պարկում» թեժ է (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Լաուրա» հասնելու լեռնային փորձությունները

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հեքիաթն ավարտվեց կամ գուցե դեռ նոր է սկսվում (ֆոտո)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Համառությամբ բացման հրավիրատոմս էլ կգտնվի (ֆոտո)

NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն

Սոչի-2014. Օլիմպիական բլոգ, մեկնարկ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։