01:30 13 փետրվարի, 2014NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանը շարունակում է Օլիմպիական բլոգը՝Սոչիից:
Սա տափօղակով հոկեյի առաջին հանդիպումն է իմ կյանքում: Երեւանի մարզահամերգային համալիրում վերջին տարիներին անցկացվել են տափօղակով հոկեյի հանդիպումներ, բայց դե հասկանում եք, որ համեմատության եզրեր չկան:
Այսօր առաջին անգամ ականատես եմ լինում իրական տափօղակով հոկեյի, հզոր տղամարդկանց դիմակայության: Բազմիցս լսել էի, որ տափօղակով հոկեյը շատ հետաքրքրիր է, մասնավորապես, երբ այն հետեւում ես անմիջապես մարզապալատում: Իրականում, այդպես էլ կա, շատ դիտարաժան է, հույզերն էլ անպակաս են: Փորձեմ ներկայացնել առաջին հայկական ռեպորտաժը տափօղակով հոկեյի օլիմպիական մրցաշարից:
Սոչիում ընթացող 22-րդ օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարը բացեցին Շվեդիան ու Չեխիան: Մեդալի իրական հավակնորդ թիմեր են ասպարեզում: Խաղը կայացավ «Բոլշոյ» սառցե արենայում:
Կամավորներն եւ հեռուստատեսությունից հայ գործընկերներս պնդում էին, որ միայն հավատարմագրումով մուտք գործել տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարին հնարվոր չէ, քանի որ պետք է երկու օր առաջ տոմս վերցնել ՄՕԿ-ի գրասենյակից, բայց իրականում բոլոր մարզապալատների մամուլի գոտիներում էլ հնարավոր է հայտնվել հավատարմագրումով: Հետեւեցի առաջին օրվա ամենահետաքրքիր հանդիպմանը՝ Շվեդիա-Չեխիա:
Ճիշտ է՝ լրագրողական տեղերը սահմանափակ են, իսկ Չեխիայի, Շվեդիայի եւ ռուսական ու արեւմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչները շատ են: Բոլորին տեղ չհասավ: Մի քանի տասնյակ լրագրողներ՝ համաշխարհային լրատվամիջոցներից ստիպված էին կանգնած հետեւել խաղին: Բայց ես շուտ էի եկել եւ հարմարավետ տեղավորվեցի, ու սկսվեց ճակատամարտը:
Հանդիսատեսների տրիբունայում նկատեցի Հայաստանի եռագույնը: Հաճելի զգացողություն է: Այստեղ բոլորը ծածանում են կամ Շվեդիայի, կամ Չեխիայի դրոշները: Իսկ Հայաստանի դրոշը կախված էր անմիջապես չեխ հոկեյիստների հանգստի գոտու հարեւանությամբ, որտեղից չեխերը մուտք ու ելք են անում սահադաշտ: Մեծ հեռուստաէկրանին եւ եթերում բազմիցս երեւաց Հայաստանի դրոշը, եւ դա տեսնում են նաեւ միլիոնավոր հեռուստադիտողներ:
Իսկ «Բոլշոյ» սառցե արենայում ասեղ գցելու տեղ չկա: Հանդիսատեղը բաժանվել է երկու մասի՝ մի մասը Շվեդիայի երկրպագուներն են, մյուս մասը՝ Չեխիայի:
Ուշադիր հետեւում եմ խաղին, հոկեյն իսկապես կլանիչ է: Սահադաշտում հավասար պայքար է: Ամեն վայրկյան հանդիսատեսը երկրպագում է, գոլերի դեպքում ուղղակի պայթեցնում դահլիճը: Գոլերից առաջ դահլիճում նստած հանդիատեսը ոտքերով հարվածում է հատակին ու բարձր բղավում՝ «շայբու»: Ցանկանում են դարպասի գրավում տեսնել: Ընթանում է բավական կոպիտ խաղ, ամեն վայրկյան հոկեյիստները միտումնավոր եւ ոչ միտումնավոր միմյանց հրում, գցում են եւ այդ ամենը՝ շատ կոպիտ:
Դադարի ընթացքում հանդիսատեսների համար կարճ հարցազրույց տվեց տափօղակով հոկեյի կանանց Շվեդիայի հավաքականի հոկեյիստուհիներից մեկը: Նա նշեց, որ կանանց հավաքականի մարզուհիները եկել են իրենց երկրի տղամարդկանց թիմին երկրպագելու: Եվ ակնկալում են, որ տղամարդկանց հավաքականը նույն ժեստով կպատասխանի եւ կայցելի իրենց խաղին:
Հարցին, թե ինչով է տարբերվում կանանց տափօղակով հոկեյը, տղամարդկանց հոկեյից, շվեդ մարզուհին պատասխանեց. «Տղամարդկանց հոկեյում ամեն ինչ այլ է, այստեղ միմյանց կոպիտ հրում են, գցում, վնասվածքներ հասցնում, հարվածում եւ դա բնականաբար ոչ միտումնավոր է: Այստեղ սահմաններ չկան, իսկ կանանց հոկեյում նման բան չկա: Մենք միմյանց չենք հրում եւ չենք գցում: Դա կոպիտ խախտում է»:
Չնայած դահլիճում մի փոքր ցուրտ է, բայց այնքան լարված խաղ է ընթանում, որ նույնիսկ ցուրտը չես նկատում: Ամեն դարպասի գրավումից հետ հանդիսատեսին զուգահեռ հոկեյիստներին երկրպագում են նաեւ պարուհիները՝ փետուրները թափահարելով: Իսկ հանդիսատեսը ամեն դարպասի գրավումի հետ ալիք է բարձրացնում տրիբունաներում:
Շվեդիան հաղթեց 4:2 հաշվով եւ սկսեց չեմպիոնական մրցավազքը: Շվեդիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը հավասար հավակնություններով ֆավորիտներ են: Օլիմպիական խաղերի գլխավոր եզրափակիչը փակման օրն է՝ փետրվարի 23-ին:
Կարծում եմ, այստեղ գտնվողից յուրաքանչյուրի համար այս խաղը եւ սրան հաջորդող բոլոր հանդիպումները պատմական կլինեն: Չէ որ Օլիմպիական խաղեր են: Թեժ է, հետաքրիրք է, քոնն է՝ NEWS.am Sport-ի հետ:
Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Օլիմպիական պարկում» թեժ է (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. «Լաուրա» հասնելու լեռնային փորձությունները
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Հեքիաթն ավարտվեց կամ գուցե դեռ նոր է սկսվում (ֆոտո)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից. Համառությամբ բացման հրավիրատոմս էլ կգտնվի (ֆոտո)
NEWS.am Sport-ի Օլիմպիական բլոգը Սոչիից (live). Կամավորներն ասես բոլորը հայ լինեն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.