17:15  ,  7 մայիսի, 2019

ՖԻԴԵ փոխնախագահ Պոլգար․ Ինձ հիացնում են Հայաստանի հաղթանակները համաշխարհային շախմատում

Ինձ հիացնում են Հայաստանի հաղթանակները համաշխարհային շախմատում եւ այն, թե ինչպես են այդ հաղթանակներն ընդունվում հայրենիքում ու ինչպիսի առաջնորդող մոդելներ են դառնում այդ հաղթանակները կերտողները եկող սերունդների համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունգարացի լեգենդար շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման աղյուսակը 25 տարի գլխավորած Յուդիտ Պոլգարը, որն այժմ ՖԻԴԵ պատվավոր փոխնախագահ է։

Ծաղկաձորում ընթացող շախմատի միջազգային գիտաժողովի շրջանակներում Յուդիտ Պոլգարը Հայաստանում է:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում շախմատի դերը սպորտում եւ կրթության ոլորտում:

Շատ տպավորված եմ կազմակերպված գիտաժողովով, որ այսքան մեծ դեր ու նշանակություն է տրվում Հայաստանում շախմատին ու նաեւ շախմատային կրթությանը: Ես նախկինում ճանաչում էի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանին, բայց չգիտեի, որ նա արդեն 10 տարուց ավելի Հայաստանում փորձում է զարգացնել շախմատը դպրոցներում հանրակրթական ծրագիրը: Շատ լավ է, որ երկրում կրթությանը, սպորտին ծառայող մարդիկ կան: Հասկանալի է, որ երկրում նման ծրագրեր առաջ քաշել ու զարգացնել հնարավոր չէ միայնակ. մի ամբողջ թիմ է պետք, որ այս նախագծերը հաջողություն գրանցեն: Կուզեի՝ որեւէ դպրոց գնալ եւ տեսնել, թե ինչպես է կիրառվում շախմատը դպրոցներում արդեն պրակտիկայում:

Շախմատը շատ է օգնում մարդու մտածողությանը: Շախմատ խաղացող մարդը նաեւ կարողանում է շախմատային գիտելիքներն օգտագործել կյանքում: Ինքս կողմ եմ այս ծրագրին եւ հետաքրքիր է այս գիտաժողովում լսել տարբեր երկրների կարծիքներ շախմատը դպրոցում ծրագրի փորձերի, հաջողությունների մասին:

Ինձ համար Հայաստանը շատ սպորտային է, մասավորապես, շախմատային: Դրա վառ ապացույցը ձեր հաղթանակներն են՝ սկսած Տիգրան Պետրոսյանից մինչեւ վերջին եռակի օլիմպիական չեմպիոնությունը: Ինձ հիացնում է ոչ միայն Հայաստանի հաղթանակները, այլ, թե ինչպես են այդ հաղթանակներն այստեղ ընդունվում եւ ինչպիսի առաջնորդող մոդելներ են դառնում այդ հաղթանակները կերտողները նոր սերունդների համար:

Ինչ վերաբերում է հայ շախմատիստներին, ես խաղացել եմ նրանց հետ, ես գիտեմ՝ ինչ է նշանակում լինել հայ շախմատիստի մրցակից: Հայերը գիտեն՝ ինչ է թիմային ոգին, նրանք գիտեն ինչպես խաղալ միմյանց համար եւ հաղթել:

Դուք համարվում եք բոլոր ժամանակների աշխարհի ամենաուժեղ կին շախմատիստուհին...

Իմ շախմատային կարիերայի շնորհիվ ես հրաշալի կյանք եմ ապրել: Շատ տարբեր մարդկանց եմ հանդիպել, տարբեր մրցակիցներ ունեցել եւ ինձ համար հաճելի է, որ կարողացել եմ ամենաուժեղ շախմատիստուհու կոչմանն արժանանալ: Ուրախ եմ, որ շախմատն է եղել իմ կարիերան, քանի որ այն ինձ շատ է օգնել նաեւ կյանքում, իրավիճակներում, որոնցում հնարավոր է եղել օգտագործել շախմատային մտածողությունը:

Այժմ ես փորձում եմ հաջողություններ գրանցել նաեւ կրթության ոլորտում: Լինելով ճանաչված մարզուհի, արդեն հասցրել եմ ճանաչում ձեռք բերել նաեւ կրթության ոլորտում: Կփորձեմ իմ մտածելակերպն ու փորձը փոխացել մարդկանց կրթության ոլորտում:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով