14:28  ,  7 մայիսի, 2019

Յուդիտ Պոլգարը եւ Նայջել Շորթը՝ Ծաղկաձորում մեկնարկած շախմատային գիտաժողովին (ֆոտոշարք)

Ծաղկաձորում մեկնարկել է «Շախմատային կրթության արդի վիճակը եւ զարգացման միտումները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Գիտաժողովի համար Հայաստան են ժամանել ՖԻԴԵ-ի փոխնախագահ Նայջել Շորթը, հունգարացի լեգենդար շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման աղյուսակը 25 տարի գլխավորած Յուդիտ Պոլգարը, շախմատային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ:

Նախքան գիտաժողովի բացումը, հյուրերը նախ այցելեցին Ծաղկաձորի Գրողների տուն, որտեղ հետեւեցին շախմատի Հայաստանի դպրոցականների օլիմպիադայի եզրափակիչ փուլի խաղերին:

Բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը եւ պատվավոր հյուրերը՝ գիտաժողովի մասնակից 20 երկրների ներկայացուցիչների հետ:

ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ եւ գիտաժողովի անցկացման նախաձեռնող Սմբատ Լպուտյանի խոսքով, գիտաժողովը կնպաստի աշխարհում կրթության ոլորտում շախմատի ներդրման եւ զարգացման գործընթացը վերահսկելուն:

«Գիտաժողովի երկու օրերին կքննարկենք եւ կփորձենք հասկանալ, թե որքանով է շախմատը դպրոցներում կարեւոր՝ լսելով եւ ուսումնասիրելով մասնակից երկրների փորձը: Այս առիթով մեզ հյուրընկալվել են շախմատի համաշխարհային դեմքեր, ովքեր ներկայումս ծառայում են շախմատին:

Քանի որ Հայաստանն այսօր ընտրել է զարգանալու ճանապարհը, մենք պարտավորվում ենք անել լավագույնը, խնդիրներին տալ այնպիսի լուծումներ, որոնք օրինակելի կլինեն ամբողջ աշխարհի համար»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Ի դեպ, իր խոսքում ՀՇՖ փոխնախագահը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին շփոթեց նախագահի հետ եւ դիմեց «պարոն նախագահով»:

«ՖԻԴԵ բարձրաստիճան հյուրերի, աշխարհի տարբեր երկրների ներկայությունն այս գիտաժողովում խոսում է այն մասին, որ ինչպես Հայաստանում, այնպես աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցող երկրներում շախմատի ներդրումը դպրոցներում կարեւորվում է: Հայաստանում շախմատին՝ որպես հանրակթոական առարկա, մեծ նշանակություն է տրվում: Հայաստանը հնարավորինս հետեւում է աշխարհում կրթության ոլորտում առկա տենդենցներին եւ փորձում իր ուրույն տեղը գտնել դրանում: Թե ինչ արդյունքներ կտա շախմատի ներդրումը հանրակրության ոլորտում, ցույց կտան տարիները, բայց ակնհայտ է, որ արդյունքներ արդեն արձանագրվում են: Ինձ համար շատ ուրախալի է, որ գործըկերներիս հետ քննարկումների ժամանակ նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հանրակրթության ոլորտում շախմատի ներդրման վերաբերյալ, մի շարք գործընկերների հետ քննարկել ենք համագործակցության հնարավորությունը: Նրանցից ոմանք հետաքրքրված են իրենց երկրներում ծրագիրը ներդնելու նպատակով, ինչի հարցում նրանց կօգնեն մեր տեղի մասնագետները: Սմբատ Լպուտյանի եւ ծրագրի ներդնողների հետ ունեցել ենք քննարկումներ եւ արձանագրել մի շարք հարցեր, որոնք, կարծում եմ, կարճ ժամանակ հետո լուծում կստանան: Այս շրջանում խնդիրներ ունենք առարկայի դասավանդման եւ ուսուցիչների վերապատրաստման հարցերում, որոնց կփորձենք հնարավորինս արագ լուծում տալ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Միջազգային գիտաժողովը կազմակերպել են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:

Այս գիտաժողովն արդեն երրորդն է «Շախմատը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: Առաջին նմանատիպ միջազգային գիտաժողով կազմակերպվել էր 2014 թվականին Երեւանում:

Լուիսնե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում