19:48  ,  8 ապրիլի, 2019

ԵԱ․ Իզաբելլա Յայլյանը 5-րդն է (NEWS.am Sport Live, ֆոտոշարք)

Բաթումիում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեց Հայաստանի հավաքականը։ Կանանց առաջնությունում 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտում գրավեց 5րդ տեղը՝ 207 կգ արդյունքով (NEWS.am Sport Live

Պոկում Վարժությունում Յայլյանը մեկնարկեց 90 կգ-ով եւ առաջին մոտեցմանը 90 կգ պահեց գլխավերեւում: Հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը երկրորդ մոտեցման համար պատվիրեց 95 կիլոգրամ, սակայն Իզաբելլա Յայլյանը չկարողացավ պահել ծանրաձողը: Երրորդ մոտեցմանը մարզիչները բարձրացրին պատվիրված քաշը՝ դարձնելով 96: Երրորդ մոտեցումը Հայաստանի ներկայացուցիչը փայլուն կատարեց նվաճելով՝ փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունը Իզաբելլան սկսեց 111 կգ-ից եւ դժվարությամբ, բայց կարողացավ պահել ծանրաձողը: Երկրորդ մոտեցումը 116 կգ-ը Հայաստանի ներկայացուցիչը ձախողեց: Իզաբելլան չկարողացավ երրորդ մոտեցումը կատարել:

Չեմպիոն հռչակված լատվիացի Ռեբեկա Կոհանը երկամարտում հավաքեց 221 կգ՝ 101+120։

Հայ մարզուհին առաջին մեծ հաջողությունը ծանրամարտում գրանցել է 2014 թվականին՝ հռչակվելով 20-23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Կիպրոսում կայացած Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը 58 կգ քաշայինների պայքարում նվաճեց 20-23 տարեկանների Եվրոպայի ոսկե մեդալը:

Ապա 2015-ին Թբիլիսիում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 58 կգ քաշայինների պայքարում Իզաբելան բավարարվեց 6-րդ տեղով՝ երկամարտում հավաքելով 198 կգ։ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յալյանը երկամարտի 190 կգ արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը: 2017 թվականին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) որակազրկեց մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի հավաքականներին: Ծանրորդուհին 2018 թվականին իր քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ եւ հայտավորվեց 2018 թվականի Թուրքմենստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ այդ ընթացքում Միջազգային ֆեդերացիան արդեն կասեցրել էր Հայաստանի հավաքականների որակազրկումը: Իզաբելլա Յայլյանը 59 կգ քաշայինների պայքարում գրավեց գրավեց 9-րդ տեղը:

Ապրիլի 9-ին 73 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա տղամարդկանց Հայաստանի հավաքականի առաջին մասնակից Արմեն Գրիգորյանը: Ապրիլի 10-ին հանդես կգան 81 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը եւ Ռաֆիկ Հարությունյանը: Նույն օրը մրցահարթակ դուրս կգա կանանց հավաքականից Լիաննա Գյուրջյանը 81 կգ քաշայինների պայքարում:

Ապրիլի 11-ին Հայաստանը կունենա 2 մասնակից՝ 89 կգ քաշայինների պայքարում Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը: Ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգա 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Ապրիլի 13-ին, առաջնության վերջին օրը Հայաստանը կունենա 6 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, 102 կգ՝ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը: Նույն օրը մրցահարթակ դուրս կգա նաեւ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում