14:45  ,  26 մարտի, 2019

Հայաստան - Ֆինլանդիա. Հաղթողի հոգեբանությունը՝ առաջին տեղում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին առաջին տնային հանդիպումը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլում: J խմբի երկրորդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին:

Պատմություն

Հայաստանի եւ Ֆինլանդիայի հավաքականները կհանդիպեն 5-րդ անգամ: Այս թիմերը 2-ական անգամ մրցել են 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում ու Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում: 2004-ին Ֆինլանդիայի հավաքականը հայկական թիմի նկատմամբ 2 հաղթանակ է տարել ԱԱ-2006-ի ընտրական փուլում (2:0, 3:1): Թիմերը եւս 2 անգամ հանդիպել են 2 տարի անց: Եվրո-2006-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը Երեւանում գոլազուրկ ոչ ոքիով է ավարտել հանդիպումը, իսկ հյուրընկալվելիս պարտվել է նվազագույն հաշվով:

Նախորդ խաղերը

Եվրո-2020-ի ընտրական փուլում 2 թիմերն էլ առաջին խաղերն անցկացրել են 3 օր առաջ: Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային, իսկ Ֆիլնադիայի թիմը հյուրընկալվելիս պարտություն էր կրել իտալացիներից՝ 0:2: Կարելի է ասել, 2 թիմերն էլ պարտվեցին այդ օրն ավելի լավ պատրաստված մրցակցի:

Կորուստներ

Ֆինլանդիայի հավաքականը չունի կորուստներ եւ Երեւան ժամանած բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպմանը: Հայաստանի հավաքականի կազմում դարձյալ հանդիպմանը չեն հայտավորվել «Փյունիկի» 22-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը եւ վնասվածքից ապաքինված դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որոնց բացակայությունը, երեւի, մեծ կորուստ համարել պետք չէ: Հավաքականի ճամբարում գտնվող 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը չի խաղա խաղային պրակտիկա եւ ակումբ չունենալու պատճառով:

Երկրպագուական մեծ աջակցության սպասումով

Սպասվում է, որ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ազատ տեղեր գրեթե չեն լինելու: Հանդիպման ամենաէժան տոմսերի գինը 1000 դրամ է, իսկ ամենաթանկը՝ 9000: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ տոմսերի ընդհանուր քանակի 50 տոկոսից ավելին (Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Դա, իհարկե, նույնպես կնպաստի լեփ-լեցուն տրիբունաներ տեսնելուն:

Մրցակիցը

Ֆինլանդիայի հավաքականի խաղացողների մոտ 90 տոկոսը հանդես են գալիս արտերկրում: Մարկու Կաներվայի գլխավորած թիմում ընդգծված առաջատարներ չկան: Առջեւի գծում ամենավտանգավորն անգլիական «Նորվիչի» 28-ամյա հարձակվող Տյեմու Պուկին է, որը բավականին արդյունավետ մրցաշրջան է անցկացնում անգլիական Չեմպիոնշիփում: Այս մրցաշրջանում Պուկին 35 խաղում խփել է 24 գոլ եւ միանձնյա գլխավորում է Չեմպիոնշիփի ռմբարկուների ցուցակը:

Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան Երեւանում անցկացված նախախաղային ասուլիսում նշել էր, որ Հայաստանի հավաքականում ամենամեծ վտանգը պետք է սպասել Հենրիխ Մխիթարյանից: Սակայն ֆինն մասնագետը հայտնել էր, որ իր թիմը չի խաղալու անհատական վերահսկողությամբ, այլ գործելու է թիմային պաշտպանությամբ, ինչն արել է նաեւ իտալացիների դեմ նախորդ խաղում:

Առանց հավատ հաղթանակ չի լինում

Բոսնիայի եւ Հերցեգովինայից կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ հետխաղյա մեկնաբանություններում նշեցին, որ այդ խաղում պակասեց հավատը հաղթանակի հանդեպ: Իհարկե, առանց հավատ հաղթանակ լինել չի կարող: Եթե տնային խաղում էլ հայ ֆուտբոլիստները չհավատան հաղթանակին, ապա դա նրանց անել կստիպեն երկրպագուները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նախախաղային ասուլիսում խոսել էր այդ մասին եւ նշել, որ հայ ֆուտբոլիստների մոտ պետք է արթնացնել հաղթողի հոգեբանություն:

Հանդիպման նախօրեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հյուրընկալվել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մոտիվացնող խոսքով աջակցություն էր հայտնել խաղացողներին: Գուցե նաեւ այդ այցը հայ ֆուտբոլիստներին կստիպի հավատալ, որ հաղթել կարելի է բոլոր մրցակիցներին:

Բուքմեյքերների կարծիքը

Բուքմեյքերական գրասենյակները ոչ մեծ նախապատվություն են տալիս Ֆինլանդիայի հավաքականին: Հայկական թիմի հաղթանակը միջինը գնահատվում է 3.40 գործակցով, իսկ հյուրերինը՝ 2.30: Ոչ ոքիի գործակիցը 3.30 է:

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր

J խումբ

Հայաստան - Ֆինլանդիա՝ 21:00 (Երեւանի ժամանակով)

Գլխավոր մրցավար՝ Նիկոլա Դաբանովիչ (Չեռնոգորիա)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմըԱրամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Սարգիս Ադամյան, Էդգար Բաբայան, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով