08:56  +04,  20 օգոստոսի, 2012

Աբրահամին կապացուցեմ, որ ես եմ ուժեղագույնը. Շտիգլիցի հարցազրույցը NEWS.am Sport-ին

Օգոստոսի 25-ին  Բեռլինի O2 World մարզապալատում Արթուր Աբրահամը կփորձի վերադարձնել չեմպիոնական գոտին: Արթուրի մրցակիցն է լինելու սուպերմիջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը: Արթուր Աբրահամը  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ «տեղյակ է Շտիգլիցի հնարավորություններին, նրա ուժեղ կողմերին, բայց դա ոչինչ չի նշանակում. պետք է հաղթել եւ վերջ»:

Աբրահամի համար ճակատագրական մենամարտից առաջ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց նաեւ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի (ծնվել է 1981թ. հունիսի 20-ին Կրասնոդարի մարզում: Առաջին մենամարտը` 7 ապրիլի 2001թ.: Անցկացրել է 43 մենամարտ, տարել է 41 հաղթանակ, 23-ը նոկաուտով: Պարտվել է 2 մենամարտում) հետ եւ ստացավ նրա պատասխանն Արթուր Աբրահամին:

Ռոբերտ, օգոստոսի 25-ին Բեռլինում տեղի կունենա Ձեր մենամարտը Արթուր Աբրահամի հետ: Ինչպե՞ս եք ֆունկցիոնալ պատրաստվում մենամարտին:

Ամեն ինչ շատ լավ է ընթանում: Ես բազմաթիվ սպարինգ-մենամարտեր եմ անցկացրել: Սպարինգ-մրցակիցներս շատ հարմար էին` Արթուր Աբրահամի նման բռնցքամարտիկներ էին: Կարծում եմ` շատ լավ եմ պատրաստված, նույնիսկ, արել եմ ավելին, քան պետք էր: Ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն:

Իսկ հոգեբանորե՞ն:

Երբ ես մարզվում եմ եւ ամեն բան ստացվում է, ես կարողանում եմ հաղթել սպարինգ-մրցակիցներիս` այդ ժամանակ հոգեբանական պատրաստվածությունն էլ բարձր մակարդակի վրա է: Երբ գիտեմ` ամեն ինչ արել եմ, որ լինեմ լավ մարզավիճակում` հոգեբանական վիճակս էլ լավ է լինում:

Արթուր Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ խլելու է աշխարհի չեմպիոնի Ձեր գոտին: Ի՞նչ կպատասխանեք նրան:

Նա իմ գոտու պաշտոնական հավակնորդն է եւ ամեն բան կանի, որպեսզի խլի այն ինձանից: Բայց ես էլ չեմ ցանկանում այն զիջել Արթուրին: Ես ապացուցելու եմ, որ այս քաշային կարգում ես եմ ուժեղագույնը:

Ի՞նչ կարծիք ունեք Արթուր Աբրահամ մարզիկի մասին:

Ես շատ լավ ծանոթ եմ նրա հետ: Մի քանի տարի է, ինչ շփվում ենք: Ժամանակին միասին մարզվում էինք, սպարինգ-մենամարտեր էինք անցկացնում: Մենք մարզիկներ ենք եւ հասկանում ենք իրավիճակը: Մենք ինչ-որ հանցագործներ չենք: Եվ  ուժեղագույնի հարցը լուծելու ենք ռինգում: Իսկ մենամարտից հետո մենք կմնանք ընկերներ: Իրար ձեռք կսեղմենք, ու ամեն ինչ նորմալ կլինի:

Իսկ որո՞նք են Արթուրի թույլ կողմերը:

Արթուրը մի քանի մենամարտերում պարտվեց ամերիկացի բռնցքամարտիկներին: Գուցե դա նրան որոշակիորեն կոտրեց: Բայց դա այլ քաշային կարգում էր: Հնարավոր է, որ նա իմ քաշային կարգում ֆիզիկապես «չձգի»: Երբ նա հանդես էր գալիս այլ քաշային կարգում` նա ֆիզիկապես ավելի ուժեղ էր, իսկ այստեղ նրան ավելի դժվար կլինի:

Ի՞նչ կասեք Բեռլինի О2 մարզապալատի մասին: Արթուրի համար այն կարելի է ասել հարազատ է, նրա տանից շատ մոտ է, բայց Ձեզ համար էլ այդքան օտար չէ:

Արթուրն ապրում է Բեռլինում:  Դա նրա քաղաքն է: О2-ում մենամարտեր է անցկացրել: Նա այնտեղ մեծ աջակցություն է ունենալու, բայց ինձ սատարողներն էլ են շատ լինելու: Գերմանիայի տարբեր քաղաքներից շատերը կգան, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի մի շարք գործարարներ:

Կարո՞ղ եք ասել, որ այս մենամարտը լինելու է Ձեր կարիերայի կարեւորագույններից մեկը:

Այո, կարելի է այդպես ասել: Արթուրին Գերմանիայում գրեթե բոլորը գիտեն: Մենամարտը հեռարձակելու են հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ ռադիոյով:  Այն մեծ ուշադրության է արժանացել ԶԼՄ-ների կողմից: Ինձ համար  նույնպես շատ կարեւոր է անցկացնել մենամարտը շատ լավ:

Ռոբերտ, Դուք ազգությամբ գերմանացի եք: Մեծացել եք Կրասնոդարի մարզում: Կպատմե՞ք Ձեր արմատների մասին:

Հայրս գերմանացի է` Շտիգլից, մայրս ռուս է` Կալաշնիկովա: Ազգականներս 1991-ին տեղափոխվեցին Գերմանիա եւ ապրում են այստեղ: Մայրական կողմի բարեկամներս ապրում են Սիբիրում: Ես ունեմ նրանց կոնտակտային տվյալները: Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել Ռուսաստանում, այնուհետեւ տեղափոխվել եմ Գերմանիա: Ստացվել է այնպես, որ ես կիսով չափ գերմանացի եմ, կիսով չափ` ռուս:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ