18:49  +04,  16 օգոստոսի, 2012

Արթուր Աբրահամ. Ծանոթ եմ Շտիգլիցի ուժեղ կողմերին, բայց դա ոչինչ չի նշանակում. պետք է հաղթենք եւ վերջ

«Ես ծանոթ եմ Ռոբերտ Շտիգլիցի հնարավորություններին, նրա ուժեղ կողմերին, բայց դա ոչինչ չի նշանակում. պետք է հաղթենք եւ վերջ»: Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում հայտարարեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը։

Օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամը կփորձի խլել գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Արթուր, ի՞նչ  նախամենամարտային տրամադրություն ունես: 

Դեռեւս շատ լավ տրամադրություն ունեմ, բայց որքան զգում եմ` մենամարտիս օրը մոտենում է, այնքան անհանգստանում եմ: Առանց անհանգստության չի լինում: Մշտապես միտքս զբաղված է, մտածում եմ ինչպես կլինի, լավ կլինի, թե չէ, ինչպես պիտի անեմ, ինչից խուսափեմ: Սա նորմալ նախամենամարտային ռեժիմ է եւ անհանգստություն:

Ինչպե՞ս են անցնում մարզումներդ:

Ամեն ինչ համակարգված է: Բեռլինից 100 կմ հեռու Ծաղկաձորի նման սպորտային փոքր քաղաք կա, կոչվում է Քիմբաուն: Բոլոր օլիմպիական չեմպիոններն այդ քաղաքում են մարզվում, այդ պատճառով այն կոչվում է սպորտային քաղաք: Ես այստեղ եմ մարզվում: Ամեն առավոտ արթնանում եմ ժամը ութին, նախաճաշում եմ եւ սկսում մարզումներս: Կեսօրից հետո ճաշում եմ, հանգստանում եւ օրվա երկրորդ կեսից հետո կրկին սկսում մարզումներս մինչեւ ուշ երեկո: Հիմա ինձ հետ այդ քաղաքում մարզվում են ռուս եւ ամերիկացի մի քանի բռնցքամարտիկներ, որոնք եկել են այս քաղաք հատուկ ինձ հետ սպարինգ-մենամարտեր անցկացնելու համար: Բացի մարզումներից մարզավիճակս լավ պահպանելու համար հաճախում եմ նաեւ հատուկ մերսումների եւ սաունա: Սա իմ ամենօրյա օրակարգն է: Այսպես կշարունակեմ մարզումներս մինչեւ օգոստոսի 18-ը: Մենամարտից մեկ շաբաթ առաջ հանգստանում եմ, որպեսզի օրգանիզմս հանգստանա:

Ի՞նչ մարզավիճակում ես:

Ամեն ինչ անում եմ, որ գերազանց մարզավիճակում լինեմ, բայց այժմ մի տեսակ հոգնած եմ: Ծանրաբեռնվածությունը մեծ է: Այս հոգնածությունը պետք է անցկացնեմ մենամարտին նախորդող շաբաթվա ընթացքում, որպեսզի հոգնածությունս գլուխ չբարձրացնի ռինգում: Ինչ վերաբերում է իմ պատրաստվածությանը, ապա ամեն ինչ, կարելի է ասել, կատարյալ է: Ամենակարեւորը` չունեմ որեւէ վնասվածք եւ ես ինձ հրաշալի եմ զգում:

Դեռ լրացնելու բան ունե՞ս:

Այժմ աշխատում եմ լրացումների եւ բացթողումների վրա: Տակտիկական շատ աշխատանքներ կան լրացնելու: Որոշ տակտիկական աշխատանքներ պետք է մշակվեն:

Արթուր, քո մենամարտին մնացել է մի քանի օր: Հոգեբանորեն պատրա՞ստ ես:

Հոգեբանորեն պատրաստ լինելը հաջողության գրավականներից մեկն է: Ես այդ հոգեբանական խնդրին մեծ նշանակություն եմ տալիս: Իմ կարծիքով մարզիկին հոգեբանորեն կարող է պատրաստել միայն մարզիչը: Ինչպես է հայրը իր երեխային հոգեբանորեն տրամադրում լավին, հաջողությանը, երջակնիկ լինելուն, որ կյանքում ամեն ինչ լավ լինի, այդքան էլ կարեւոր դեր ունի մարզիչը մարզիկի կյանքում: Մարզիկը հոգեաբանորեն կտրամադրվի իր մենամարտին այն ժամանակ, երբ մարզիչը նրան կհամոզի դրանում: Մարզիկ-մարզիչ կապը պետք է նման լինի հայր-որդի կապին: Ես այդ պատնեշը հաղթահարել եմ եւ ինձ հոգեբանորեն տրամադրել եմ մենամարտին: Իմ հոգեբանն իմ մարզիչն է: Նա է ամեն հարցում ինձ հոգեբանորեն գոտեպնդում, տրամադրում: Ես պատրաստ եմ մենամարտին եւ դա ցույց կտամ օգոստոսի 25-ին:

Ունե՞ս ինչ-որ  դեղատոմս, որով քեզ տրամադրում ես հաղթանակի:

Իմ դեղատոմսն իմ կարգախոսն է, որով ես ինքս ինձ առաջնորդում եմ ռինգում. ասում եմ`Արթուր, հոգնել չկա, մոռանում ես «հոգնել» բառը, դու հոգնած չես, պարտվել չկա եւ չի կարելի: Այսպես եմ ես ինքս ինձ տրամադրում մենամարտի եւ հաղթանակի:

Արթուր, արդեն վաղուց որոշված է մենամարտիդ օրն ու վայրը: Քեզ համար վայրը նշանակություն ունի՞: Հնարավո՞ր է, որ վայրն էլ քեզ տրամադրի հաղթանակին:

Այո, օգոստոսի 25, Բեռլինի O2 World մարզապալատ: Ինձ համար այս մարզապալատն առանձնահատուկ նշանակություն ունի: Այստեղ ես բախտ եմ ունեղել հաղթանակ տանել եւ ուրախացնել  երկրպագուներիս դեռեւս 2009-ին Ջերմեյն Թեյլորի հետ մենամարտում:  O2-ը հռչակավոր մարզապալատը է: Այստեղ համերգներ են տալիս համաշարհային մեծության աստղեր, ինչպես օրինակ` Մադոննան, Էլթոն Ջոնը: Այն ունի 15 հազար տեղ, իսկ դա նշանակում է` ես հնարավորություն ունեմ հնարավորինս շատ երկրպագուներ տեսնել իմ մենամարտի ժամանակ եւ հնարավորինս շատ երկրպագուների ուրախացնել իմ հաղթանակով, ինչպես դա արեցի Ջերմեյն Թեյլորի հետ մենամարտում:  Այս դահլիճում ես ինձ շատ լավ եմ զգում, մասնավորապես, երբ այն իմ տանից գտնվում է 15-20 կմ հեռավորություն վրա:  Կարծում եմ, իմ բոլոր երկրպագուներն այնտեղ կլինեն եւ ինձ կոգեշնչեն: Գիտեմ, որ արդեն շատ հյուրեր եմ ունենալու Հայաստանից, այնպես որ հայաստանցի իմ երկրպագուներն էլ կուրախանան այդ օրը:

Խոսեցիր երկրպագուներիդ մասին: Քո հարցազրույցներում պարբերաբար նշում ես, որ քեզ քո երկրպագուներն են ոգեշնչում: Ի՞նչ է տեղի ունենում քեզ հետ, երբ դուրս ես գալիս ռինգ եւ տեսնում ես բազմաթիվ քեզ ուղղված եւ քեզնով հիացող աչքեր:

Անկեղծ ասած, երբ դուրս եմ գալիս ռինգ, այլեւս այդ աչքերն ու ինձ ուղղված հայացքները չեմ զգում: Ինձ մոտ այդ պահին աննկարագրելի երեւույթներ են տեղի ունենում. ես ասես` թունելի մեջ լինեմ`չեմ զգում ոչինչ, չեմ լսում կրկին ոչինչ` ով է բղավում, ով է ինձ ոգեշնչում, ով է ինձ նայում, ով` ոչ: Չեմ լսում եւ չեմ տեսնում ոչինչ: Մենամարտի ժամանակ լսում եմ միայն մարզիչիս եւ եղբորս ձայնն ու վերջ: Երկրպագուներիս ոգեշնչումը զգում եմ հաղթանակիցս հետո: Մենամարտի ժամանակ միայն ահռելի մեծ էներգիա եմ զգում հանդիսականների կողմից եկող: Իրականում դա է ինձ ոգեշնչում: Բնական է, որ ականջիս հասնում են Ար-թուր վանկարկումները, բայց այդ ձայները գալիս եւ անցնում են ականջիս կողքով: Իսկ ես փորձում եմ այս ձայնի ետեւից չգնալ եւ չնայել:

Բացի երկրպագուներիցդ ի՞նչը կամ ո՞վ է քեզ ոգեշնչում:

Ինձ ոգեշնչողներն այն մարդիկ են, որոնց ձայնն եմ միայն ես լսում մենամարտի ժամանակ, դա իմ մարզիչն է եւ եղբայրս: Իսկ իրականում ինձ ոգեշնչում եմ ես ինքս:

Իսկ միտքդ ինչո՞վ է զբաղված մենամարտի ժամանակ:

Մտածում եմ միայն մրցակցիս սխալները նկատելու եւ դրանք իմ օգտին օգտագործելու մասին:

Արթուր, ի՞նչ ես ակնկալում այս մենամարտից:

Միայն հաղթանակ… Ուրիշ ոչ մի ակնկալիք չունեմ:

Իսկ քո մրցակցի մասին ի՞նչ կասես: Որքա՞ն կգնահատես նրա հնարավորությունները:

Ռոբերտ Շտիգլիցը պատահական բռնցքամարտիկ չէ: Եթե նա արդեն WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն է, ուրեմն նրան թերագնահատելու իրավունք չունենք: Նրա հետ մենամարտում պետք է շատ զգույշ լինել եւ տակտիկական քայլերով ոչնչացնել նրան մենամարտի ժամանակ: Ես տեղյակ եմ նրա հնարավորություններին, նրա ուժեղ կողմերին, բայց դա ոչինչ չի նշանակում. պետք է հաղթենք եւ վերջ:

Շտիգլիցը մեկ անգամ հայտարարել է, որ գոտին, միեւնույնն է, իրենն է լինելու: Ինչպե՞ս կպատասխանես նրա այս հայտարարությանը:

Ես այս հայտարարությանը կպատասխանեմ, որ գոտին իրենը չի լինելու: Գոտին պատկանելու է ինձ: Ես այդ հայտարարության պատասխանը նրան ցույց կտամ օգոստոսի 25-ին, որ այդ գոտին մերն է լինելու: Նրանը հաստատ չի լինելու։

Արթուր, մենամարտից հետո քեզ կտեսնե՞նք Հայաստանում:

Անպայման: Մենամարտից հետո կհանգստանամ, նոր կգամ Հայաստան: Իրականում Հայաստանում ես չեմ կարողանում հանգստանալ: Սովորաբար քիչ եմ քնում այդտեղ եւ շատ հանդիպումներ ունենում: Իմ ամեն մենամարտից հետո ես պարտադիր այցելում եմ Հայաստան, իմ հաղթանակը լիարժեք վայելում եմ Հայաստանում: Եթե չի ստացվում գալս՝ մի տեսակ ինձ ոչ լիարժեք եմ զգում, ինչ-որ պակաս եմ զգում: Այնպես որ, սպասեք ինձ Հայաստանում:

NEWS.am Sport-ը քեզ հաղթանակ է մաղթում:

Շնորհակալություն շատ, շատ, շատ…

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ