08:56 20 օգոստոսի, 2012Օգոստոսի 25-ին Բեռլինի O2 World մարզապալատում Արթուր Աբրահամը կփորձի վերադարձնել չեմպիոնական գոտին: Արթուրի մրցակիցն է լինելու սուպերմիջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը: Արթուր Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ «տեղյակ է Շտիգլիցի հնարավորություններին, նրա ուժեղ կողմերին, բայց դա ոչինչ չի նշանակում. պետք է հաղթել եւ վերջ»:
Աբրահամի համար ճակատագրական մենամարտից առաջ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց նաեւ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի (ծնվել է 1981թ. հունիսի 20-ին Կրասնոդարի մարզում: Առաջին մենամարտը` 7 ապրիլի 2001թ.: Անցկացրել է 43 մենամարտ, տարել է 41 հաղթանակ, 23-ը նոկաուտով: Պարտվել է 2 մենամարտում) հետ եւ ստացավ նրա պատասխանն Արթուր Աբրահամին:
Ռոբերտ, օգոստոսի 25-ին Բեռլինում տեղի կունենա Ձեր մենամարտը Արթուր Աբրահամի հետ: Ինչպե՞ս եք ֆունկցիոնալ պատրաստվում մենամարտին:
Ամեն ինչ շատ լավ է ընթանում: Ես բազմաթիվ սպարինգ-մենամարտեր եմ անցկացրել: Սպարինգ-մրցակիցներս շատ հարմար էին` Արթուր Աբրահամի նման բռնցքամարտիկներ էին: Կարծում եմ` շատ լավ եմ պատրաստված, նույնիսկ, արել եմ ավելին, քան պետք էր: Ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն:
Իսկ հոգեբանորե՞ն:
Երբ ես մարզվում եմ եւ ամեն բան ստացվում է, ես կարողանում եմ հաղթել սպարինգ-մրցակիցներիս` այդ ժամանակ հոգեբանական պատրաստվածությունն էլ բարձր մակարդակի վրա է: Երբ գիտեմ` ամեն ինչ արել եմ, որ լինեմ լավ մարզավիճակում` հոգեբանական վիճակս էլ լավ է լինում:
Արթուր Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ խլելու է աշխարհի չեմպիոնի Ձեր գոտին: Ի՞նչ կպատասխանեք նրան:
Նա իմ գոտու պաշտոնական հավակնորդն է եւ ամեն բան կանի, որպեսզի խլի այն ինձանից: Բայց ես էլ չեմ ցանկանում այն զիջել Արթուրին: Ես ապացուցելու եմ, որ այս քաշային կարգում ես եմ ուժեղագույնը:
Ի՞նչ կարծիք ունեք Արթուր Աբրահամ մարզիկի մասին:
Ես շատ լավ ծանոթ եմ նրա հետ: Մի քանի տարի է, ինչ շփվում ենք: Ժամանակին միասին մարզվում էինք, սպարինգ-մենամարտեր էինք անցկացնում: Մենք մարզիկներ ենք եւ հասկանում ենք իրավիճակը: Մենք ինչ-որ հանցագործներ չենք: Եվ ուժեղագույնի հարցը լուծելու ենք ռինգում: Իսկ մենամարտից հետո մենք կմնանք ընկերներ: Իրար ձեռք կսեղմենք, ու ամեն ինչ նորմալ կլինի:
Իսկ որո՞նք են Արթուրի թույլ կողմերը:
Արթուրը մի քանի մենամարտերում պարտվեց ամերիկացի բռնցքամարտիկներին: Գուցե դա նրան որոշակիորեն կոտրեց: Բայց դա այլ քաշային կարգում էր: Հնարավոր է, որ նա իմ քաշային կարգում ֆիզիկապես «չձգի»: Երբ նա հանդես էր գալիս այլ քաշային կարգում` նա ֆիզիկապես ավելի ուժեղ էր, իսկ այստեղ նրան ավելի դժվար կլինի:
Ի՞նչ կասեք Բեռլինի О2 մարզապալատի մասին: Արթուրի համար այն կարելի է ասել հարազատ է, նրա տանից շատ մոտ է, բայց Ձեզ համար էլ այդքան օտար չէ:
Արթուրն ապրում է Բեռլինում: Դա նրա քաղաքն է: О2-ում մենամարտեր է անցկացրել: Նա այնտեղ մեծ աջակցություն է ունենալու, բայց ինձ սատարողներն էլ են շատ լինելու: Գերմանիայի տարբեր քաղաքներից շատերը կգան, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի մի շարք գործարարներ:
Կարո՞ղ եք ասել, որ այս մենամարտը լինելու է Ձեր կարիերայի կարեւորագույններից մեկը:
Այո, կարելի է այդպես ասել: Արթուրին Գերմանիայում գրեթե բոլորը գիտեն: Մենամարտը հեռարձակելու են հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ ռադիոյով: Այն մեծ ուշադրության է արժանացել ԶԼՄ-ների կողմից: Ինձ համար նույնպես շատ կարեւոր է անցկացնել մենամարտը շատ լավ:
Ռոբերտ, Դուք ազգությամբ գերմանացի եք: Մեծացել եք Կրասնոդարի մարզում: Կպատմե՞ք Ձեր արմատների մասին:
Հայրս գերմանացի է` Շտիգլից, մայրս ռուս է` Կալաշնիկովա: Ազգականներս 1991-ին տեղափոխվեցին Գերմանիա եւ ապրում են այստեղ: Մայրական կողմի բարեկամներս ապրում են Սիբիրում: Ես ունեմ նրանց կոնտակտային տվյալները: Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել Ռուսաստանում, այնուհետեւ տեղափոխվել եմ Գերմանիա: Ստացվել է այնպես, որ ես կիսով չափ գերմանացի եմ, կիսով չափ` ռուս:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.