23:47  ,  7 մարտի, 2019

Եվրոպայի լիգա. «Արսենալը» պարտվեց Ֆրանսիայում (տեսանյութ)  

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց ֆրանսիական «Ռենից», որը 1/16 եզրափակիչում 2 խաղերի արդյունքում հաղթել էր իսպանական «Բետիսին» (3։3, 3։1)։

Հանդիպման մեկնարկը հաջող էր «Արսենալի» համար: Չորրորդ րոպեին հաշիվը բացեց նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբին: 41-րդ րոպեին հյուրերից կարմիր քարտ ստացավ հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը, իսկ մեկ րոպե անց «Ռենը» հավասարեցրեց հաշիվը: Թվային առավելություն ստացած ֆրանսիական ակումբը կարողացավ նաեւ կամային հաղթանակ կորզել երկրորդ խաղակեսում: 65-րդ րոպեին «Արսենալից» ինքնագոլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալը: Վերջնամասում դաշտի տերերը խփեցին նաեւ երրորդ գոլը՝ ներկայացնելով հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հավակնություններ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Իտալական «Ինտերը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ ոքի խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, իսկ իսպանական «Սեւիլիան» 2:2 հաշվով ավարտեց չեխական «Սլավիայի» հետ տնային հանդիպումը: «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչն առաջին խաղակեսում չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 14-ին: Քառորդ եզրափակիչի զույգերը որոշելու են վիճակահանությամբ։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Ռեն» (Ֆրանսիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 3:1 (տեսանյութ

Բենժամին Բուրիգո, 42, Նաչո Մոնրեալ, 65 (ինքնագոլ), Իսմաիլա Սար, 88 – Ալեքս Իվոբի, 4

Հեռացում՝ Սոկրատիս Պապաստատոպուլոս, 41 («Արսենալ»)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0:0 (տեսանյութ

Չիրացված 11 մետրանոց՝ Մարսելո Բրոզովիչ, 22 («Ինտեր»)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 2:2 (տեսանյութ

Վիսամ Բեն Յեդեր, 1, Մունիր Էլ Հադադի, 28 – Միրոսլավ Ստոխ, 25, Ալեքս Կրալ, 39

«Զենիթ» («Ռուսաստան») - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1:3 (տեսանյութ

Սերդար Ազմուն, 35 – Վիսենտե Իբորա, 33, Խերարդ Մորենո, 64, Մանու Մորալես, 71

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Բենֆիկա» («Պորտուգալիա»)՝ 1:0 (տեսանյութ

Բրունո Պետկովիչ, 38 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով