Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» կազմը համալրել է Մոսկվայի «Սպարտակի» և «Դինամոյի», «Ռուբինի», «Անժիի» և «Ամկարի» նախկին հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը:
29-ամյա հարձակվողը միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Բելեկում ընթացող մարզումային հավաքին:
Պրուդնիկովը նախորդ ամիսներին հանդես է եկել Յուրմալայի «Սպարտակում»: Անցկացրել է 9 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:
Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում (10 խաղ` 7 գոլ) Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը նվաճած Պրուդնիկովը ներկայացրել է նաև իր երկրի Մ-19 (9 խաղ` 6 գոլ), Մ-21 (18 խաղ` 6 գոլ), ազգային երկրորդ (3 խաղ` 1 գոլ) և ազգային առաջին հավաքականները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում