18:46  ,  24 հունվարի, 2019

Սուլշերը հույս ունի, որ «Արսենալի» ֆանատները տրամադրված կլինեն Ալեքսիս Սանչեսի դեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հույս ունի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հաճույք կստանա Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում:

«Սանչեսը կլինի կազմում: Կարծում եմ՝ նրան դուր կգա, եթե «Արսենալի» ֆանատները տրամադրված լինեն իր դեմ: Այդ դեպքում ֆուտբոլիստին պայքարի կմղի հպարտությունը, իսկ մտքում կլինեն «Բոլորիդ ցույց կտամ» բառերը: Նա հրաշալի էր մարզումներին: Հույս ունեմ, որ Ալեքսիսը հաճույք կստանա խաղից»,- Սուլշերի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Սանչեսն 2018թ. հունվարին է «Արսենալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նույն գործարքով էլ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան թիմից տեղափոխվեց «Արսենալ»:

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:55-ին: Ոչ ոքի արդյունքի դեպքում, կանցկացվի նաեւ պատասխան հանդիպում:

Վնասվածքների պատճառով, «Մանչեսթեր Յունայթեդին» չեն օգնի Մարուան Ֆելաինին, Կրիս Սմոլինգը եւ Մարկոս Ռոխոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում