18:49 16 օգոստոսի, 2012«Ես ծանոթ եմ Ռոբերտ Շտիգլիցի հնարավորություններին, նրա ուժեղ կողմերին, բայց դա ոչինչ չի նշանակում. պետք է հաղթենք եւ վերջ»: Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում հայտարարեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը։
Օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամը կփորձի խլել գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Արթուր, ի՞նչ նախամենամարտային տրամադրություն ունես:
Դեռեւս շատ լավ տրամադրություն ունեմ, բայց որքան զգում եմ` մենամարտիս օրը մոտենում է, այնքան անհանգստանում եմ: Առանց անհանգստության չի լինում: Մշտապես միտքս զբաղված է, մտածում եմ ինչպես կլինի, լավ կլինի, թե չէ, ինչպես պիտի անեմ, ինչից խուսափեմ: Սա նորմալ նախամենամարտային ռեժիմ է եւ անհանգստություն:
Ինչպե՞ս են անցնում մարզումներդ:
Ամեն ինչ համակարգված է: Բեռլինից 100 կմ հեռու Ծաղկաձորի նման սպորտային փոքր քաղաք կա, կոչվում է Քիմբաուն: Բոլոր օլիմպիական չեմպիոններն այդ քաղաքում են մարզվում, այդ պատճառով այն կոչվում է սպորտային քաղաք: Ես այստեղ եմ մարզվում: Ամեն առավոտ արթնանում եմ ժամը ութին, նախաճաշում եմ եւ սկսում մարզումներս: Կեսօրից հետո ճաշում եմ, հանգստանում եւ օրվա երկրորդ կեսից հետո կրկին սկսում մարզումներս մինչեւ ուշ երեկո: Հիմա ինձ հետ այդ քաղաքում մարզվում են ռուս եւ ամերիկացի մի քանի բռնցքամարտիկներ, որոնք եկել են այս քաղաք հատուկ ինձ հետ սպարինգ-մենամարտեր անցկացնելու համար: Բացի մարզումներից մարզավիճակս լավ պահպանելու համար հաճախում եմ նաեւ հատուկ մերսումների եւ սաունա: Սա իմ ամենօրյա օրակարգն է: Այսպես կշարունակեմ մարզումներս մինչեւ օգոստոսի 18-ը: Մենամարտից մեկ շաբաթ առաջ հանգստանում եմ, որպեսզի օրգանիզմս հանգստանա:
Ի՞նչ մարզավիճակում ես:
Ամեն ինչ անում եմ, որ գերազանց մարզավիճակում լինեմ, բայց այժմ մի տեսակ հոգնած եմ: Ծանրաբեռնվածությունը մեծ է: Այս հոգնածությունը պետք է անցկացնեմ մենամարտին նախորդող շաբաթվա ընթացքում, որպեսզի հոգնածությունս գլուխ չբարձրացնի ռինգում: Ինչ վերաբերում է իմ պատրաստվածությանը, ապա ամեն ինչ, կարելի է ասել, կատարյալ է: Ամենակարեւորը` չունեմ որեւէ վնասվածք եւ ես ինձ հրաշալի եմ զգում:
Դեռ լրացնելու բան ունե՞ս:
Այժմ աշխատում եմ լրացումների եւ բացթողումների վրա: Տակտիկական շատ աշխատանքներ կան լրացնելու: Որոշ տակտիկական աշխատանքներ պետք է մշակվեն:
Արթուր, քո մենամարտին մնացել է մի քանի օր: Հոգեբանորեն պատրա՞ստ ես:
Հոգեբանորեն պատրաստ լինելը հաջողության գրավականներից մեկն է: Ես այդ հոգեբանական խնդրին մեծ նշանակություն եմ տալիս: Իմ կարծիքով մարզիկին հոգեբանորեն կարող է պատրաստել միայն մարզիչը: Ինչպես է հայրը իր երեխային հոգեբանորեն տրամադրում լավին, հաջողությանը, երջակնիկ լինելուն, որ կյանքում ամեն ինչ լավ լինի, այդքան էլ կարեւոր դեր ունի մարզիչը մարզիկի կյանքում: Մարզիկը հոգեաբանորեն կտրամադրվի իր մենամարտին այն ժամանակ, երբ մարզիչը նրան կհամոզի դրանում: Մարզիկ-մարզիչ կապը պետք է նման լինի հայր-որդի կապին: Ես այդ պատնեշը հաղթահարել եմ եւ ինձ հոգեբանորեն տրամադրել եմ մենամարտին: Իմ հոգեբանն իմ մարզիչն է: Նա է ամեն հարցում ինձ հոգեբանորեն գոտեպնդում, տրամադրում: Ես պատրաստ եմ մենամարտին եւ դա ցույց կտամ օգոստոսի 25-ին:
Ունե՞ս ինչ-որ դեղատոմս, որով քեզ տրամադրում ես հաղթանակի:
Իմ դեղատոմսն իմ կարգախոսն է, որով ես ինքս ինձ առաջնորդում եմ ռինգում. ասում եմ`Արթուր, հոգնել չկա, մոռանում ես «հոգնել» բառը, դու հոգնած չես, պարտվել չկա եւ չի կարելի: Այսպես եմ ես ինքս ինձ տրամադրում մենամարտի եւ հաղթանակի:
Արթուր, արդեն վաղուց որոշված է մենամարտիդ օրն ու վայրը: Քեզ համար վայրը նշանակություն ունի՞: Հնարավո՞ր է, որ վայրն էլ քեզ տրամադրի հաղթանակին:
Այո, օգոստոսի 25, Բեռլինի O2 World մարզապալատ: Ինձ համար այս մարզապալատն առանձնահատուկ նշանակություն ունի: Այստեղ ես բախտ եմ ունեղել հաղթանակ տանել եւ ուրախացնել երկրպագուներիս դեռեւս 2009-ին Ջերմեյն Թեյլորի հետ մենամարտում: O2-ը հռչակավոր մարզապալատը է: Այստեղ համերգներ են տալիս համաշարհային մեծության աստղեր, ինչպես օրինակ` Մադոննան, Էլթոն Ջոնը: Այն ունի 15 հազար տեղ, իսկ դա նշանակում է` ես հնարավորություն ունեմ հնարավորինս շատ երկրպագուներ տեսնել իմ մենամարտի ժամանակ եւ հնարավորինս շատ երկրպագուների ուրախացնել իմ հաղթանակով, ինչպես դա արեցի Ջերմեյն Թեյլորի հետ մենամարտում: Այս դահլիճում ես ինձ շատ լավ եմ զգում, մասնավորապես, երբ այն իմ տանից գտնվում է 15-20 կմ հեռավորություն վրա: Կարծում եմ, իմ բոլոր երկրպագուներն այնտեղ կլինեն եւ ինձ կոգեշնչեն: Գիտեմ, որ արդեն շատ հյուրեր եմ ունենալու Հայաստանից, այնպես որ հայաստանցի իմ երկրպագուներն էլ կուրախանան այդ օրը:
Խոսեցիր երկրպագուներիդ մասին: Քո հարցազրույցներում պարբերաբար նշում ես, որ քեզ քո երկրպագուներն են ոգեշնչում: Ի՞նչ է տեղի ունենում քեզ հետ, երբ դուրս ես գալիս ռինգ եւ տեսնում ես բազմաթիվ քեզ ուղղված եւ քեզնով հիացող աչքեր:
Անկեղծ ասած, երբ դուրս եմ գալիս ռինգ, այլեւս այդ աչքերն ու ինձ ուղղված հայացքները չեմ զգում: Ինձ մոտ այդ պահին աննկարագրելի երեւույթներ են տեղի ունենում. ես ասես` թունելի մեջ լինեմ`չեմ զգում ոչինչ, չեմ լսում կրկին ոչինչ` ով է բղավում, ով է ինձ ոգեշնչում, ով է ինձ նայում, ով` ոչ: Չեմ լսում եւ չեմ տեսնում ոչինչ: Մենամարտի ժամանակ լսում եմ միայն մարզիչիս եւ եղբորս ձայնն ու վերջ: Երկրպագուներիս ոգեշնչումը զգում եմ հաղթանակիցս հետո: Մենամարտի ժամանակ միայն ահռելի մեծ էներգիա եմ զգում հանդիսականների կողմից եկող: Իրականում դա է ինձ ոգեշնչում: Բնական է, որ ականջիս հասնում են Ար-թուր վանկարկումները, բայց այդ ձայները գալիս եւ անցնում են ականջիս կողքով: Իսկ ես փորձում եմ այս ձայնի ետեւից չգնալ եւ չնայել:
Բացի երկրպագուներիցդ ի՞նչը կամ ո՞վ է քեզ ոգեշնչում:
Ինձ ոգեշնչողներն այն մարդիկ են, որոնց ձայնն եմ միայն ես լսում մենամարտի ժամանակ, դա իմ մարզիչն է եւ եղբայրս: Իսկ իրականում ինձ ոգեշնչում եմ ես ինքս:
Իսկ միտքդ ինչո՞վ է զբաղված մենամարտի ժամանակ:
Մտածում եմ միայն մրցակցիս սխալները նկատելու եւ դրանք իմ օգտին օգտագործելու մասին:
Արթուր, ի՞նչ ես ակնկալում այս մենամարտից:
Միայն հաղթանակ… Ուրիշ ոչ մի ակնկալիք չունեմ:
Իսկ քո մրցակցի մասին ի՞նչ կասես: Որքա՞ն կգնահատես նրա հնարավորությունները:
Ռոբերտ Շտիգլիցը պատահական բռնցքամարտիկ չէ: Եթե նա արդեն WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն է, ուրեմն նրան թերագնահատելու իրավունք չունենք: Նրա հետ մենամարտում պետք է շատ զգույշ լինել եւ տակտիկական քայլերով ոչնչացնել նրան մենամարտի ժամանակ: Ես տեղյակ եմ նրա հնարավորություններին, նրա ուժեղ կողմերին, բայց դա ոչինչ չի նշանակում. պետք է հաղթենք եւ վերջ:
Շտիգլիցը մեկ անգամ հայտարարել է, որ գոտին, միեւնույնն է, իրենն է լինելու: Ինչպե՞ս կպատասխանես նրա այս հայտարարությանը:
Ես այս հայտարարությանը կպատասխանեմ, որ գոտին իրենը չի լինելու: Գոտին պատկանելու է ինձ: Ես այդ հայտարարության պատասխանը նրան ցույց կտամ օգոստոսի 25-ին, որ այդ գոտին մերն է լինելու: Նրանը հաստատ չի լինելու։
Արթուր, մենամարտից հետո քեզ կտեսնե՞նք Հայաստանում:
Անպայման: Մենամարտից հետո կհանգստանամ, նոր կգամ Հայաստան: Իրականում Հայաստանում ես չեմ կարողանում հանգստանալ: Սովորաբար քիչ եմ քնում այդտեղ եւ շատ հանդիպումներ ունենում: Իմ ամեն մենամարտից հետո ես պարտադիր այցելում եմ Հայաստան, իմ հաղթանակը լիարժեք վայելում եմ Հայաստանում: Եթե չի ստացվում գալս՝ մի տեսակ ինձ ոչ լիարժեք եմ զգում, ինչ-որ պակաս եմ զգում: Այնպես որ, սպասեք ինձ Հայաստանում:
NEWS.am Sport-ը քեզ հաղթանակ է մաղթում:
Շնորհակալություն շատ, շատ, շատ…
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.