19:45  ,  17 հունվարի, 2019

Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնային» սպառնում է որակազրկում

«Բարսելոնայի» սպառնում է որակազրկում Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում: «Լեւանտեի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը կատալոնական թիմի կազմում մասնակցել է որակազրկված ֆուտբոլիստ, հաղորդում է El Mundo-ն:

«Բարսելոնայի» երկրորդ թիմի խաղացող, պաշտպան Խուան Մովիլյան «Լեւանտեի» դեմ առաջին խաղում հանդես է եկել 58 րոպե: Նա որակազրկումը ստացել է երկրորդ թիմում եւ իրավունք չի ունեցել մասնակցել նաեւ գլխավոր թիմի հանդիպմանը: Այդ խաղում «Բարսելոնան» «Լեւանտեին» պարտվել էր 1:2 հաշվով:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Մադրիդի «Ռեալը» որակազրկվել էր Իսպանիայի գավաթի խաղարկությունից կիսապաշտպան Դենիս Չերիշեւի մասնակցության համար: Նա դեղին քարտերի քանակի պատճառով էր որակազրկված եղել եւ իրավունք չէր ունեցել մասնակցել «Կադիսի» դեմ 1/16 եզրափակիչի առաջին հանդիպմանը (3:1):

«Բարսելոնա» - «Լեւանտե» պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 17-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում