01:54  ,  4 հունվարի, 2019

«Մանչեսթեր Սիթին» առաջին պարտությունը հասցրեց «Լիվերպուլին» (ֆոտոշարք, տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայում Boxing day փուլն ավարտվեց սուպերդիմակայությամբ՝ չեմպիոնության գլխավոր 2 հավակնորդների միջեւ: 21-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց առաջատար «Լիվերպուլին», որն առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում (տեսանյութ):

Խաղի սկզբնամասն անցնում էր չափազանց կոշտ պայքարում՝ շատ պայքար, քիչ դիտարժանություն: Խաղադաշտում տակտիկական պայքար էր, եւ 2 թիմերն էլ կարծես չէին շտապում բացել իրենց խաղաքարտերն ու սպասում էին մրցակցի սխալին:

Առաջին իրական գոլային պահը եղավ 17-րդ րոպեին, երբ «Լիվերպուլը» բաց թողեց հաշիվը բացելու հնարավորություն: Եգիպտացի Մոհամեդ Սալահի նախաձեռնած գրոհի արդյունքում հարվածային դիրքում հայտնվեց սենեգալցի Սադիո Մանեն, որի հարվածից հետո դաշտի տերերին նախ փրկեց դարպասաձողը, իսկ հետո նաեւ անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը:

Խաղակեսի միջնամասում մանչեսթերցիները սկսել էին ավելի շատ վերահսկել գնդակը, իսկ 28-րդ րոպեին լրջորեն սպառնացին մրցակցի դարպասին: Հարվածային դիրքում էր հայտնվել իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան, որի հարվածը հաջող չստացվեց: Թվում էր, թե առաջին խաղակեսից հիշվելու են միայն այդ 2 գոլային պահերը, սակայն վերջնամասում «Մանչեսթեր Սիթին» բացեց հաշիվը: 41-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը ուժգին հարվածով հյուրերի դարպասը գրավեց սուր անկյունից: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում մանչեսթերցիներն ավելի շատ էին գրոհում, սակայն գոլ խփեցին հյուրերը: 64-րդ րոպեին գեղեցիկ գրոհի արդյունքում «Լիվերպուլի» պատասխան գոլը հեղինակեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:

Լիվերպուլցիների ուրախությունը երկար չտեւեց, քանի որ 7 րոպե անց «Մանչեսթեր Սիթին» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ: Դաշտի տերերի երկրորդ գոլը բիլիարդային հարվածով խփեց գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն:

Խաղի վերջնամասում 2 թիմերն էլ ունեցան գոլ խփելու հնարավորություններ, սակայն դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Խաղադաշտում «կռիվը» շարունակվում էր մինչեւ մրցավարի եզրափակիչ սուլիչը:

Այս հանդիպումից հետո Անգլիայի ընթացիկ առաջնությունում անպարտելի թիմ չմնաց: «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 50 միավոր եւ, շրջանցելով «Տոտենհեմին», վերադարձավ երկրորդ տեղ: «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 54 միավորով:

Պրեմյեր լիգայի հաջորդ տուրը կմեկնարկի հունվարի 12-ին:

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 2:1

Սերխիո Ագուերո, 40, Լերոյ Սանե, 71 – Ռոբերտո Ֆիրմինո, 64

«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Դանիլո, Ջոն Սթոունզ, Վենսան Կոմպանի (Նիկոլաս Օտամենդի, 88), Էմերիկ Լյապորտ (Կայլ Ուոլկեր, 86), Ֆերնանդինյո, Դավիդ Սիլվա (Իլկայ Գյունդոգան, 65), Բերնարդո Սիլվա, Ռահիմ Ստերլինգ, Լերոյ Սանե, Սերխիո Ագուերո:

«Լիվերպուլ». Ալիսոն Բեքեր, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Դեյան Լովրեն, Վիջիլ Վան Դեյկ, Էնդրյու Ռոբերտսոն, Ջորդան Հենդերսոն, Ջեյմս Միլներ (Ֆաբինյո, 57), Ժորժինյո Վեյնալդում (Դանիել Սթարիջ, 86), Սադիո Մանե (Ջերդան Շաքիրի, 77), Մոհամեդ Սալահ, Ռոբերտո Ֆիրմինո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով