12:24  ,  14 դեկտեմբերի, 2018

«Արսենալի» ավագը դաշտ վերադարձավ 7 ամսվա ընդմիջումից հետո (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» ավագ Լորան Կոսելնին խաղադաշտ է վերադարձել տեւական ընդմիջումից հետո: Դա տեղի է ունեցել Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում, որում ֆրանսիացի պաշտպանը մեկնարկային կազմում հանդես է եկել 72 րոպե:

Հիշեցնենք, որ 33-ամյա Կոսելնին խաղադաշտից բացակայում էր մայիսից, երբ աքիլեսյան ջիլի վնասվածք էր ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում: «Արսենալի» գլխավոր թիմում նա չէր խաղացել 224 օր:

Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլի շնորհիվ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց անգլիական ակումբի պահեստայինների թվում:

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին շվեյցարական Նիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում