16:31  ,  23 նոյեմբերի, 2018

Սպորտի նախարար․ Արթուր Ալեքսանյանը նախարարությանը չի դիմել բուժման ծախսերի համար

Արթուր Ալեքսանյանն իր ցանկությամբ է բուժման համար մեկնել ԱՄՆ: Ո՛չ ըմբշամարտի ֆեդերացիան, ո՛չ Արթուր Ալեքսանյանը նախարարությանը չեն դիմել բուժման ծախսերի, խնդրին լուծում տալու առնչությամբ: Բայց օրենքի ուժով նախարարությունը բոլոր հավաքականների անդամներին աջակցում է մարզիկների բուժում ստանալու հարցում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը։

«Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի՝ ԱՄՆ-ում սեփական միջոցներով բուժում ստանալուն, դա իր կամքն է եղել: Արթուր Ալեքսանյանի կամ ֆեդերացիայի կողմից մեզ որեւէ գրություն չի եկել, որ մենք կարողանանք լուծում տալ այդ խնդրին: Մենք ունենք սպորտային բժշկության հանրապետական կենտրոն, որը զբաղվում է մեր մարզիկների բուժման հարցերով, բայց միայն Հայաստանի տարածքում: Այդ կենտրոնում բուժզննում է ստացել 466 մարզիկ, վիրահատվել են բռնցքամարտիկներ, բասկետբոլիստներ։  Այս պահին չեմ հիշում, թե քանիսը:

Նախարարությունը եւ ես անձամբ տեղյակ եղել եմ, թե ինչու Արթուր Ալեքսանյանը չմասնակցեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարին: Ես առօրյայում անձամբ կապի մեջ եմ մարզիկների հետ եւ գիտեմ բոլորի վնասվածքների, դրանց լրջության մասին, ամեն ինչից տեղյակ եմ: Բայց ես իրականում չգիտեի, որ Արթուր Ալեքսանյանը հենց բուժման համար է մեկնել է ԱՄՆ: Իրականում, ես նման տեղեկություն չեմ ունեցել։ Ըստ օրենքի՝ պետությունը հոգում է մարզիկի բուժզհետազոտության ու բուժման ծախսերը, եւ այդ օրենքն ազդում է նախարարության կողմից ֆինանսավորվող ֆեդերացիայի հավաքական թիմերի բոլոր անդամների վրա: Բուժման որակը մեզ բավարարում է եւ ունենք շատ լուրջ մասնագետներ»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ԱՄՆ է մեկնել հետազոտություն անցնելու եւ բուժվելու նպատակով․

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում