13:03  ,  13 նոյեմբերի, 2018

Նորայր Հախոյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Մ-23 աշխարհի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Հախոյանը (55 կգ) Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում իրավունք ստացավ անցկացնել բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Հախոյանը պայքարի մեջ էր մտել նախօրեին եւ մեկնարկել 1/8 եզրափակիչից, որտեղ 2:3 հաշվով պարտվել էր վրացի Նուգզարի Տսուրցումիային: Վրացի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ եւ Նորայրը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Միակ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 6:0 հաշվով հաղթեց բուլղարացի Նեդյալկո Պետրովին: Երեկոյան մրցահերթում Նորայր Հախոյանը բրոնզե մեդալը կվիճարկի ղրղզ Բալբայ Դորդոկովի հետ:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում նոյեմբերի 13-ին պայքարի մեջ կմտնեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (82 կգ): Սլավիկ Գալստյանը (63 կգ) եւ Սերյոժա Բերնեցյանը (77 կգ) պարտություն էին կրել նախօրեին եւ լքել պայքարը:

Հիշեցնենք, որ Նորայր Հախոյանը նախորդ ամիս մասնակցել էր նաեւ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությանը, որում բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0:4 հաշվով պարտվել էր թուրք Էրկեմ Օզտուրկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում