Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության առաջին օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ) եւ Սերյոժա Բերնեցյանը (77 կգ), որոնք պարտություն կրեցին:
Նորայր Հախոյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ 2:3 հաշվով պարտվեց վրացի Նուգզարի Տսուրցումիային:
Սլավիկ Գալստյանը վրացի ըմբիշի նկատմամբ վստահ հաղթանակով (10:2) մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում 5:6 հաշվով պարտվեց ռումինացի Ռադու Միհուտին: Երկրորդ մրցափուլի ընթացքում հայ ըմբիշը հաղթում էր 5:1 հաշվով, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը:
Սերյոժա Բերնեցյանը մեկնարկեց որակավորման փուլից՝ 0:8 հաշվով պարտվելով իրանցի Ահմեդ Հասանին:
Եթե Հայաստանի ներկայացուցիչներին հաղթողները հասնեն եզրափակիչ, հայ ըմբիշները հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (82 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Վարդգես Կարապետյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ): Թիմը մրցավայր մեկնի նոյեմբերի 15-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում