22:14  +04,  5 նոյեմբերի, 2018

ՀԹՖ փոխնախագահ. Վրեժ Խաչիկյանն ինտրիգներ է անում, խաղարկում Մանվել Գրիգորյանի անունը

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում կրքերը չեն հանդարտվում: Նոյեմբերի 4-ին լրացավ ֆեդերացիայի նախագահ Կարեն Գրիգորյանի լիազորությունները: Առաջիկայում սպասվում է նոր նախագահի ընտրություն: ՀԹՖ ղեկավար կազմը փորձում է իր թեկնածուին դարձնել նախագահ, իսկ ֆեդերացիայի դեմ բողոքողները, ի դեմս «Հրավանգ» ակումբի նախագահի Վրեժ Խաչիկյանի, պահանջում են արդար, բաց ընտրություն՝ հայկական թաեքվոնդոյի աշխարհի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ:  

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է ՀԹՖ փոխնախագահ, ՀԹՖ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի հետ ստեղծված լարված իրավիճակի, ֆեդերացիային ուղղված մի շարք մեղադրանքների մասին:

Պարոն  Ղահրամանյան, ֆեդերացիայի շուրջ արդեն տեւական ժամանակ կրքերը չեն հանդարտվում: Ի՞նչ է տեղի ունենում:

Ամեն ինչ շատ պարզ է՝ Վրեժ Խաչիկյանն ինտրիգներ է անում, խաղարկում Մանվել Գրիգորյանի անունը, որ դառնա Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ:

Զուտ աթոռակռի՞վ է:

Միանշանակ: Նա մեր հասցեին տարբեր մեղադրանքներ է հնչեցնում, ասում է, թե մենք գումարներ ենք «կերել», փաստաթղթեր է պահանջում... Ամեն ինչ զրպարտանք է եւ նպատակը մեկն է՝ վարկաբեկել մեզ եւ նստել ֆեդերացիայի նախագահի աթոռին: Նա սպորտի նախարարությանը դիմել էր մեր ֆեդերացիայում ուսումնասիրություններ, պետբյուջեի տրամադրած գումարների հաշվարկներ անել, թե որտեղ եւ ինչպես են ծախսվել: Նախարարությունն էլ եկավ, ուսումնասիրեց, ոչինչ չգտավ եւ գնաց: Այստեղ գումարներ յուրացնելու տարբերակ անգամ չկա, քանի որ ամեն ինչ հաշվառվում է, հաշվետվություն է ներկայացվում:

Բողոքներ կան, որ մրցաշարերի մարզիկներին տանում եք ծնողների միջոցներով եւ յուրացնում եք նաեւ այդ գումարները:

Նման բան չի կարող լինել: Այո, կան մրցաշարեր, որ մարզիկներին տարել ենք ծնողների միջոցներով: Մեր բյուջեն չի հերիքում: Հավաքվում ենք մարզիչներով, ուսումնասիրում ենք, օրինակ, որ մրցաշարի մեկնելու համար միայն 4 մարզիկի կարող է ֆեդերացիան տանել: Ընտրում ենք 4 լավագույնի՝ առաջնահերթությունը տալով այն թաեքվոնդոիստներին, ովքեր տարվա ընթացքում իրենց արդյունքներով նվաճել են այդ մրցաշարերին մասնակցելու իրավունքը:

Իսկ եթե ավել տեղ ունենք, բայց ֆինանսը չի բավարարում, այդ ժամանակ ծնողներն են ֆինանսավորում: Եթե ծնողը հնարավորություն ունի, կամ հովանավոր կա, չտանե՞նք մարզիկներին, փակե՞նք ճանապարհը:

Ի՞նչ կարգով են ընտրվում մրցաշարերի եւ առաջնությունների մասնակիցները: Մյուս կողմն ասում է, որ Հայաստանի չեմպիոնները չեն ընդգրկվում աշխարհի, Եվրոպայի առաջնություններ մեկնող հավաքականներում, այլ առաջնահերթությունը տրվում է ֆեդերադիայի ղեկավարության տակ գործող «Ար-Մար» ակումբի մարզիկներին:

Մենք չենք կարող նման բան անել, քանի որ սպորտի նախարարության հետ ամեն ինչ համաձայնեցված է: Հայաստանի ամեն առաջնությունից հետո հաղթողների ցանկը գնում է նախարարություն: Նախարարությունը ստուգում է անունները: Չենք կարող մենք որեւէ անօրինական գործարք կատարել: Հայաստանի չեմպիոններին անգամ չենք կարողանում տանել, ուր մնաց 2-րդ, 3-րդ տեղերին տանենք:

Մեկ անգամ է եղել նման դեպք, որ Հայաստանի առաջնությունը բաց թողած մարզիկը գնացել է աշխարհ. 59 կգ քաշային Ռոման Հայրապետովը 2017 Եվրոպայի երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց: Մարզումների ընթացքում ծնկի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց թողեց Հայաստանի առաջնությունը: Այնքան էի բարկացել մարզիչի վրա, էլ ասելու չի... քանի որ այդ երիտասարդը մեր հույսն է: Երիտասարդների աշխարհի առաջնությունից առաջ հավաք արեցինք, մարզչական խմբով հավաքվեցինք, հայտարարեցի՝ ով ուժեղ է, թող նա էլ մեկնի 59 կգ քաշում: Ինձ պետք է, որ ուժեղը գնա մրցման, կարեւոր չի՝ որ ակումբից է: Մարզիկը որեւէ մեկի սեփականությունը չի: Դա նորմալ տրամաբանություն է, որը չունեն Խաչիկյանն ու նրա համախոհները: Նրանք են իմ ու քոնն անում: Ընտրեցինք ուժեղին՝ այս պարագայում Հայրապետովն էր եւ նա գնաց աշխարհի առաջնության (Ռոման Հայրապետովը ներկայացնում է «Ար-Մար» ակումբը,- Լ.Շ.):

Ձեզ մեղադրում են նաեւ կազմակերպիչ երկրի կողմից ֆինանսավորվող մրցաշարերին մասնակցելու համար ծնողներից գումարներ հավաքելու եւ յուրացնելու մեջ:

Երբեք նման մրցաշարեր չեն եղել: Բացառվում է:

Խոսակցություններ են շրջանառվում նաեւ, որ ֆեդերացիան զբաղվել է անօրինական գործունեությամբ՝ մրցաշարերին մասնակցելու պատրվակով երկրի սահմաններից մարդ է հանել դուրս: Ի՞նչ մեկնաբանություն կտաք սրան:

Սա այն թեման է, որը ես ասել եմ՝ փակեք, հանկարծ չբացեք: Նման բան եղել է: Երբ ես 2006 թվականին եկա ֆեդերացիա, նման միջադեպ արդեն եղել էր: Ես հանձնարարել եմ փակել այս թեման, քանի որ չեմ ցանկանում որոշ մարդկանց անուններ տալ: Դա եղել է 2000-2006 թվականներին, բայց ես փաստերին չեմ տիրապետում: Հիմա նման բան չի կարող լինել. մարզիկները մատնահետքերով մտնում են, մատնահետքով դուրս գալիս դեսպանատներից: Ես ինչ եկել եմ ֆեդերացիա, այդ թեման ջնջել, գցել եմ: Բացառվող բաներ է, որ մեր ֆեդերացիայում այժմ այդպիսի անօրինականություններ լինեն: Դեռ ավելին, ես ինձ հետ մարդ եմ հետ բերել. հայրենադարձություն եմ արել:

Վրեժ Խաչիկյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում նշում է, որ շուրջ 3 ամիս գրավոր պահանջում է ֆեդերացիայի նախագահության անդամների, ֆեդերացիայի անդամների ցանկը,  2014թ. նոյեմբերի 4-ին տեղի ունեցած համաժողովի արձանագրությունը, բայց Դուք չեք ներկայացնում, քանի որ այդ փաստաթղթերն իրականում չկան: Ունե՞ք դրանք:

Մենք բոլոր այդ փաստաթղթերն ունենք:

Այդ դեպքում ինչո՞ւ չեք ներկայացնում:

Իսկ ինքն ուզե՞լ է... Վրեժ Խաչիկյանին հանելու ենք ֆեդերացիայից: Նա ֆեդերացիայի նախագահության անդամ է, բայց ֆեդերացիայի անդամ չէ: Նախագահության անդամից հանելու ենք նրան: Մենք դեռ 2006 թվականից որոշել ենք, որ ֆեդերացիայի անդամները անդամավճարներ չեն վճարելու, Վրեժ Խաչիկյանը գնում բողոքում է, որ դա անօրինական է, պետք է անդամավճարներ լինեն: Նրա ամեն քայլն անտրամաբանական է: Ես ունեմ բոլոր այդ փաստաթղթերը: Խաչիկյանն ուզում է 2014-ի համաժողովի արձանագրությունները. ամենը կա: Մասնակցել է 75 անդամ, բոլորն իրենց ստորագրություններով: Մենք հո երեխա չենք... լուրջ մարդիկ ենք: (Վարդան Ղահրամանյանը NEWS.am Sport-ի թղթակցին ներկայացրեց բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում եւ Վրեժ Խաչիկյանի կողմից պահանջվող փաստաթղթերը, բայց թույլ չտվեց դրանք լուսանկարել, պատճառաբանելով, որ դեռեւս հրապարակման ենթական չեն: Ըստ Ղահրամանյանի, ֆեդերացիան նյութեր է նախապատրաստում Վրեժ Խաչիկյանի դեմ զրպարտության համար հակընդեմ հայց ներկայացնելու եւ տվյալ փաստաթղթերը դեռեւս հրապարկելու կարիք չկա,- Լ.Շ.):

Որքա՞ն է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի տարեկան բյուջեն: Ինչպե՞ս եք ծախսում այդ գումարները, ո՞ր մրցաշարերի վրա:

2017 թվականին 18 մլն էր, այս տարի՝ 19 մլն: Դա ծախսվում է Հայաստանի առաջնության, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների վրա եւ ուսումնամարզական հավաքի: Ես հավելյալ ծախս չեմ կարող անել: Վրեժ Խաչիկյանը դա էլ չգիտի, որ մեր միջոցառումների բոլոր ծախսերը գրավոր կան: Նախարարությունն ամեն տարի աուդիտ է անցկացնում, բայց Վրեժ Խաչիկյանը բողոքել էր 2014-ին: Այժն նորից բողոքել է, բայց այս անգամ հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Եկան, ստուգեցին, բոլոր հրամանները հանեցին: Հրամանների մեջ գրված է՝ այս-ինչ մարզիկը հովանավորի հաշվին է գնում մրցաշարի, մնացածը՝ պետության հաշվին: Մեր հրամաններով ներկայացված գումարները գումարում են իրար եւ տեսնում են, որ ստանում են այն նույն թիվը, որը ես նախապես հրամանով ներկայացրել էի նախարարությանը: Ես էլ որտե՞ղ գումար «կերա»: Մարզիկը գնում գալիս է, իր իսկ ձեռքով գնած տոմսը գցում է, կամ կորցնում է, գալիս է ինձ ասում է՝ ինձանից գումար եք վերցրել մրցման տանելու համար:

Վրեժ Խաչիկյանը «կեխտ» է ման գալիս, բայց չի գտնում, չի գտնելու: Էս 10 տարի է՝ որտեղ նստում է, ասում է՝ ես Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահն եմ: Քանի անգամ եմ վզից բռնել, բերել ասել՝ այ տղա, դու հո խայտառակ չե՞ս. նախագահ կա, ես որ փոխնախագահն եմ, այդպիսի հայտարարություններ ինձ թույլ չեմ տալիս:

Դուք մի քանի պաշտոններ եք զբաղեցնում ֆեդերացիայում. ՀԹՖ  փոխնախագահ, ֆինանսական գծով գործադիր տնօրեն: Ինչպե՞ս է ստացվել:

Երբ 2006 թվականին ինձ նշանակեցին գործադիր տնօրեն, դրսում որ ասում էի պաշտոնս,  եվրոպացիները չէին հասկանում: Այ մարդ, ասեցի՝ ավելի լավ է փոխնախագահ լինեմ, որ դրսում հասկանալի լինի: Այդպես ընտրեցին ինձ փոխնախագահ: Բայց ասացին, որ միեւնույն է՝ ֆինանսական գծով գործադիր տնօրենի պարտականությունները բոլորն իմ վրա է: Իսկ փոխանագահի պաշտոնը դրսի համար է: Ոչ վարձատրվում եմ դրա համար, ոչ էլ առավելություններ ունեմ: Միակ լիազորությունս այն է, որ ֆեդերացիայի նախագահի բացակայության ժամանակ լիազորված եմ օգտագործել ֆեդերացիայի կնիքը: Կարեն Գրիգորյանն ինձ օրինական լիազորել է: Այս ամենից բացի, ես թաեքվոնդոյի Եվրոպական միության արդար խաղի եւ էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալն եմ: Եթե ես մասնագետ չլինեի, ինձ տեղակալ չէին նշանակի: Սրանք ի՞նչ են ուզում ինձանից:

Դուք նաեւ հավաքականի երկրորդ մարզիչն եք, ինչի համար յուրաքանչյուր ամիս ստանում եք 140 հազար դրամ անվանական կրթաթոշակ: Ճի՞շտ է եւ ինչի ՞համար է Ձեզ նշանակվել այդ գումարը:

Այո: Ես եմ երկրորդ մարզիչը եւ նախարարության հրամանով վարձատրվում եմ:

2008-ից սկսվեց ամեն ինչ: Իրանում, երբ մեր թիմը պարտվում էր, գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի հետ գլուխներս բռնած նստած էինք: Ասում եմ՝ ինչ պետք է անենք, ասաց մեզ մարզիչ է պետք: Դու կլինես երկրորդ մարզիչը: Ես թիմի հետ միշտ եղել եմ հավաքների՝ մարզադահլիճներում: Նկարների արխիվ ունեմ: Հրաման էլ կա. այնպես չի, որ ես ինքս եմ ինձ նշանակել երկրորդ մարզիչ: Բա ո՞վ վարձատրվի, եթե ես եմ թիմի հետ աշխատում, տանջվում, գնում-գալիս:

Բայց ասում են՝ Դուք մարզիկներ չունեք, երբեք չեք մասնակցել թիմի մարզումներին:

Հավաքականի մարզիչներն անձնական սաներ չեն ունենում, նրանք մարզում են միայն թիմերին՝ երբ հավաքներ են, թիմերը պատրաստվում են կարեւոր մրցաշարերի: Սա տրամաբանություն է: 2008-ին 5 անգամ հավաքականների հետ գնացել եմ Իրան, հետ եմ եկել. մի թիմը տանում էի, բերում էի, մեկ այլ թիմ էի տանում: Ավտոբուսով այնքան էի գնացել եկել, փողոցում ուղիղ չէի կարողանում քայլել, ճոճվում էի: Սրանք փաստերն են, ապա էլ ո՞վ վարձատրվի իմ աշխատանքի դիմաց:

Մանվել Գրիգորյանն ինչո՞վ է աջակցել ֆեդերացիային:

Մեզ տեղ է տվել, անվճար սենյակ Երեւանի Երկրապահ կամավորների շենքում: Մինչ օրս էլ այնտեղ ենք: Արամ Սարգսյանն եկավ, անձամբ ինձ ասաց՝ «միակ լավ բանն այստեղ դուք եք արել. խնդրում եմ մնացեք, մի գնացեք»: 

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ՀԹՖ ֆեյսբուքայն էջում հայտարարություն տարածեցիք, որ հրաժարվում եք Մանվել Գրիգորյանի՝ ֆեդերացիայի պատվավոր նախագահությունից: Նա այլեւս պատվավոր նապագահը չէ՞:

Մանվել Գրիգորյանը շարունակում է լինել ֆեդերացիայի պատվավոր նախագահը: Մեր հայտարարությունը նրա նախագահությունից հրաժարվելու մասին, հապճեպ, չմտածված քայլ էր: Ես տղաներին խնդրեցի հեռացնել այդ հայտարարությունը մեր էջից: Մենք դատավոր չենք: Վրեժ Խաչիկյանը փորձում է Մանվել Գրիգորյանի անունը խաղարկելով ինձ վարկաբեկել: Ասում է, թե ես գեներալի ընկերն եմ: Ոչ, ես Մանվել Գրիգորյանի ընկերը չեմ: Նա ընդամենը ֆեդերացիայի պատվավոր նախագահն է. հետո ի՞նչ, որ ճանաչում ենք, հետո ի՞նչ՝ ծնունդին հրավիրում է: Նա դեռ մնացել է պատվավոր նախագահ, մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի: Քանի դատը չի եղել, մենք իրավունք չունենք որեւէ մեկին մեղադրել: Ես հո Վրեժ Խաչիկյանը չե՞մ, բոլորին դատելով ման գամ: Այս ամենն անլուրջ է. բոլորը ծիծաղում են:   

Ի դեպ, Ձեր նիստերը, ժողովները պարբերաբար անցկացվել են Երկրապահի շենքում, ինչը եւս բողոքի ալիք է բարձրացրել շատերի մոտ:

Գեներալը մեզ տեղ է հատկացրել, մենք էլ այնտեղ ենք արել: Որպեսզի հավելյալ վճարներ չանեինք, պարբերաբար ժողովները, նիստերը այնտեղ ենք անցկացրել:

Նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահության նիստն ինչո՞ւ չկայացավ:

Մենք հրավիրել էինք նախագահության խորհրդի նիստ, որպեսզի նշանակեինք ֆեդերացիայի արտահերթ համաժողովը, որի օրակարգում լինելու է նոր նախագահի ընտրությունը: Գործող նախագահ Կարեն Գրիգորյանի լիազորություններն ավարտվել են եւ նա այլեւս չի ցանկանում շարունակել գլխավորել ֆեդերացիան: Մենք ունենք նոր թեկնածու. դեռ չենք բացահայտի մեր թեկնածուին, կընտրվի նախագահ, բոլորը կիմանան՝ թաեքվոնդոիստ է, գործարար: Վրեժ Խաչիկյանը հրավիրված չէր այս նիստին, բայց նա իր մարդկանցով եկել էր: Երեւի մտածում էր նախագահ ընտրեցինք, ինքն էլ մնաց դուրս: Բայց իրեն ուզում եմ տխրեցնել, որ մենք նախագահ չէինք ընտրելու, այլ օրն էինք որոշում: Նիստը գաղտնի չէր: Այս խորհրդի նիստ հետաձգեցինք, քանի որ Կարեն Գրիգորյանը չէր եկել: Շուտով նորը կհրավիրի:

Հ.Գ. Նոյեմբերի 3-ին հրավիրված նիստը չեղարկվեց այն բանից հետո, երբ շենքի առջեւ հավաքվեցին ֆեդերացիայի ղեկավարության եւ գործունեության դեմ բողոքող մի խումբ մարզիչներ, մարզիկներ՝ «Հրավանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանի գլխավորությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ