22:14 5 նոյեմբերի, 2018Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում կրքերը չեն հանդարտվում: Նոյեմբերի 4-ին լրացավ ֆեդերացիայի նախագահ Կարեն Գրիգորյանի լիազորությունները: Առաջիկայում սպասվում է նոր նախագահի ընտրություն: ՀԹՖ ղեկավար կազմը փորձում է իր թեկնածուին դարձնել նախագահ, իսկ ֆեդերացիայի դեմ բողոքողները, ի դեմս «Հրավանգ» ակումբի նախագահի Վրեժ Խաչիկյանի, պահանջում են արդար, բաց ընտրություն՝ հայկական թաեքվոնդոյի աշխարհի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է ՀԹՖ փոխնախագահ, ՀԹՖ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի հետ ստեղծված լարված իրավիճակի, ֆեդերացիային ուղղված մի շարք մեղադրանքների մասին:
Պարոն Ղահրամանյան, ֆեդերացիայի շուրջ արդեն տեւական ժամանակ կրքերը չեն հանդարտվում: Ի՞նչ է տեղի ունենում:
Ամեն ինչ շատ պարզ է՝ Վրեժ Խաչիկյանն ինտրիգներ է անում, խաղարկում Մանվել Գրիգորյանի անունը, որ դառնա Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ:
Զուտ աթոռակռի՞վ է:
Միանշանակ: Նա մեր հասցեին տարբեր մեղադրանքներ է հնչեցնում, ասում է, թե մենք գումարներ ենք «կերել», փաստաթղթեր է պահանջում... Ամեն ինչ զրպարտանք է եւ նպատակը մեկն է՝ վարկաբեկել մեզ եւ նստել ֆեդերացիայի նախագահի աթոռին: Նա սպորտի նախարարությանը դիմել էր մեր ֆեդերացիայում ուսումնասիրություններ, պետբյուջեի տրամադրած գումարների հաշվարկներ անել, թե որտեղ եւ ինչպես են ծախսվել: Նախարարությունն էլ եկավ, ուսումնասիրեց, ոչինչ չգտավ եւ գնաց: Այստեղ գումարներ յուրացնելու տարբերակ անգամ չկա, քանի որ ամեն ինչ հաշվառվում է, հաշվետվություն է ներկայացվում:
Բողոքներ կան, որ մրցաշարերի մարզիկներին տանում եք ծնողների միջոցներով եւ յուրացնում եք նաեւ այդ գումարները:
Նման բան չի կարող լինել: Այո, կան մրցաշարեր, որ մարզիկներին տարել ենք ծնողների միջոցներով: Մեր բյուջեն չի հերիքում: Հավաքվում ենք մարզիչներով, ուսումնասիրում ենք, օրինակ, որ մրցաշարի մեկնելու համար միայն 4 մարզիկի կարող է ֆեդերացիան տանել: Ընտրում ենք 4 լավագույնի՝ առաջնահերթությունը տալով այն թաեքվոնդոիստներին, ովքեր տարվա ընթացքում իրենց արդյունքներով նվաճել են այդ մրցաշարերին մասնակցելու իրավունքը:
Իսկ եթե ավել տեղ ունենք, բայց ֆինանսը չի բավարարում, այդ ժամանակ ծնողներն են ֆինանսավորում: Եթե ծնողը հնարավորություն ունի, կամ հովանավոր կա, չտանե՞նք մարզիկներին, փակե՞նք ճանապարհը:
Ի՞նչ կարգով են ընտրվում մրցաշարերի եւ առաջնությունների մասնակիցները: Մյուս կողմն ասում է, որ Հայաստանի չեմպիոնները չեն ընդգրկվում աշխարհի, Եվրոպայի առաջնություններ մեկնող հավաքականներում, այլ առաջնահերթությունը տրվում է ֆեդերադիայի ղեկավարության տակ գործող «Ար-Մար» ակումբի մարզիկներին:
Մենք չենք կարող նման բան անել, քանի որ սպորտի նախարարության հետ ամեն ինչ համաձայնեցված է: Հայաստանի ամեն առաջնությունից հետո հաղթողների ցանկը գնում է նախարարություն: Նախարարությունը ստուգում է անունները: Չենք կարող մենք որեւէ անօրինական գործարք կատարել: Հայաստանի չեմպիոններին անգամ չենք կարողանում տանել, ուր մնաց 2-րդ, 3-րդ տեղերին տանենք:
Մեկ անգամ է եղել նման դեպք, որ Հայաստանի առաջնությունը բաց թողած մարզիկը գնացել է աշխարհ. 59 կգ քաշային Ռոման Հայրապետովը 2017 Եվրոպայի երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց: Մարզումների ընթացքում ծնկի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց թողեց Հայաստանի առաջնությունը: Այնքան էի բարկացել մարզիչի վրա, էլ ասելու չի... քանի որ այդ երիտասարդը մեր հույսն է: Երիտասարդների աշխարհի առաջնությունից առաջ հավաք արեցինք, մարզչական խմբով հավաքվեցինք, հայտարարեցի՝ ով ուժեղ է, թող նա էլ մեկնի 59 կգ քաշում: Ինձ պետք է, որ ուժեղը գնա մրցման, կարեւոր չի՝ որ ակումբից է: Մարզիկը որեւէ մեկի սեփականությունը չի: Դա նորմալ տրամաբանություն է, որը չունեն Խաչիկյանն ու նրա համախոհները: Նրանք են իմ ու քոնն անում: Ընտրեցինք ուժեղին՝ այս պարագայում Հայրապետովն էր եւ նա գնաց աշխարհի առաջնության (Ռոման Հայրապետովը ներկայացնում է «Ար-Մար» ակումբը,- Լ.Շ.):
Ձեզ մեղադրում են նաեւ կազմակերպիչ երկրի կողմից ֆինանսավորվող մրցաշարերին մասնակցելու համար ծնողներից գումարներ հավաքելու եւ յուրացնելու մեջ:
Երբեք նման մրցաշարեր չեն եղել: Բացառվում է:
Խոսակցություններ են շրջանառվում նաեւ, որ ֆեդերացիան զբաղվել է անօրինական գործունեությամբ՝ մրցաշարերին մասնակցելու պատրվակով երկրի սահմաններից մարդ է հանել դուրս: Ի՞նչ մեկնաբանություն կտաք սրան:
Սա այն թեման է, որը ես ասել եմ՝ փակեք, հանկարծ չբացեք: Նման բան եղել է: Երբ ես 2006 թվականին եկա ֆեդերացիա, նման միջադեպ արդեն եղել էր: Ես հանձնարարել եմ փակել այս թեման, քանի որ չեմ ցանկանում որոշ մարդկանց անուններ տալ: Դա եղել է 2000-2006 թվականներին, բայց ես փաստերին չեմ տիրապետում: Հիմա նման բան չի կարող լինել. մարզիկները մատնահետքերով մտնում են, մատնահետքով դուրս գալիս դեսպանատներից: Ես ինչ եկել եմ ֆեդերացիա, այդ թեման ջնջել, գցել եմ: Բացառվող բաներ է, որ մեր ֆեդերացիայում այժմ այդպիսի անօրինականություններ լինեն: Դեռ ավելին, ես ինձ հետ մարդ եմ հետ բերել. հայրենադարձություն եմ արել:
Վրեժ Խաչիկյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում նշում է, որ շուրջ 3 ամիս գրավոր պահանջում է ֆեդերացիայի նախագահության անդամների, ֆեդերացիայի անդամների ցանկը, 2014թ. նոյեմբերի 4-ին տեղի ունեցած համաժողովի արձանագրությունը, բայց Դուք չեք ներկայացնում, քանի որ այդ փաստաթղթերն իրականում չկան: Ունե՞ք դրանք:
Մենք բոլոր այդ փաստաթղթերն ունենք:
Այդ դեպքում ինչո՞ւ չեք ներկայացնում:
Իսկ ինքն ուզե՞լ է... Վրեժ Խաչիկյանին հանելու ենք ֆեդերացիայից: Նա ֆեդերացիայի նախագահության անդամ է, բայց ֆեդերացիայի անդամ չէ: Նախագահության անդամից հանելու ենք նրան: Մենք դեռ 2006 թվականից որոշել ենք, որ ֆեդերացիայի անդամները անդամավճարներ չեն վճարելու, Վրեժ Խաչիկյանը գնում բողոքում է, որ դա անօրինական է, պետք է անդամավճարներ լինեն: Նրա ամեն քայլն անտրամաբանական է: Ես ունեմ բոլոր այդ փաստաթղթերը: Խաչիկյանն ուզում է 2014-ի համաժողովի արձանագրությունները. ամենը կա: Մասնակցել է 75 անդամ, բոլորն իրենց ստորագրություններով: Մենք հո երեխա չենք... լուրջ մարդիկ ենք: (Վարդան Ղահրամանյանը NEWS.am Sport-ի թղթակցին ներկայացրեց բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում եւ Վրեժ Խաչիկյանի կողմից պահանջվող փաստաթղթերը, բայց թույլ չտվեց դրանք լուսանկարել, պատճառաբանելով, որ դեռեւս հրապարակման ենթական չեն: Ըստ Ղահրամանյանի, ֆեդերացիան նյութեր է նախապատրաստում Վրեժ Խաչիկյանի դեմ զրպարտության համար հակընդեմ հայց ներկայացնելու եւ տվյալ փաստաթղթերը դեռեւս հրապարկելու կարիք չկա,- Լ.Շ.):
Որքա՞ն է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի տարեկան բյուջեն: Ինչպե՞ս եք ծախսում այդ գումարները, ո՞ր մրցաշարերի վրա:
2017 թվականին 18 մլն էր, այս տարի՝ 19 մլն: Դա ծախսվում է Հայաստանի առաջնության, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների վրա եւ ուսումնամարզական հավաքի: Ես հավելյալ ծախս չեմ կարող անել: Վրեժ Խաչիկյանը դա էլ չգիտի, որ մեր միջոցառումների բոլոր ծախսերը գրավոր կան: Նախարարությունն ամեն տարի աուդիտ է անցկացնում, բայց Վրեժ Խաչիկյանը բողոքել էր 2014-ին: Այժն նորից բողոքել է, բայց այս անգամ հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Եկան, ստուգեցին, բոլոր հրամանները հանեցին: Հրամանների մեջ գրված է՝ այս-ինչ մարզիկը հովանավորի հաշվին է գնում մրցաշարի, մնացածը՝ պետության հաշվին: Մեր հրամաններով ներկայացված գումարները գումարում են իրար եւ տեսնում են, որ ստանում են այն նույն թիվը, որը ես նախապես հրամանով ներկայացրել էի նախարարությանը: Ես էլ որտե՞ղ գումար «կերա»: Մարզիկը գնում գալիս է, իր իսկ ձեռքով գնած տոմսը գցում է, կամ կորցնում է, գալիս է ինձ ասում է՝ ինձանից գումար եք վերցրել մրցման տանելու համար:
Վրեժ Խաչիկյանը «կեխտ» է ման գալիս, բայց չի գտնում, չի գտնելու: Էս 10 տարի է՝ որտեղ նստում է, ասում է՝ ես Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահն եմ: Քանի անգամ եմ վզից բռնել, բերել ասել՝ այ տղա, դու հո խայտառակ չե՞ս. նախագահ կա, ես որ փոխնախագահն եմ, այդպիսի հայտարարություններ ինձ թույլ չեմ տալիս:
Դուք մի քանի պաշտոններ եք զբաղեցնում ֆեդերացիայում. ՀԹՖ փոխնախագահ, ֆինանսական գծով գործադիր տնօրեն: Ինչպե՞ս է ստացվել:
Երբ 2006 թվականին ինձ նշանակեցին գործադիր տնօրեն, դրսում որ ասում էի պաշտոնս, եվրոպացիները չէին հասկանում: Այ մարդ, ասեցի՝ ավելի լավ է փոխնախագահ լինեմ, որ դրսում հասկանալի լինի: Այդպես ընտրեցին ինձ փոխնախագահ: Բայց ասացին, որ միեւնույն է՝ ֆինանսական գծով գործադիր տնօրենի պարտականությունները բոլորն իմ վրա է: Իսկ փոխանագահի պաշտոնը դրսի համար է: Ոչ վարձատրվում եմ դրա համար, ոչ էլ առավելություններ ունեմ: Միակ լիազորությունս այն է, որ ֆեդերացիայի նախագահի բացակայության ժամանակ լիազորված եմ օգտագործել ֆեդերացիայի կնիքը: Կարեն Գրիգորյանն ինձ օրինական լիազորել է: Այս ամենից բացի, ես թաեքվոնդոյի Եվրոպական միության արդար խաղի եւ էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալն եմ: Եթե ես մասնագետ չլինեի, ինձ տեղակալ չէին նշանակի: Սրանք ի՞նչ են ուզում ինձանից:
Դուք նաեւ հավաքականի երկրորդ մարզիչն եք, ինչի համար յուրաքանչյուր ամիս ստանում եք 140 հազար դրամ անվանական կրթաթոշակ: Ճի՞շտ է եւ ինչի ՞համար է Ձեզ նշանակվել այդ գումարը:
Այո: Ես եմ երկրորդ մարզիչը եւ նախարարության հրամանով վարձատրվում եմ:
2008-ից սկսվեց ամեն ինչ: Իրանում, երբ մեր թիմը պարտվում էր, գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի հետ գլուխներս բռնած նստած էինք: Ասում եմ՝ ինչ պետք է անենք, ասաց մեզ մարզիչ է պետք: Դու կլինես երկրորդ մարզիչը: Ես թիմի հետ միշտ եղել եմ հավաքների՝ մարզադահլիճներում: Նկարների արխիվ ունեմ: Հրաման էլ կա. այնպես չի, որ ես ինքս եմ ինձ նշանակել երկրորդ մարզիչ: Բա ո՞վ վարձատրվի, եթե ես եմ թիմի հետ աշխատում, տանջվում, գնում-գալիս:
Բայց ասում են՝ Դուք մարզիկներ չունեք, երբեք չեք մասնակցել թիմի մարզումներին:
Հավաքականի մարզիչներն անձնական սաներ չեն ունենում, նրանք մարզում են միայն թիմերին՝ երբ հավաքներ են, թիմերը պատրաստվում են կարեւոր մրցաշարերի: Սա տրամաբանություն է: 2008-ին 5 անգամ հավաքականների հետ գնացել եմ Իրան, հետ եմ եկել. մի թիմը տանում էի, բերում էի, մեկ այլ թիմ էի տանում: Ավտոբուսով այնքան էի գնացել եկել, փողոցում ուղիղ չէի կարողանում քայլել, ճոճվում էի: Սրանք փաստերն են, ապա էլ ո՞վ վարձատրվի իմ աշխատանքի դիմաց:
Մանվել Գրիգորյանն ինչո՞վ է աջակցել ֆեդերացիային:
Մեզ տեղ է տվել, անվճար սենյակ Երեւանի Երկրապահ կամավորների շենքում: Մինչ օրս էլ այնտեղ ենք: Արամ Սարգսյանն եկավ, անձամբ ինձ ասաց՝ «միակ լավ բանն այստեղ դուք եք արել. խնդրում եմ մնացեք, մի գնացեք»:
Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ՀԹՖ ֆեյսբուքայն էջում հայտարարություն տարածեցիք, որ հրաժարվում եք Մանվել Գրիգորյանի՝ ֆեդերացիայի պատվավոր նախագահությունից: Նա այլեւս պատվավոր նապագահը չէ՞:
Մանվել Գրիգորյանը շարունակում է լինել ֆեդերացիայի պատվավոր նախագահը: Մեր հայտարարությունը նրա նախագահությունից հրաժարվելու մասին, հապճեպ, չմտածված քայլ էր: Ես տղաներին խնդրեցի հեռացնել այդ հայտարարությունը մեր էջից: Մենք դատավոր չենք: Վրեժ Խաչիկյանը փորձում է Մանվել Գրիգորյանի անունը խաղարկելով ինձ վարկաբեկել: Ասում է, թե ես գեներալի ընկերն եմ: Ոչ, ես Մանվել Գրիգորյանի ընկերը չեմ: Նա ընդամենը ֆեդերացիայի պատվավոր նախագահն է. հետո ի՞նչ, որ ճանաչում ենք, հետո ի՞նչ՝ ծնունդին հրավիրում է: Նա դեռ մնացել է պատվավոր նախագահ, մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի: Քանի դատը չի եղել, մենք իրավունք չունենք որեւէ մեկին մեղադրել: Ես հո Վրեժ Խաչիկյանը չե՞մ, բոլորին դատելով ման գամ: Այս ամենն անլուրջ է. բոլորը ծիծաղում են:
Ի դեպ, Ձեր նիստերը, ժողովները պարբերաբար անցկացվել են Երկրապահի շենքում, ինչը եւս բողոքի ալիք է բարձրացրել շատերի մոտ:
Գեներալը մեզ տեղ է հատկացրել, մենք էլ այնտեղ ենք արել: Որպեսզի հավելյալ վճարներ չանեինք, պարբերաբար ժողովները, նիստերը այնտեղ ենք անցկացրել:
Նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահության նիստն ինչո՞ւ չկայացավ:
Մենք հրավիրել էինք նախագահության խորհրդի նիստ, որպեսզի նշանակեինք ֆեդերացիայի արտահերթ համաժողովը, որի օրակարգում լինելու է նոր նախագահի ընտրությունը: Գործող նախագահ Կարեն Գրիգորյանի լիազորություններն ավարտվել են եւ նա այլեւս չի ցանկանում շարունակել գլխավորել ֆեդերացիան: Մենք ունենք նոր թեկնածու. դեռ չենք բացահայտի մեր թեկնածուին, կընտրվի նախագահ, բոլորը կիմանան՝ թաեքվոնդոիստ է, գործարար: Վրեժ Խաչիկյանը հրավիրված չէր այս նիստին, բայց նա իր մարդկանցով եկել էր: Երեւի մտածում էր նախագահ ընտրեցինք, ինքն էլ մնաց դուրս: Բայց իրեն ուզում եմ տխրեցնել, որ մենք նախագահ չէինք ընտրելու, այլ օրն էինք որոշում: Նիստը գաղտնի չէր: Այս խորհրդի նիստ հետաձգեցինք, քանի որ Կարեն Գրիգորյանը չէր եկել: Շուտով նորը կհրավիրի:
Հ.Գ. Նոյեմբերի 3-ին հրավիրված նիստը չեղարկվեց այն բանից հետո, երբ շենքի առջեւ հավաքվեցին ֆեդերացիայի ղեկավարության եւ գործունեության դեմ բողոքող մի խումբ մարզիչներ, մարզիկներ՝ «Հրավանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանի գլխավորությամբ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.