17:41  ,  5 նոյեմբերի, 2018

ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը ձախողվեց

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականից առաջինը պայքարը սկսեց Անդրանիկ Կարապետյանը: 81 կգ քաշային կարգում հայ մարզիկը պոկում վարժությունում պատվիրեց 171 կգ եւ երեք փորձերն էլ ձախողեց՝ դուրս մնալով պայքարից:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Լեհաստանում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 369 (176+193) կգ արդյունքով նվաճել էր ոսկե մեդալ:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ էր մտել Իզաբելա Յայլյանը (59 կգ), որը գրավել էր 9-րդ տեղը: Երկամարտում հայ մարզուհին գրանցել էր 210 կգ (95+115) արդյունք:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Լիանա Գյուրջյանը (71 կգ) Տաթեւ Հակոբյանը (81 կգ), եւ Արփինե Դալալյանը (+ 87 կգ)

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Աշգաբադ են մեկնել նաեւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում